Արցախի դեմ ցեղասպանության ընթացքը կկասեցվի այն պահին, երբ կվերականգնվի Արցախն իր ինքնորոշման սահմաններում՝ ռասիստական Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս:
Միջազգային հանրությունն ընդունել է Արցախին իր ինքնորոշման սահմաններում և Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս՝ Մինսկի խմբի ձևավորման առաջին պահից: Միջազգային հանրությունն ընկալել է հայության Միացման մղումը և լուռ սատարել, քանի որ ակնհայտ դա էր հայության համար ցեղասպանության զսպման միակ հենարանը:
Եվ փոխանակ հայությունն այսօր միջազգային հանրությանը դեմ տա Արցախի դեմ ցեղասպանության կասեցման իր կամքն ու բռնացումը, ցեղասպանություն վարող Ադրբեջանն է թելադրում Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարցերը:
Հայաստանի Հանրապետությանը դեմ է տվել սահմանազատում-սահմանագծումը՝ դաշնակից Ռուսիայի ու Թուրքիայի հովանավորությամբ: Դե տեղին էր Երևանում ռուսական դեսպանատանը հայ մասնագետի հարցը. «Թե որ սահման չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա ի՞նչ սահմանի վրա է կանգնած ռուսական սահմանապահը ՀՀ տարածքում»:
Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ գլխահակ, զբաղված է ցեղասպանի պարտադրված օրակարգային հարցերի իրականացմամբ:
Որևէ սահմանազատում-սահմանագծում հետ չի պահի ռասիստական Բաքվին Հայաստանի դեմ ագրեսիայից:
Ռուսիան հայտարարեց, թե ինքը խաղաղապահի անվան տակ կպահի իր զորքերը Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ հայ բնակչությունը չի վերադարձել: Ռուսիան ցինիկաբար շրջանցում է այն փաստը, որ իր օկուպացիոն ներկայությամբ էր պայմանավորված Արցախի հայության ինքնապաշտպանական համակարգի ջախջախումն ու վերացումը, Արցախի բացարձակ հայաթափումը. դա էր Ռուսիայի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ երեսուն տարիներ տարված հյուծման քաղաքականության արգասիքը:
Ռուսիան այսօր ռազմակալված Արցախում պահպանում է ցեղասպան Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ վերահաստատելով 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության դրվագների իր հեղինակային իրավունքը. Մոսկովյան ու Կարսի պայմանագրեր, 1921 թվի հուլիսի 5:
Հայության կողմից մոսկովյան և Կարսի պայմանագրերի, նաև 1921 թվի հուլիսի 5-ի լուռ շրջանցումը հետ չի պահի ցեղասպանության գործիք Բաքվին՝ Հայաստանի դեմ ագրեսիայից:
Ցեղասպան Բաքուն լոյալ է, որ այդ նույն Ռուսիայի օկուպացիոն զորքերը կանգնած են դրա «ամբողջականացված տարածքներում», փոխարենը ակնկալում է Հայաստանի Հանրապետության վերջնական կապիտուլյացիան՝ տարածքների ռազմակալում ու հայության ցեղասպանության մի նոր ու վերջին դրվագ: Հենց այդ սցենարն է մշակված 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթի մեջ: Դա միակողմանի գործում է ընդդեմ հայության, նպատակն է՝ ցեղասպանության առաջխաղացումը զսպող հայության մխրճումը նոր վտանգավոր ժամանակահատված ու հայության կենսատարածքի վերջնական ջնջում:
Հայությունը 1918-1992 թթ կորցրել է Գարդման-Ուտիքի, Նախիջևանի, Շիրվանի իր կենսատարածքները, ապա և սպառնալիքի տակ է փոքրիկ Արցախը:
Հայության կենսատարածքի կորուստը նշանակում է որպես ժողովրդի վերացում. սա է հարյուր քսան տարի հայությանը հետապնդող Ռուսիայի քաղաքականության վերջնանպատակը: Ու Ռուսիան այսօր, կարծես, ավելի քան մոտ է իր այդ ծրագրի իրականացմանը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթին հլու ենթարկվելն ու հավատարմությունը հետ չի պահի ռուս-թուրքական տանդեմի հավելում Բաքվին՝ Հայաստանի դեմ ագրեսիայից:
ՀՀ Սահմանադրության վերանայումը կամ նոր սահմանադրության մշակման հարցը ցեղասպան Բաքվի առաջ քաշած օրակարգային հարցն է, երբ ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը հայությանը իր կենսատարածքի վրա նսեմացնելու, ահաբեկելու, ինքնության արժեքները կասկածի տակ դնելու, ապագային միտված խորհրդանիշները ջնջելու ու խմբագրելու, պաշտպանունակությունը կասկածի տակ դնելու նպատակով է հենց հիմա դեմ տվել:
Նոր Սահմանադրությունը կամ դրա վերափոխումը ու հարակից թրքահաճ բոլոր փոփոխությունները խթանելու են ռուս-թուրքական տանդեմի՝ հայությանը ոչնչացնելու դարավոր ծրագիրը:
Հայության գոյատևման ներուժը դիմադրողական համակարգի վերագտնման մեջ է, հայության ինքնության պաշտպանության մեջ: Այսօր այդ համակարգի որոշիչ բաղադրիչը հայության ինքնության հենարան Արցախն է:
Հայության ու Հայաստանի Հանրապետության համար օրակարգային հարց է մնում ցեղասպանության կասեցումն ու գոյատևման ապահովումը, իսկ այսօր ցեղասպանության սպառնալիքը անթաքույց տեղավորված է Արցախում: Արցախի դեմ ցեղասպանության ընթացքի կասեցումը այսօր առաջնային և որոշիչ է մնում հայության՝ որպես ժողովրդի, գոյատևման համար:
Միջազգային հանրությունն ընդունել է Արցախին իր ինքնորոշման սահմաններում և Ադրբեջանի վերահսկողությունից ու սահմաններից դուրս՝ Մինսկի խմբի ձևավորման առաջին իսկ պահից: Հայության համար ցեղասպանության զսպման միակ հենարանը մնում է Արցախի ինքնորոշման պաշտպանությունը:
Հայությունը կարիք ունի բռնցքվելու և ընդվզելու, նրա խռովքը կրկին կուտակվել ու ժայթքելու ձիրք ունի այսօր Արցախի՝ հայկական ինքնության մատույցներում:
Հատուկ Step1.am-ի համար՝ Մարիամ Ավագյան