Ռուս պաշտոնյաները մի անգամ չէ որ կասկածել են Հայաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։ Ավելին, Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի տարածքը, իսկ Արցախը 2020 թվականից անվանում է «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր վերջին ասուլիսում ասաց, որ Մոսկվան Հայաստանին օգնության չեկավ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի վրա հարձակման ժամանակ՝ դաշնակցային պարտավորությունների չկատարումը հիմնավորելով նրանով, որ Հայաստանը իբր ճանաչված սահմաններ չունի։ Այս խնդիրը «լուծելու» համար, ըստ Միրզոյանի, Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և հայտարարել, որ Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, և այն որոշված է Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Մոսկվան էլի չեկավ օգնության, բայց դրանից հետո Փաշինյանը անցավ Հայաստանի տարածքները Ռուսաստանի և Թուրքիայի որոշված սահմաններով սահմանափակելու կատաղի քաղաքականության՝ արգելելով հիշատակել Արարատը, Արցախը (վայ, կներեք, Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանի մամուլի քարտուղարը), Նախիջևանը և մնացյալ հայոց բնօրրանը։
Մինչդեռ բառացիորեն 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը ասել էր. «Սևրի պայմանագրի շնորհիվ Հայկական հարցն արդարացի լուծում ստացավ հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետության ստեղծմամբ։ Պատմական արդարությունը վերականգնվեց»։
«Պատմական արդարությունը» վերաբերում է առաջին հերթին Թուրքիայի, Արցախի և Նախիջևանի հետ սահմաններին։ Արդեն 2022 թվականին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Չավուշօղլուն ասել էր, որ եկել է ժամանակը ևս մեկ անգամ սահմանազատելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Անկարան բազմիցս զգուշացրել է Հայաստանին չհիշատակել Սեւրի պայմանագիրը։
Վերջերս Փաշինյանը հայտարարեց «նոր» Սահմանադրության անհրաժեշտության մասին, որի խնդիրն, ըստ երևույթին, պետք է լինի առանց «պատմական արդարության» եւ բնօրրանի սահմանների հաստատումը կամ ընդանրապես սահմաններից հրաժարումը։ Խաչմերուկը ո՞ւր, սահմաննե՞րը ուր։
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարություններից անմիջապես հետո Մոսկվան սկսեց խոսել «Հայաստանի պարտության մասին»։
Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան անհամբեր սպասում է, որ Հայաստանը վերջնական պարտություն կրի և վերջնականապես կորցնի պետականությունը, ինչին, Մոսկվայի կարծիքով, արժանի չեն իր գաղութները։ Անգղներն արդեն պատրաստ են. Պուտինը, որը ԽՍՀՄ փլուզումն անվանեց «20-րդ դարի ամենամեծ աղետը», կիրականացնի ռեւանշը Էրդողանի օգնությամբ, ով վերջերս հայտարարեց, որ Թուրքիան «իրավասու է» ներկա լինել Հարավային Կովկասում և Բալկաններում։