Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ իրենց առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում։
Նա անդրադարձել է ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ չթույլատրելու՝ ՌԴ հիմնավորումներին. «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս հարցը պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում, նշված հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ»։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի շրջանում Բաքվի սադրանքից հետո, որի ժամանակ սպանվեց 4 հայ զինվոր, հայկական կողմը պաշտոնապես մեղադրանք չներկայացրեց ռուսական զորքերի դեմ։ Եղան ոչ պաշտոնական ակնարկներ, սակայն դրանց Մոսկվան արձագանքեց հայտարարությամբ, որ ՀԱՊԿ զորքերը պատրաստ են մշտադիտարկում իրականացնել «հայ-ադրբեջանական սահմանին», իսկ Բաքուն ուղիղ մեղադրեց եվրոպացի դիտորդներին։
Պաշտոնական Երևանի լռությունը և ՀԱՊԿ-ի քողի տակ Հայաստանի սահմաններին ռուսական զորքերի հայտնվելու հեռանկարը՝ եվրոպական առաքելության հետ կանչելու հետ մեկտեղ, ըստ երևույթին, ստիպեցին եվրոպացի դիտորդներին դեն շպրտել բոլոր դիվանագիտական պայմանականությունները և ուղղակիորեն մեղադրել ռուսական կողմին բախումներ հրահրելու մեջ։
Սրանից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Գիտեք, որ վերջին միջադեպը Ներքին հանդ գյուղի ուղղությամբ… ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի միայն Ռուսաստանի Դաշնությունը և նա է ներկա այնտեղ. Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը»:
Կրկին նույն հռետորաբանությունը, ինչ Արցախում ռուս «խաղաղապահների» առնչությամբ. Ռուսաստանը «չկարողացավ»։
Եթե Ռուսաստանը, որը 2020 թվականին լկտիաբար յուրացրել է խաղաղապահ մանդատը, «չի կարող», ապա հայկական կողմը, որպես Եռակողմ հայտարարության ստորագրող, պարտավոր է արձանագրել դա և պահանջել մանդատի վերանայում։ Բայց պաշտոնական Երեւանը ոչ միայն կասկածի տակ չի դնում ռուսական զորախումբը Արցախ մտցնելու սկզբնական նպատակները, այլեւ նշում է, որ ռուսական զորքերը «չկարողացան» կասեցնել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։
Ի՞նչ են անում ռուսական զորքերը Սյունիքի մարզում. ի՞նչ մանդատի տակ են նրանք այնտեղ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ։ Հաջորդ միջադեպի համար հող է նախապատրաստում, որ ռուսները նորից “չկարողանան”։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: