Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալմաթիի հռչակագրի վերապահումների հարցին։
«Անընդհատ ինձ հարց եք տվել՝ բա վավերացման ժամանակ վերապահումներին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն, երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուց հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն։ Եվ, հետեւաբար, 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրն այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ եւ աներկբա արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, ձեր ասած խոչընդոտը չկա»,- հայտարարեց Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պաշտոնապես անդամակցել է ԱՊՀ-ին, իսկ արձանագրության երկրորդ մասի համաձայն՝ երկրի համար առկա սահմաններ արտահայտությունն ուժի մեջ է մտնում իր պաշտոնական անդամակցության պահից։ Այսինքն՝ անգամ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դիտարկում ենք Ալմաթիի հռչակագրի ու դրա հենքի վրա արձանագրության տեսանկյուից, 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ ի՞նչ առկա սահման կամ շփման գիծ է եղել։
«Այո’, ռեեստրում չկա վերապահումը, բայց դուք Հայաստանը ներակայացնող պաշտոնատար անձն եք, պետք է հետամուտ լինեք՝ ինչո՞ւ չի հասել այնտեղ, ովքե՞ր են մեղավոր եղել։ Միաժամանակ դա չի վերացնում այն վերապահումը, որը կատարել է Հայաստանի խորհրդարանը»,- ասաց Մինասյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: