Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հուսահատ պնդում էր, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին ուժի մեջ չէ, քանի որ ԽՍՀՄ Սահմանադրական դատարանն իբր չեղարկել է այն, նաև Արցախի վերաբերյալ Հայաստանի վերապահումները Ալմա-Աթայի հռչակագրին եւս անվավեր են, քանի որ Հայաստանը մոռացել է այն ուղարկել ԱՊՀ դեպոզիտարիա։ Սակայն, ինչպես պարզվում է, այդ փաստաթղթերն ուժի մեջ են, եւ այդ մասին ասվում է ոչ թե Երեւանում, այլ Բաքվում։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալիևի հատուկ դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել է, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։
Խոսքը Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթայի հռչակագրին Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ 1992 թվականին խորհրդարանն ընդունեց 10 վերապահում, որոնք առաջարկում էին պայմանագրում ներառել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին դրույթ։
Նա նշել է, որ Բաքվի համար խնդրահարույց է թվում նաև հայկական ԱԳՆ կայքում Արցախի՝ որպես պատմական Հայաստանի անբաժանելի մասի հիշատակումը։ Բացի այդ, Ամիրբեկովին դուր չեն գալիս Հայաստանի դիմումները ՄԻԵԴ-ին, որոնք, ըստ նրա, տարածքային պահանջներ են պարունակում։
Այսպիսով, պարզ է դառնում, որ ուժի մեջ են եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին, և հղումները պատմական իրավունքներին, այդ թվում՝ Կարսի պայմանագրի հետ կապված կորցված տարածքների հանդեպ (Կարս, Նախիջևան, Սուրմալու, Արարատ), և Ալմաթայի հռչակագիրի վերապահումները, որտեղ ասվում է, որ Արցախը չի մտնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»:
Սա է հետագա բանակցությունների մեկնարկային կետը։ Հիմա Հայաստանը կա՛մ պետք է հրապարակայնորեն հրաժարվի այս բոլոր կետերից և հայտարարի պետության ինքնալուծարման, ապառազմականացման և իր քաղաքակրթությունից հրաժարվելու մասին, կա՛մ վերջապես պետք է երկրում զարթոնք սկսվի։ Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի հայերը արթնանան։