Թե ինչպես մտանք ականապատված Ղազանչի ու ողջ դուրս եկանք

  • 10:07 08.02.2024

Ղազանչին Արցախի հին գյուղերից է, որը տեղաբաշխված էր Խաչենագետի ձախափնյակում։

Գյուղի հիմնադրման ստույգ ժամանակահատվածի մասին դժվար է խոսել։ Սակայն դատելով նրա պատմամշակութային միջավայրից, Ղազանչին հազարամյակների պատմություն ունի։ Շրջակա հին գյուղատեղիների հետքերը վկայում են, որ տարածքը շատ խիտ էր բնակեցված։ Գյուղի տեղադրությունն այնպիսինն է, որ կարող ենք ասել հիմնադրվել է դրախտի կենտրոնում, բայց գյուղի ճակատագիրը ամենևին էլ դրախտին համահունչ չէր։

Գյուղը տեսել է բազում կռիվներ, ավերածություններ ու բռնագաղթ։ Իր հող ու ջրի համար պատերազմել է պարսիկների, թուրքերի դեմ, հետ քաշվել և անընդհատ վերադարձել ավերված ու թալանված գյուղը։ Վերջին անգամ ավերվել է 1992 թվականին, երբ հայտնվել է թեժ զինաբախումների կիզակետում։ 92 թվականին գյուղը բռնագրավվել է ադրբեջանցիների կողմից, գյուղում մնացած խաղաղ բնակիչները հատկապես ծերեր ու կանայք գերվել, կտտանքների են ենթարկվել, մի մասին էլ կենդանի վառել են։

1993 թվականին գյուղն ազատագրելուց հետո բնակիչները չեն վերադարձել, վերաբնակվել են մոտակա գյուղում, այն վերանվանելով Նոր Ղազանչի։

Պատմական աղբյուրներից տեղեկանալով գյուղի հարուստ պատմամշակութային միջավայրի ու պատմական իրադարձությունների մասին՝ Նատարին բերդի հինավուրց ամրոցի ավերակները (Պերթին տիհար-Բերդին դոշ) Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ եկեղեցի Խաչին յալ, Կյուլմելիք, հին գերեզմանոցներ և այլն, որոշեցինք այցելել գյուղի տարածք և որոշ ուսումնասիրություններ կատարել։

Գարնանային մի ոչ բարենպաստ օր աշխատանքի բերումով հայտնվեցինք Կիչան գյուղում, ու այնտեղից նախնական հետախուզական այցելություն կատարեցինք։ Երբ Ղազանչի գյուղի գյուղացիներին հարց ու փորձ արեցինք, նրանք մեզ խորհուրդ չտվեցին գնալ, ասելով, որ գյուղն ամբողջությամբ պատված է մացառուտներով, դժվար կարողանաք ինչ որ բան տեսնել։ Այդուհանդերձ երիտասարդներից մեկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք Ղազանչի։

Երբեմնի դրախտավայրը ավելի շատ նման էր ուրվական-բնակավայրի։ Մացառուտների, ծառերի արանքից երևում էին տների ավերակները։ Երբեմն թվում էր, թե լսում ես վայրենի թուրքերի կողմից տանջամահ արվող հայերի աղեկտուր ճիչն ու ծերերի հառաչանքը։

Մեր առաջին կանգառը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ղազանչեցի 65 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ էր։ Ցուցանակի վրա գրված էր՝ սա չպետք է կրկնվի։ Ցավոք, այժմեական է մինչ օրս։

Հետո սկսեցինք մացառուտների միջով հասնել տների ավերակներին, հասկանալու համար գյուղի կենտրոնը, նրա դիրքն առհասարակ աշխարհի չորս կողմերի հանդեպ, որ, ցավոք, տեսանելիություն չուներ։ Որոշ տների պատերին խաչքարերի բեկորների հանդիպեցինք, որ ամենաշատն էր գրավում ուշադրությունս։

Ամենուր ցրված ականների մասին զգուշացնող ցուցանակներն էին։ Միամտաբար ուշադրություն չդարձրեցի, նախ, որ դրանք պոկված ընկած էին գետնին, ենթադրել էր տալիս, որ դրանք ուղղակի մնացել են տարածքը մաքրելուց հետո, երկրորդ, որ մեզ ուղեկցող երիտասարդը չէր ասում, որ գյուղը ականապատված է։

Գյուղի որոշ տարածք մի կերպ մացառուտների ու ցեխերի միջով անցնելուց հետո, որոշեցինք հետ դառնալ, մի բարենպաստ օր վերադառնալու պայմանով, անգամ երիտասարդից հեռախոսի համար վերցրեցինք։ Հետ գալուց ցույց տվեց գյուղի սրբատեղիներից մեկը, որտեղ 12-13-րդ դարերի խաչքար էր կանգնեցված։

Երբ վերադարձանք տուն, երկրորդ այցի անվտանգային հարցերի համար դիմեցի մեր հարևանին, ով HALO Trust ականազերծող կազմակերպությունում էր աշխատում, ճշտելու ականազերծված ու ապահով տարածքները։ Իմ հարցին, թե կոնկրետ որտե՞ղ է ականապատված, ասաց՝ ամեն տեղ։ Հարցրեցի, անգամ տան բակերը, ասաց ամեն տեղի մեջ մտնում են նաև տան բակերը։ Մինչ ես վախից ու զարմանքից քարացել էի, նա ասաց, հանկարծ մտքովդ չանցնի գնալ այնտեղ, անցած տարի մեր տղերքի մեքենան պայթել է այդ գյուղում։

Միգուցե հայացքիցս ինչ-որ բան հասկանալով հարցրեց՝ եղե՞լ ես այնտեղ։ Իմ դրական պատասխանից հիմա էլ ինքն էր զարմանքից քարացել՝ ո՞նց ու դու հիմա ո՞ղջ ես․․․

Հրաշքով մեզ հետ ոչինչ չի պատահել, չնայած հետո իմացանք, որ գյուղացիներից ոմանք ծանոթ կածաններով ներսուդուրս են անում գյուղ։ Այդուհանդերձ Ղազանչի էլ չվերադարձանք, իսկ այդ օրը մեր հեռախոսների տեսախցիկը ֆիքսել է այն, ինչ մնացել էր Ղազանչի գյուղից։

Արմինե Հայրապետյան

f