«Մեր սխալը՝ իրավունքի դուրս մղումն է հակամարտության կարգավորման գործընթացից»․ Մանասյան

  • 17:48 20.02.2024

«Մենք նոր կետից ենք սկսելու եւ արցախցու համառությամբ, հաստատկամությամբ եւ խնդրի խորը իմացությամբ շարունակելու ենք մեր խնդիրը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ հրավիրած  հանրահավաքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նա նշեց, որ 1992 թվականին մենք երկրի նախագահ ենք ընտրել մի մարդու, որը իշխանության էր եկել միացման կարգախոսով, բայց դեմ էր Արցախի հետ միավորվելուն։ «Մենք ընտրել ենք մարդու, որը մեզ դեմ է եղել։ Ես ձեզ եմ հարցնում՝ մենք ճի՞շտ ենք եղել։ Մենք վերջերս ընտրել ենք մեկին, որը տվել է Արցախը, մենք ճի՞շտ ենք վարվել։ Մենք պետք է այդպես գնահատենք մեզ, պետք է հստակ իմանանք, որ դեռեւս չունենք քաղաքական գիտակցության հասունության այն մակարդակը, որը պահանջում է մեզնից մեր խնդիրը։ Բայց մեզ անընդհատ շփոթեցնում են տարբեր մանիպուլյացիաներով, հիմնախնդրի իրավական հիմքերի հետ կապված կեղծ մեկնաբանություններով։ Հիմա խոսում են Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Եկեք իմանանք, որ դա ընդամնեը հռչակագիր է, պայմանագիր չէ։ Բայց այնտեղ ասվում է, որ հռչակագիրն ստորագրողները ճանաչում են ստորագրողների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի։ Ես ուզում եմ հարց տալ նրանց, ովքեր դա պնդում են՝ Ադրբեջանն ի՞նչ տարածքներով է եկել Ալմա-Աթա։ Պարզվում է՝ ոչ մի։ Շատերը չգիտեն, որ ինչպես ներկայիս Ադրբեջանը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանը, այնպես էլ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը ասպարեզում հայտնվել են առանց ինքնորոշման ակտի, առանց անկախության հանրաքվեի։ Ուղղակի հռչակել են իրենց՝ առանց սահմանների»,- հայտարարեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում սահմաններ չեն գրել։ Այդ չգրված սահմաններով գնացել են Ալմա-Աթա։ Առանց սահմանների ասում են՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններ ու տարածքներ»։ Բայց, ըստ Մանասյանի, առանց սահմանների «պատմականորեն ձեւավորված սահմաններ ու տարածքներ» արտահայտությունն իրավաբանորեն անիմաստ արտահայտություն է։ «Հետո են ջոկել, որ դա անիմաստ է, եւ եթե հիմա համացանցում փնտրեք, կտեսնեք, որ այդ բառերը բաց թողած են։ Ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանը չի ներկայացրել միջազգային հանրությանը կամ մեզ, որն իրավական ուժ կունենա։ Բայց արի ու տես, որ մենք հենց նրա փաստաթղթերն ենք դնում հիմքում։ Մեծագույն սխալը, որը մենք թույլ ենք տվել, դա իրավունքի դուրս մղումն է հակամարտության կարգավորման գործընթացից»,- ասաց նա։

Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում Անկախության հանրաքվե է եղել, սովետը չկար։ Ադրբեջանն էլ չկար։ Արցախցիներն անկախություն են հռչակել ոչ մեկին չպատկանող տարածքներում։ Պատմականորեն, իրավաբանորեն եւ փաստացի միայն  մեզ պատկանող տարածքներում ենք անկախություն հռչակել։ «Բայց արի ու տես, որ ոմանց ջանքերով շրջանառության մեջ է դրվել թեզ, թե մենք իրավաբանորեն անթերի ձեւով անջատվել ենք Ադրբեջանից։ Պիտի լինեիք, որ անջատվեինք, չեք եղել, սահմաններ չեք ունեցել, տարածքներ չեք ունեցել»,- ընդգծեց նա։

Ըստ Մանասյանի՝ այսօր պետք է առաջ քայլել ավելի հասունացած, որպեսզի չընտրենք նրան, ով մեր Շարժմանը դեմ է, ով ուղղակի հանձնում է երկիրը։ Մենք պետք է ուղղենք մեզ, այլապես նույն բանն է կրկնվելու, պետք է սթափվել ու սթափ քայլեր կատարել իրավական ու քաղաքական դաշտերում։