«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցների հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաեւ Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ մեկ վիրավոր։ Ֆրանսիան կշարունակի աջակցել կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրան կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որը վերաբերվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանազատման եւ սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանից երկուստեք ուժերի հետքաշման համար։ «Ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին եւ խաղաղության ձգտումներին»,- ասաց Մակրոնը։
«Մենք նաեւ կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։ Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից եւ ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն»,- հավելեց նա։
Մակրոնը նաեւ ասաց, որ կշարունակեն Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար։ Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր աշխատանքը՝ չցանկանալով որեւէ էսկալյացիա։ Ֆրանսիան նաեւ շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի եւ ԼՂ փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրո օգնություն»,- հավելեց Մակրոնը։
Երեք հիմնարար միջազգային սկզբունքներից նա հիշատակեց միայն մեկը՝ տարածքային ամբողջականությունը։ Մակրոնը “մոռացավ” այս աշխարհակարգի երկու այլ, գլխավոր սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։ Դե, իհարկե, եթե Հայաստանը «ճանաչում է, որ իր զինվորը իրավունք չուներ կրակել, Ֆրանսիայի նախագահը ինչո՞ւ պետք է անօրինական ճանաչի Հայաստանի դեմ ուժի կիրառումը»։