«1988-ին համաժողովրդական պոռթկում էր եւ շատ սուրբ բան էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը վերամիավորվում է մայր Հայաստանին»

  • 12:27 20.02.2024

«Արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքները շատ կարեւոր են, անվտանգության հարցեր կան։ Արցախցիները չեն կարող վերադառնալ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Դա անհնար է»,- այսօր լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն։

«1988-ին համաժողովրդական պոռթկում էր եւ շատ սուրբ բան էր դրված՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը վերամիավորվում է մայր Հայաստանին։ Եվ ազգը միասնական էր՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Որպեսզի մենք իրականում միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան եւ հզոր Սփյուռք։ Այսօր ավելի քան այդ միասնությունը՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, շատ կարեւոր է, քանի որ տարբեր թեմաներ կան՝ վերադարձի իրավունք, մշակույթի ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք։ Կան հարցեր, որոնք քաղաքական չեն»,- նշեց Արթուր Թովմասյանը։

Անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեվարության հարցին, նա ասաց․ «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը եւ Քաղաքացիական օրենսգիրքը։ Այն հոդվածները, որոնց մասին խոսվում է, շատ դաժան հոդվածներ են։ Ասում են՝ անջատողականներ, ահաբեկիչներ, բայց այդ 30 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում։ Արդյո՞ք նրանք այցելել են ահաբեկիչներին ու անջատողականներին»։

Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունում բոլոր համապետական ընտրությունները դիտարկվել են միջազգային դիտորդների կողմից, եւ բոլորն էլ արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ Արցախի Ընտրական օրենսգրքին համապատասխան, մեկ քայլ առաջ են, քան նախորդ տարիներին անցկացված ընտրությունները։

«Նաեւ արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»,- հավելեց Թովմասյանը։

Նա նաեւ ասաց, որ Արցախի Ազգային ժողովը շարունակելու է գործել։ «Ճիշտ է, օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ ու հայտարարություններ կլինեն։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ մեկը ուռա հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելն է։ Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի ո՛չ Հայաստանի Հանրապետության մեր հայրանակիցներին վնաս հասցնենք, ո՛չ Արցախի մեր հայրենակիցներին»,- ընդգծեց նա։