Միջազգային երաշխիքներ ու ապահով պայմաններ պետք է լինեն, որպեսզի արցախահայությունը կարողանա վերադառնալ իր հայրենիք

  • 18:31 30.01.2024

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը, ի պաշտպանություն Արցախի Հանրապետությանը, միջոցառումներ է անցկացրել նաեւ Կիպրոսում։ Step1.am-ը զրուցել է կիպրահայ համայնքի երեսփոխանական ժողովի ատենապետ, «Եվրոպացիաները՝ հանուն Արցախի» նախաձեռնության Կիպրոսի ներկայացուցիչ Վահան Այնէճեանի հետ։

-Պարո՛ն Այնէճեան, ի՞նչ ուղերձ ունեն այս միջոցառումները։

-Անցյալ տարվա հուլիսից արդեն սկսվել էին կազմակերպչական աշխատանքները, առաջին ցույցերը տեղի ունեցան սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին։ Հունվարի 27-ի եւ 28-ին Եվրոպայի 53 քաղաքներում տեղի ունեցան ցույցեր։ Անշուշտ, ցույցերից զատ ուրիշ աշխատանք էլ է տարվում։ Օրինակ՝ Եվրախորհրդարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ խորհրդաժողով, ստորագրահավաք անցկացվեց, որին մասնակցեցին ավելի քան 500 հայկական ու եվրոպայի տարածքում գործող այլ կազմակերպություններ։ Ստորագրել են հուշագրի տակ, որը հասցվել է Եվրամիության բարձրագույն մարմիններին։ Եվ նույն հուշագիրը հասցվել է նաեւ այն երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, որտեղ ներկայացուցիչներ ունի մեր շարժումը։

Արցախի հարցը միշտ եղել է Սփյուռքի կազմակերպությունների օրակարգում։ 1988 թվականից առաջ էլ, երբ մենք Հայ Դատի մասին էինք խոսում, խոսում էինք Ցեղասպանության ճանաչման եւ հայկական բոլոր հողերի վերադարձի մասին։ Իսկ 1988 թվականին Սփյուռքի կազմակերպությունները բոլորը զորավիգ են եղել Արցախի խնդրին։ Նաեւ իրենց բարոյական ու նյութական աջակցությունն են ցուցաբերել այն ծրագրերին, որոնք ուղղված են եղել դեպի Արցախ։

2020 թվականի պատերազմից հետո թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցություն է ցուցաբերվել Արցախին։ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման շրջանակներում այսօր 15 երկրներում ունենք ներկայացուցիչներ, որոնք համայնքը ներկայացնող մարմինների նախագահներն են, եւ առաջին հերթին Բրյուսելում հանդիպեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի օգնականների հետ։ Այդ շրջանում դեռ ամբողջովին հայաթափված չէր Արցախը, բայց մենք պահանջեցինք շրջափակման դադարեցում եւ պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ։ Անշուշտ, միջազգային համայնքը որեւէ անդրադարձ չունեցավ այս պահանջներին, տեղի ունեցան սեպտեմբերի 19-20-ի դեպքերը, եւ ներկայում Արցախը հայաթափված է: Մենք շարունակում ենք այս աշխատանքները եւ կշարուկենք՝ մինչեւ արցախահայության իրավունքների վերջնական հաստատումը։ Այսինքն՝ մինչեւ բոլոր արցախցիների վերադարձ եւ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակում։

-Արցախցիների վերադարձի համար ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն։

-Միջազգային երաշխիքներ ու ապահով պայմաններ պետք է լինեն, որպեսզի արցախահայությունը կարողանա վերադառնալ իր հայրենիք։ Դա հավանաբար պետք  է տեղի ունենա բանակցությունների միջոցով։ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումը հավատում է, որ այդ պայմանները պետք է ստեղծվեն։ Եվ քանի որ Եվրամիությունը բանակցային գործընթացնում նախաձեռնություն է ցուցաբերել, մենք էլ՝ որպես եվրոպացիներ, այդ ճնշումն ենք բանեցնում բարձրագույն մարմինների վրա, որպեսզի նկատի ունենան, թե ինչ են ասում եվրոպահայերն այս ուղղությամբ։ Արցախի Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունները հայտարարել են, որ արցախցիները չեն կարող ապրել ազերիների լծի տակ։ Արցախահայությունը պետք է կարողանա ապահով ապրել եւ ունենալ ինքնակառավարման իրավունք։ Այս ամենը եվրոպական հարթակներում բանակցությունների ժամանակ կարող են բարձրաձայնել։

-Սփյուռքը ի՞նչ աշխատանք կարող է իրականացնել Արցախի պետական մարմինների պահպանության համար։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ֆինանսավորել Արցախի պետական ինստիտուտների հետագա գործունեությունը։

-Ես չեմ կարող Սփյուռքի անունից այս հարցին պատասխանել, սակայն մինչեւ հիմա մեր հայտարարություններն այն մասին են, որ սատարում ենք Արցախի իշխանությանը, որը ներկայում գտնվում է Հայաստանում։ Եվ հակառակը՝ երբ հունվարի 27-ին եւ 28-ին ցույցեր էին տեղի ունենում Եվրոպայում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական կուսակցությունները հայտարարություն արեցին այս բոլոր աշխատանքներին զորավիգ կանգնելու մասին եւ երախտագիտություն հայտնեցին։ Այսինքն՝ կարծում եմ, որ երկկողմանի գործակցություն կա։

Մենք միշտ զորավիգ ենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներին եւ ներկայում էլ պատրաստ ենք օգտակար լինել Արցախի իշխանությանը։ Մեր կողմից ավելին քան  պատրաստակամություն կա։ Մեր քայլերն ու նախաձեռնություններն այդ մասին են փաստում։ Վերջին 7 ամիսների ընթացքում այս շարժման ստեղծումը փաստում է դա․ շարժման աշխատանքն ու պայքարն ի նպաստ Արցախի է։

f