Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանը։
Այս մասին հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։ Ցավակցում ենք Գագիկ Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։
1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։
Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում, զբաղվել բանահավաքչական գործունեությամբ, հիմնադրել և ղեկավար «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Մի ամիս առաջ Step1.am-ին տված հարցազրույցում նա խոսում էր ռեւանշի մասին։
“Մենք պետք է ավելի շատ հետեւենք այն մարդկանց, ովքեր հավերժական են։ Իսկ Գարեգին Նժդեհն ասում էր, որ չի կարող խաղաղություն լինել, երբ արդարությունը վերականգնված չէ, եւ խաղաղությունը չեն մուրում։ Այն ինչ կատարվում է այսօր, կարծում եմ, հիվանդագին խաղաղապաշտություն է։ Այն հորդորը, որ այսպես է դասավորվել, այսպես պետք է լինի, Նժդեհը դրան պատասխանում է, որ քծնանք է թույլի ներումը։ Երբ նրանց զինվորը մեր հողի վրա է, եւ մեր հայրենիքը բռնազավթված է, չի կարելի խաղաղության կոչեր անել, քանի դեռ նրանք չեն տվել հավաստիացումներ, որ գոնե ՀՀ տարածքը պետք է ազատագրվի իրենց ներկայությունից։ Ի՞նչ է ընդհանրապես պետությունը եւ իշխանությունը։ Պետությունը երկրի սահմաններն անվտանգ պահելու գործիքակազմ ունի, որը պարտավոր է անել։ Եվ առաջին երդումը, որը տալիս է երկրի իշխանավորը կամ ղեկավարը, այն մասին է, որ երկրի սահմաններն անխախտ է պահելու։ Եթե մենք սա չենք դնում խաղաղության հիմքում եւ ասում ենք՝ խաղաղություն ամեն պարագայում, այդպիսի խաղաղություն չի լինում։ Ուղղակի պետք է ուսումնասիրել պատմությունը եւ հասկանալ, որ այդպիսի խաղաղություն չի լինում։ Թույլի ներումը քծնանք է, եւ Նժդեհը չմիացավ այդ ներելու խոսքերին, որովհետեւ ինքն ասում էր՝ ես թույլ չեմ։ Ասում էր՝ այո՛, հայությունը պետք է ների թրքությանը, բայց նախ նրան ծնկի բերելուց հետո։ Այսինքն՝ թուրքին ներել ես ուզում, հաղթիր նրան”։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: