Step1.am-ի զրուցակին է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։
-Պարո՛ն Կանդահարյան, տեղեկություն կա, որ հնարավոր է Բրյուսելում հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա։ Նախքան այս, գիտենք, որ Ալիեւը բոյկոտել էր նախորդ հանդիպումները։ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ի՞նչ է փոխվել, որ Բաքուն համաձայնում է մասնակցել հանդիպմանը։
-Նախ, շատ ուշագրավ է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել էր Ալիեւին՝ ընտրությունների կապակցությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանում ընտրություններ չեն կայացել, այնտեղ ինքնանշանակում է տեղի ունեցել, ինչը՝ իբրեւ ընտրակարգ, հիմնովին հակասում է եվրոպական ընտրակարգի արժեքներին։ Բայց երբ ողջունում են, շնորհավորում են, չեն քննադատում, սուր մեղադրանքներ չեն հնչում, դա զուտ քաղաքական գնահատական է։ Այդ քաղաքական գնահատանքի հիմնական շարժառիթն այն է, որ Բաքուն համաձայնություն է տվել Բրյուսելին՝ վերադառնալու բանակցային սեղան։ Մինչ այդ, հիշեցնենք, Ալիեւը խուսանավում էր, շրջանցում ու մերժում էր հանդիպումները։
Չեմ կարծում, որ սա վերջնական ձեւաչափ է, որ Եվրամիության միջնորդությամբ ու երաշխավորությամբ կկնքվի համաձայնության պայմանագիրը։ Սա շարունակական գործընթաց է, եւ այստեղ միջնորդության առիթ տալը կամ չտալը քաղաքական առեւտրի գործիք է։ Քաղաքական ներկա իրավիճակը նկատի ունենալով՝ այս կոնտեքստում պետք է ընկալել Ալիեւի լեգիտիմությունը խնդրո առարկա չդարձնելը եւ նաեւ Բաքվի համաձայնությունը, որ Եվրամիությունը վերստին միջնորդի կամ հանդիպում կազմակերպի։ Իհարկե, չեմ կարծում, որ սա Մոսկվայի կողմից աննկատ կանցնի կամ Մոսկվան հանգիստ կընկալի, որովհետեւ արձագանքն անմիջապես այն էր, որ սահմանազատման քարտեզները Մոսկվայի մոտ են։ Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը նման հայտարարությամբ հանդես եկավ։ Դա պարզ հուշում է, որ բանակցային գործընթացի բանալին Մոսկվայի մոտ է գտնվում։ Մենք պետք է փորձենք այս ամբողջ գործընթացներն ընկալել տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների մրցապայքարի ընդհանուր տրամաբանության կոնտեքստում եւ ըստ այդմ՝ նաեւ հավանական սցենարները կանխատեսել եւ դիտարկել, թե ինչն է ամենանպաստավորը հայկական կողմի համար։
-Նախորդ հանդիպումների ժամանակ Բրյուսելում արձանագրվեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, ինչպես նաեւ հայտարարվեց, որ կողմերը Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Չնայած, դրանից հետո Բաքուն խուսափեց Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հստակ հայտարարություններ անել։ Եթե այս նոր հանդիպումը կայանա, օրակարգում ի՞նչ հարցեր կարող են լինել։
-Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ Բաքուն արձագանքել է եւ ասել է, որ դա՝ որպես փաստաթուղթ, խնդրահարույց է, եւ հայկական կողմը չպետք է հղում անի Ալմաթիի հռչակագրի վերապահումներին։ Ուրեմն, սա Բաքվի համար կարեւոր կետ է։ Դա ենթադրում է, որ բանակցությունների օրակարգը հիմնված է Ալմաթիի հռչակագրով ճշտված տարածքային ամբողջականությունների հիմքի վրա։ Դրա համար Բաքուն կանխում է։ Դրանից առաջ նաեւ Փաշինյանի հայտարարությունը եղավ առ այն, որ կողմերը համաձայնել են հղում չանել փաստաթղթերին։ Բաքուն հիմնական երեք փաստաթուղթ հիշատակեց՝ Անկախության հռչակագիրը եւ Սահմանադրության նախաբանում դրան հղումը, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագրով հայկական վերապահումները եւ երրորդը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում Արցախի հարցի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգը։ Առայժմ այս երեք փաստաթղթերին է հղում արվում, որոնք, ըստ Բաքվի, խոչընդոտ են։ Ուրեմն, կարծում եմ, որ բանակցությունների ժամանակ կարծարծվեն նաեւ այս հարցերը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատման եւ սահմանագծման կետը դուրս է եկել «խաղաղության պայմանագրի» նախագծից, որովհետեւ դա երկարատեւ գործընթաց է։ Դա նշանակում է, որ երեւութապես շտապում են, որպեսզի «խաղաղության պայմանագիրը» կնքվի։ Բայց այստեղ շտապողականությունը նաեւ իր տրամաբանությունն ունի, որովհետեւ եթե Սահմանադրություն ենք փոխում եւ դա ներկայացնում իբրեւ խոչընդոտ «խաղաղության պայմանագրին», այդ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է ենթադրում, հանրաքվեն նաեւ որոշ ժամանակ է պահանջում է։ Բացի այդ, մենք չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքում ի՞նչ է լինելու, այսինքն՝ չի բացառվում, որ ժողովուրդը մերժի, հրաժարվի Անկախության հռչակագրին հղումը վերացնելու պահանջից։ Այսինքն՝ այնքան էլ պարզ չէ այս գործընթացի եւ ժամանակը, եւ արդյունքը։ Առավել եւս, Բաքուն անվերջ նոր նախապայմաններ դնելով՝ խոչընդոտում է այդ ընթացքին։
-Արցախցիները բարձրացնում են Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը եւ միայն այդ դեպքում են պատրաստ վերադառնալ Արցախ։ Այս հարցը Բրյուսելում քննարկման առարկա կարո՞ղ է դառնալ, եւ դուք տեսականորեն հնարավոր համարո՞ւմ եք, որ, օրինակ, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կարող են միջազգային մանդատ տալ ու տեղակայել Արցախում։
-Ես կարծում եմ, որ արցախցիների նման պահանջն օրինաչափ է, որովհետեւ վերադարձի իրավունքի իրացումն անպայման պայմանավորվելու է միջազգային անվտանգության երաշխիքներով։ Փաստորեն, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությամբ տեղի ունեցավ վերջին պատերազմը, Արցախի հայաթափումն ու բռնի տեղահանումը։ Այսինքն՝ ՌԴ ուժերի խաղաղապահությունը երաշխիք չի կարող լինել։ Դրա համար վերադարձի իրավունքի իրացումը պայմանավորվում է միջազգային նոր երաշխիքային գործիքակազմի առկայությամբ։ Բայց դա եւս պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող Արեւմուտք-Ռուսաստան ազդեցության գոտիների սուր մրցապայքարի քաղաքական ընդհանուր տրամաբանության մեջ։