Որտե՞ղ է Հայաստանի կառավարությունը մտադիր բնակեցնել արցախցիներին

  • 21:05 19.02.2024

«Առաջիկայում մենք պատրաստվում ենք Արցախից տեղահանվածների բնակարանաշինության ծրագիր իրականացնել, սակայն այս ծրագրի քննարկման ժամանակ հանգեցինք երկու կարևոր եզրակացության։ Նախ, այս ծրագիրը պետք է հավասարապես հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Երկրորդ՝ մենք պարտադիր կհամարենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի վերաբնակեցված մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր ցանկանում են օգտվել այս ծրագրից, ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանի ելույթների առումով զարմանալու բան չկա. Արցախի հայերի բռնագաղթից հետո Հայաստանի վարչապետը կատարում է ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի բոլոր պահանջները, այդ թվում՝ պահանջը, որ Հայաստանում փախստականների մասին խոսք չլինի։

Դեռևս 2020 թվականին Հադրութից, Շուշիից, Քարվաճառից և Քաշաթաղից հարկադիր վերաբնակները ՀՀ կառավարության հետ բանակցել են փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց համար բնակավայր կառուցելու շուրջ, որը հնարավորություն կտա պահպանել համայնքային կյանքը, բարբառները, ինչպես նաև թույլ կտար ներկայացնել կոմպակտ ապրող տեղահանված, ցեղասպանությունից և տեղահանությունից փրկված մարդկանց խնդիրները միջազգային հանրությանը:

ՀՀ կառավարությունն, ըստ իր առաքելության, այլ տարբերակ է ընտրել. 2021-2022 թվականներին Արցախի Հանրապետության բյուջե է մուտքագրվել 210 մլրդ դրամ՝ ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար։

Չանդրադառնանք 2021-23 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին. հասկանալի է, որ ՀՀ կառավարությունն իզուր ծախսեց այս վիթխարի փողերը։ Եվ պարզ չէ՝ այս գումարի գոնե մի մասն ուղղվե՞լ է բնակչության անապահով խավերին բնակարաններով ապահովելու համար, թե՞ սովորականի պես հոսել է պաշտոնյաների գրպանը։ Այժմ դա հնարավոր չէ պարզել, քանի որ արխիվի մի մասը ոչնչացվել է, մյուս մասը խիստ գաղտնի պահվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում։

Բուն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղահանված անձինք և նրանց ընտանիքների անդամները պետության աջակցությամբ հրավիրվել են սեփական տներ կառուցելու Մեղրիի սահմանամերձ Նռնաձոր գյուղում։ Ականատեսների վկայությամբ՝ այստեղ նույնիսկ մի քանի տների հիմք են դրվել, սակայն տներն այդպես էլ չեն կառուցվել։ Իսկ այժմ այս գյուղով անցնող ճանապարհը գտնվում է ռուս սահմանապահների հսկողության տակ, և նույնիսկ բնակիչներն ու լրագրողները չեն կարող անցնել այս գոտին առանց ռուսական զորքերի հատուկ թույլտվության։

Ըստ ամենայնի, ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերը ՀՀ կառավարության կողմից կիրառվող փողերի լվացման նոր սխեմա է։ Այսինքն՝ գումարներ են ներդրվում բնակավայրերում, շրջաններում, որոնք Փաշինյանը պատրաստվում է փոխանցել ադրբեջանին ու ռուս խաղաղապահներին։

Նշված եռյակի հետ համաձայնությամբ՝ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի բնակիչները ստանան ՀՀ քաղաքացիություն, ինչը թույլ կտա Ռուսաստանին և ադրբեջանին շարունակել պնդել, որ Արցախում ցեղասպանություն և էթնիկ զտում չի եղել, մարդիկ լքել են Արցախը կամավոր։

Սա կարծես «հաղթական տարբերակ» է բոլոր կողմերի համար: Ռուսաստանի և ադրբեջանի դեպքում պարզ է՝ նրանք փորձում են խուսափել պատասխանատվությունից և պատժից, որն այսպես թե այնպես կգա։

Փաշինյանի դեպքում դա ձեռնտու է, քանի որ նա նույնպես ձգտում է ապահովել, որ Արցախի հարցը փակվի Հայաստանի համար։ Ավելին, եթե առաջին երկուսը հայտարարում են, որ Արցախի հարցը դե ֆակտո փակված է, Փաշինյանն իր քաղաքականությամբ ու գործելաոճով դե յուրե է այն «փակում»՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախի ժողովուրդը կկորցնի իր բոլոր իրավունքները Արցախի նկատմամբ։ Դա եւ վերադարձի իրավունքն է, եւ  Ադրբեջանից իրենց կորցրած անշարժ ու շարժական գույքի փոխհատուցման իրավունքը, եւ հարազատների շիրիմներին այցելելու իրավունքը։ Եվ, որ ամենակարեւորն է, նա կկորցնի «Փախստականների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր արտոնություններն ու իրավունքները։

Ավելին, Փաշինյանը հերթական անգամ շահարկում է արցախցիների բնակարանային խնդիրները. նա արդեն երկրորդ անգամ հայտարարեց, որ ծրագիրը պետք է հավասարապես հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար։

Այսինքն՝ վարչապետը ՀՀ քաղաքացիներին նույնացնում է ցեղասպանության զոհերի ու ներքին տեղահանվածների հետ։ Աբսուրդ ժանրից մեկ այլ գաղափար է «խտրականության» բացառումը։

Հայաստանի ու Արցախի 30-ամյա քաղաքական ու իրավական շփոթությունն ամեն անգամ ՀՀ իշխանություններին տանում է փակուղի։ Այսօրվա իշխանությունը կա՛մ պետք է ընդունի, որ Արցախը Հայաստանի մաս է, և Արցախի ժողովուրդը նույն Հայաստանի քաղաքացիներն են, կա՛մ պետք է Փաշինյանի ոճով Արցախի ժողովրդին ճանաչի որպես Ադրբեջանի քաղաքացի, հետևաբար՝ փախստական, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ոչ ոք իրավունք չունի ստիպել Արցախի քաղաքացիներին ընդունել ՀՀ քաղաքացիություն, առավել եւս սահմանամերձ բնակավայրերում վերաբնակեցնել ցեղասպանություն վերապրած և էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված մարդկանց։ Փաշինյանն այս բնակավայրերի ճակատագրի հետ խաղում է այնպես, ինչպես Արցախի ճակատագրի հետ։

Մարգարիտա Քարամյան

f