Սխտորաշեն․ Մի հուշարձան, երկու ավանդազրույց

  • 10:04 16.02.2024

Սխտորաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում, Կարմիր շուկայից հյուսիս արևմուտք, այժմ անմարդաբնակ։ Այս գյուղը երկու անգամ հիմնավորվել, երկու անգամ լքվել է։ 1915 թվականի մարդահամարի տվյալներով նոր Սխտորաշենն ուներ 900 շունչ։

Անմարդաբնակ այս գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Հին Սխտորաշենից, որը գտնվում էր ներկայիս գյուղից դեպի արևելք։ Նոր ու հին գյուղատեղիներից մնացել են միայն ավերակներ ու նախնիների գերեզմաններ։

Հին Սխտորաշենի տարածքում կիսավեր վիճակում պահպանվել է միանավ եկեղեցին:  Ըստ եկեղեցու բարավորի վրա առկա արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։»), իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք: Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով: Շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։

Ընդ որում մկրտության ավազանը նույնպես ունի  արձանագրություն «… նեի իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերան ողորմեայ ասի»։

Ներկա վիճակով արձանագրությունը թերի է պահպանված, իսկ ամբողջական տեքստին հանդիպում ենք Աբրահամ Կիսիբեկյանի «Հուշեր» գրքի առաջին հատորում,  որը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ շարունակությունը համընկնում է արձանագրության առկա հատվածին։ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ԵԳԵՂԵՑԻՍ ԳԻՍՈՒՆԵԻ ԻՒՐ ԾՆՈՂ/ԱՑՆ ՀԱՅՐ ԻՄ ՈՀԱՆԷՆ ՄԱՅՐ ԻՄ ԱԴԻԽԱՆԷՆ ԿՈՂ/ԿԻՑՆ ԻՄ ՄԱՐՈՒՆ Տ[Է]Ր ԲՈՂՈՍԻՆ ՕՎ Կ/ԱՐԴԱՅ ՄԷԿ ԲԵՐԱՆ ՈՂՈՐՄԵԱՅ ԱՍԻ։

Կիսիբեկյանի «Հուշեր»-ում հանդիպում ենք նաև երկու հետաքրքիր ավանդազրույցի կապված եկեղեցու հետ։ Ըստ ավանդության, հնում Վարանդայի գյուղերից քչերը եկեղեցի ունեին։ Կիրակի ու տոն օրերին մարդիկ գյուղերից խմբերով գնում էին Ամարասի վանքը։ Այդ ժամանակ Ամարասի վանքի տերն ու տնօրենը Ավետարանոց գյուղի Մելիք – Շահնազարյան տոհմից Սարի բաբա անունով մեկն էր։ Նա նախատում է սխտորաշենցի Գեսի բեկին, որ նա այդքան տարածություն կտրելով գալիս հասնում է Ամարաս աղոթելու, այնինչ կարող է իր գյուղում եկեղեցի կառուցել։ Գեսի բեկը վերադառնալով գյուղ հենց իր միջոցներով գյուղում եկեղեցի է կառուցում։ Կարծիք կա, որ մկրտության ավազանի պատի արձանագրության մեջ հիշատակված Գիսունին հենց Գեսի բեկն է, ով ժամանակին հայտնի է եղել իր հարստությամբ։

Հաջորդ ավանդազրույցը «Քոթան վարդապետ»-ի մասին է։ Ըստ դրա, եկեղեցու դռանը կից պատի տակ կա մի գերեզման, որտեղ թաղված է Կոստանդին-Քոթան վարդապետը։ Երբ երկար ժամանակ անձրև չէր լինում  գյուղացիք այդ գերեզմանի վրա ջուր էին լցնում, իսկ երբ երկար ժամանակ անձրև էր լինում, գերեզմանի վրա կրակ էին վառում։ Այդպես իրենց աղոթք-ցանկությունն էին հղում առ երկինք։ Ցավոք Քոթան–վարդապետի գերեզմանի հետքերն անգամ չեն պահպանվել, և ավանդազրույցի իսկությունը կհաստատվեր միայն հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում։

Ըստ Կիսիբեկյանի Հին Սխտորաշենի գերեզմանատանը կա մամռածածկ մի փոքրիկ գերեզմանաքար, որի վրա արձանագրված է “Վարանդու քլիդ Գեսիբեկ”, որը հավանական է նույն եկեղեցին կառուցող Գիսունն է։ “Վարանդու քլիդ Գեսիբեկ”, դարձվածքը երկար տարիներ հոլովվում էր մեծահասակ գյուղացիների կողմից։

Դե իսկ Հին ու Նոր Սխտորաշենների զարդը շարունակում է մնալ երկհազարամյա Սոսենին, կամ Տնջրին։ Ու մեկ էլ հավերժ է Ռաշիդ Ղարաբաղցու հայտնի թևավոր խոսքը․ ՍԽՏՈՐԱՇԵՆ, համդ ու հոտդ կտրվե․․․

Արմինե Հայրապետյան