Ցեղասպանությունը քշել է հայերին իր կենսատարածքից , իր հայրենիքից դուրս ու սփռել աշխարհով մեկ: Ու հայ կնոջ արժանապատվության խեղումը մշտական եղել է ցեղասպանության բաղադրիչ, ինչպես և հայ մանուկի մեջ նրա հայկականության բոլոր հետքերի ավերելը:
1988-ի փետրվարի 26-ին խորհրդային Սումգայիթում մերկացած ու տանջահար հայուհուն էին հետապնդում, իսկույն սպանելը բավարար չէր: Փետրվարի 26-29-ը, չորս օրերին Սումգայիթի փողոցներում հայի արյունը հոսում էր: Փողոցները լվանալու համար Բաքվի իշխանությունները լրացուցիչ ջրցան մեքենաները Բաքվից էին բերել:
1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի օդանավակայանում խարույկ էր վառված հայերից ու նրանց ունեցվածքից: Բաքվից հայերը կարող էին փախչել միայն Կրասնովոդսկ /Թուրքմենբաշի/ գնացող լաստանավերով: Լաստանավի վրա բռնաբարվող հարյուրավոր հայուհիների վերջին ճիչերը մարում էին Կասպիցի ջրերում:
Բաքվի այսպես կոչված «շահիդների» ալեյայում 17-ամյա մի անմեղ աղջկա նկար է մարում վայրագ ջարդարարների ու մարդակերների նկարների կողքին։ Դա հրեա աղջնակ Վերա Բեսսանտինայի նկարն է: Նրան տանջեցին ու սպանեցին, ինչպես հազարավոր հայուհիների՝ 1990-ի հունվարին Բաքվում: Եվ իսկությունը կեղծելու ու կոծկելու պետական քաղաքականության տակ Վերայի նկարը հայտնվեց հակամարդկանց նկարների կողքին:
Բաքվի ցեղասպաններից մազապուրծ փրկված Ստալինա Ասրյանը հազարավոր հայերի հետ դիմակայեց ցեղասպանության ալիքին՝ 1992 թվի գարնանը Լեռնային Ղարաբաղի մատույցներում: 18 ամյա Ստալինան զինվորագրվեց ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի, երբ Բաքուն 1991-ին պատերազմ սանձազերծեց Ղարաբաղը հայերից «մաքրելու» համար: Դրա մասին նույնիսկ Ադրբեջանի առաջին նախագահ Մուտալիբովն է անկեղծ խոստովանում 2017-ին Ալ-Ջազիրային տված հարցազրույցում:
Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Բաքուն կրկին զավթողական պատերազմ սկսեց դե ֆակտո և դե յուրե կայացած Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ, Հադրութ քաղաքում որսացին 1990-ին Բաքվից մազապուրծ փախած Լենային. տիկին Լենային տանջեցին, ապա նրա գլուխը կտրեցին ու դրեցին ոտքերի արանքում:
Այդ օրերին Արցախի Շուշի քաղաքում որսացին Ջոնիկ պապիկին, ով փրկվել էր 1988-ի փետրվարին Սումգայիթի հայերի մսաղացից: Ցեղասպան Բաքուն տանջեց, նսեմացրեց, ապա ծիսական կախաղանեց Ջոնիկ պապիկին, այդ ամենը տեսալուսանկարեց ի ցույց անտարբեր արևմտյան աշխարհի և ի ահաբեկում քրիստոնյա հայության:
Հայությունը, որի կենսատարածքը հակամարդ ստալինի թեթև ձեռքով 1921 թվին հայտնվեց նորաստեղծ ցեղասպանության գործիք ադրբեջանի վերահսկողության ներքո, 1988-1992 թթ ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ լքեց իր տունն ու տեղը, ունեցվածքը, գերեզմանները, եկեղեցիները, բնական ռեսուրսներն ու հանրային հարստությունները, մշակույթը: Ու ավելի քան 820 հազար հայեր դարձան փախստական՝ ցրվելով աշխարհով մեկ: Նրանցից շուրջ 100 հազարը վերապրեց երեսուն տարիներ Բաքվից շրջափակված Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում:
Ցեղասպան Բաքվի զավթողական նոր պատերազմից, որը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ից ու սողաց մինչև 2023-ի սեպտեմբերի 19-20-ը, Արցախի Հանրապետությունը նույնպես վերջնական հայաթափվեց, ինչպես Գարդմանը, Նախիջևանը, քանի որ ցանկացած հայ երեխա ու կին, ծեր ու երիտասարդ ցեղասպանի թիրախում էին, ինչպես տիկին Լենան ու Ջոնիկ պապին: Շուրջ 150 հազար հայ մարդ 2023-ի սեպտեմբերի վերջին փախավ իր տնից, հողից, կենսատարածքից, թողնելով ցեղասպանին ունեցվածք, հող, բնական ռեսուրս ու հանրային հարստություն, մշակութային էնդեմիկ մի շերտ:
Մինչ օրս, 40 տարի անց էլ, ՄԱԿ-ի կողմից որևէ խոսք անգամ չի հնչել ի պաշտպանություն Ադրբեջանական ԽՍՀ-ից 820 հազար հայ փախստականների իրավունքների: Երբևէ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չի հիշել մեզ, երբևէ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը չի խոսել ու չի քննարկել Խորհրդային միության փլուզման տարիներին Բաքվի կողմից իր իսկ ազգությամբ հայ քաղաքացիների դեմ կազմակերպած ու իրականացրած ցեղասպանության մասին, չի խոսել այդ ցեղասպանության հետևանքով փախստական դարձած ավելի քան 820 հազար հայերի իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին:
Ցեղասպանության մի հերթական դրվագից շուրջ 150 հազար հայերը Արցախից փախստական դարձան:
Հայությունը իր իսկ կենսատարածքում ենթարկվում է ցեղասպանության՝ առնվազն 1915 թվականից, երբ ցրվեց աշխարհով մեկ: Այսօր հայությունը կծկվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա միայն, արդեն նրանից յաթաղանով պոկել են Նախիջևանը, Գարդմանը, Շիրվանը, Ղարաբաղը, Կարսը, Արդահանը…
Կասկածի տակ է հայության կենսատարածքի վերջին բեկորը, յաթաղանը ճոճում են Հայաստանի Հանրապետության վրա:
Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Հատուկ Step1.am-ի համար
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: