Դաս թրքամետ Փաշինյանի ռեժիմի քարոզիչներին իռլանդացիների կողմից

  • 21:39 03.02.2024

Ըստ Փաշինյանի քարոզիչների թեզերի՝ ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ այնտեղից հեռացնելով տարածքային իրավունքների մասին տեղ գտած որոշակի դրույթները։ Նրանք դա անվանում են «տարածքային պահանջ»։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, առավել ևս ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան, առնվազն մոտակա տարիներին իրատեսական չէ և այնպիսի կեղծ հույսեր են քարոզում, որոնք բնականաբար ոչ միայն կյանքի չեն կոչվելու, այլև Արևմուտքի նկատմամբ հիասթափություն են սերմանելու հայ հասարակության մեջ։

Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը պետք է կայանա արևմտյան երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։ Հատկապես կարևոր է հարաբերությունների սերտացումը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների համար  գոյություն ունի հատուկ կարգավիճակ, այն է՝ «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United Sates), որը Ազգային-Ժողովրդավարական Բևեռի կարևորագույն ծրագրային կետերից է։

Վերադառնանք փաշինյանական քարոզիչների մանիպուլյացիաներին և ասենք, որ այդ թեզերի անհիմն լինելու բազում օրինակներ կան, ահավասիկ դրանցից մի քանիսը. ՆԱՏՕ  անդամ Խորվաթիայի Սահմանադրության նախաբանը, որը սահմանում է խորվաթ ժողովրդի պատմական իրավահաջորդությունը և տալիս է իրավաքաղաքական գնահատական։

ԵՄ անդամ Իռլանդիայի օրինակը ևս խոսուն է. Իռլանդիայի Սահմանադրության 2-րդ հոդվածը, որում երկրի ողջ տարածքը Հյուսիսային Իռլանդիայի հետ միասին նշվում է որպես Իռլանդիայի ինքնիշխան տարածք։

Մեջբերենք Իռլանդիայի Սահմանադրությունից Հոդված 2-ը. «Ժողովրդին պատկանող տարածքը բաղկացած է ամբողջ Իռլանդիայի կղզուց, նրան հարակից կղզիներից և տարածքային ծովից»։

Սա դաս է խորվաթների և իռլանդացիների կողմից թրքամետ Փաշինյանի ռեժիմին ծառայող էժանագին քարոզիչներին։

Իռլանդացիները փաստացի «տարածքային պահանջ» ունեն Մեծ Բրիտանիայի նկատմամբ, սակայն անվտանգության խնդիր չունեն։ Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը Մեծ Բրիտանիա չեն, բայց Իռլանդիայի անվտանգությունը առաջին հերթին գալիս է նրանից, որ իռլանդացիները պաշտպանում են իրենց ազգային-պետական շահերը քաղաքական և իրավական դաշտում։


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
f