Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման հարցին։
Նրա խոսքով՝ երբ իրենք, ԱՊՀ-ի շրջանակներում, 2020թ.-ին միացել են պայմանագրի և անցած տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով գալիս է ՀՀ քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, իրենց որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։
«Բայց քանի որ արդարացիության մասով հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների եւ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ: Այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք սկսել, թե ինչ անել այն իրավիճակում, որ օրինակ, կարող է եկամտահարկի չափը 13 տոկոս է, բայց այլ վճարներ են եղել: Հանգիստ կքննարկենք այս ամենը:
Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա»,- ասաց Բադասյանը:
Նա պարզաբանեց, որ եթե դու եկամուտ ստանալու երկրում վճարել ես որոշակի հարկ, ապա քո երկրում վճարելու ես միայն տարբերությունը, ոչ թե ամբողջ դրույքաչափի մասով:
Բադասյանը նշեց, որ հիմա փոխվել է այն, որ 2022-ից սկսած Հայաստանը ԱՊՀ երկրներից սկսել է ստանալ տեղեկություններ, թե ՀՀ քաղաքացիներն այդ երկրներում ինչ եկամուտ են ստացել եւ ինչ դրույքաչափով են հարկվել:
Ըստ նրա՝ ֆիսկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։
ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ քանի դեռ հարցը քննարկում են, այդ ընթացքում որեւէ արգելադրման, հետագա վարչարարության հետ կապված գործողություններ չեն կատարվի:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: