Հայկական կենսատարածքի կրճատումը բերեց փախստականների նոր ալիքի. շուրջ 150 հազար արցախցի այսօր անտուն է, քշված իր հողերից ու երկրից:
Փախստականների նախորդ ալիքը չկանխեց նոր ալիքի առաջ գալը:
Փախստականների նախորդ ալիքը «գլխացավ էր» հայկական իշխանությունների ու դրանց շուրջը ծլած-ծաղկած գրանտային հանրության համար, փախստականության պրոբլեմները պարարտ հող էին փարթամացող կոռուպցիայի համար թե Երևանում, թե Ստեփանակերտում: Հիմա նոր ալիք է, և պատկերը կրկնվում է` առնվազն 2020-ից:
Փախստականության ինքնակազմակերպման ամեն քայլ անպաշտպան էր, ինքնաբուխ ու աջակցությունից դուրս: 2012-ի սեպտեմբերին անհանգստացել ու Բաքվից զանգել էին Բաղրամյան 26, հասկանալու թե փախստականները ի՞նչ քաղաք են կառուցում Հակարի գետի ափերին: Բաղրամյան 26-ից հանգստացրել էին կոլեգաներին, թե կխոսեն-կխոսեն, կհանգստանան: Խոսեցինք-խոսեցինք, չհանգստացանք ու շարունակեցինք խոսել, բայց քաղաքը չկառուցվեց: Չկառուցվեց, քանի որ չկար այդ գաղափարի ռազմավարական նշանակության պետական քաղաքական ընկալումը, քաղաքը չկառուցվեց, քանի որ չկար Միացումի` հայ պոպուլյացիայի համար էկզիստենցիալ – գոյութենական նշանակության արժեվորումը, չկար սեփական արեալի` կենսատարածքի Աստվածատուր գնահատականը:
Չկառուցվեց, քանի որ Երկրի գոյութենական ղեկը արդեն 1991-ից արտաքին ուժերի ծրագրերը իրողություն դարձնող հայրենադավ, շահամոլ սատելիտների ձեռքում էր, որ տարան Երկիրը դեպի հիմնահատակ կողոպուտ և ավերում: Քարոզվում ու ներարկվում էր սեփական կենսատարածքը թիզ առ թիզ թուրքին տալու մոլուցքը, թուրքի առաջ թույլ ու անճար երևալու հարճային հոգեբանությունը, փորձում էին ներշնչել, որ Արցախը ապենդիքս է, հող պաշտպանողը` հողակեր ու ոչմիթիզական:
Որքան հոգեբանական ընդվզումը ամրանում էր, նույնքան բազմազան ու բազմաթիվ էին դառնում ավերիչ ծրագրի ենթամասերը, ու «փողը ամեն տեղ լույս է տալիս» կամ «հայրենիքը ընդամենը զգայական ընկալում է» թեզերը դարձան երեսունամյա իշխանական սատելիտների հիմնական ուղենիշ ու պարտադրվող արժեհամակարգ, երբ Երկրի վիճակը որքան վատանում էր, այնքան իրավիճակը փողաբեր էր դրանց համար:
Փախստականների ինքնակազմակերպման ամեն քայլ կասկածի տակ է դրվել, հետ մղվել, փորձել են խեղել որևէ առաջընթաց, կասեցնել ու մարել:
Այսօր արդեն պետական քաղաքականության բացակայության անկեղծ բարձրաձայնումը գալիս է ամրագրելու ցեղասպան թուրքի առաջխաղացումն ու հայության կենսատարածքի կրճատումը, այնպես, ինչպես դա արվել էր հերթական անգամ դեռևս 2012-ի սեպտեմբերին:
Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների ճակատագիրը, նրանց կյանքը, հոգսերն ու ապագա պաշտպանվածությունը շրջանցվել է այնպես, որ չարծարծվի ցեղասպանության շարունակական ընթացքը: Լռության մատնվեց Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան, ապա և սաֆարովը, Նախիջևանի խաչքարերի սպանդը, Ավետիսյանների ընտանիքի ոչնչացումը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին ու Բաքվի հայերի ցեղասպանության 25 ամյա տարելիցի օրերին:
Լուռ էր ցեղասպանվող հայությունը, այն ժողովուրդը, ով 1991 թվականից կասեցրել էր ԼՂԻՄ-ի հայության դեմ 88-ի Սումգայիթից սրընթաց շարժվող ցեղասպանությունը:
Լուռ էր հայությունը, քանի որ հայրենադավ, շահամոլ սատելիտները իրենց թրքահաճ աղաղակով հասցնում էին խեղդել հայության ընդվզումը:
Արցախի շրջափակումը Հակարի կամրջով, ապա և ամբողջական մեկուսացումը այդ լռության արգասիք էր: Արցախցիներին սովի մատնելու և հյուծման տարած տաս ամիսները այդ լռության արձագանքն էր:
Այսօր էլ լռություն է, չկան հարցադրումներ, բայց հարցերը բազում են. ո՞վ կամ ովքե՞ր էին պարտավոր հետպատերազմյան սպառնալից շրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը` տրանսպորտային, սննդային, կապը Հակարի կամրջի միջով: Ովքե՞ր էին ապահովում հայության անվտանգությունը “խաղաղապահի” խարդավանքներից, չէ՞ որ “խաղաղապահի” հակահայ դերակատարմանը գնահատական տրվել է արդեն 2020-ի դեկտեմբերին: Ինչպե՞ս և ինչո՞ւ եղավ “բենզինի պայթյուն”, ու անասելի զոհեր, ո՞վ կամ ովքե՞ր էին պարտավոր անվտանգային հարցերը ապահովել: Չկան քննարկումներ, չկա հետաքննություն, չկան պատճառներ:
Եվ մի վերջին հարց, թե ինչպես է, որ տարածքային ամբողջականության սկզբունքների ջատագով կրեմլի իմպերիան համառորեն իր զորքերը պահում է ցեղասպանի կողմից ռազմակալված Արցախի Հանրապետության տարածքներում: Մի՞թե ակնհայտ չէ, որ սա Արցախ հայերի վերադարձը արգելափակող իրավիճակ է, ու արցախահայի վերադարձը հնարավոր է միայն, երբ Արցախից հեռանան օկուպացիոն ուժերը` ռուսական թե ադրբեջանական, փոխարենը այստեղ լինեն միջազգային, խաղաղապահի մանդատը կրող ուժերը: Ովքե՞ր են այս հարցերը բարձրացնելու, արդյո՞ք, Արցախի Հանրապետության գործող նախագահը, ԱԺ-ն ու կառավարությունը, թե՞ Արցախի Հանրապետության լուծարումը իրողություն է:
Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Հատուկ Step1.am-ի համար
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: