Արմեն Պետրոսյանը լուրջ հարց է բարձրացնում․ ո՞վ է վախեցնում արցախցիներին

  • 20:16 22.02.2024

Արցախցի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը կարծում է, որ արցախցիները կհամախմբվեն ըննդիմության շուրջը ու հրապարակ դուրս կգան, եթե Հայաստանի իշխանություններին ծառայող արցախցիները չխանգարեն ու չփորձեն պառակտում մտցնել մարդկանց մեջ։

Step1.am-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք փորձել են 2018 թվականի հեղափոխությունը բերել Արցախ, որոնք այսօր էլ սերտ հարաբերությունների մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, հիմա խանգարում են արցախցիների համախմբմանը։

«Ամեն ինչ անում են, որպեսզի այդ համախմբումը չլինի։ Ընդհակառակը, փնովում են այն արցախցիներին, որոնք ակտիվ են, ընդվզում են ներկա իշխանությունների քաղաքականության դեմ եւ փորձում են Արցախի հարցը միշտ պահել օրակարգում։ Եթե մեծ քանակությամբ մարդ դուրս գա հրապարակ, դա միանգամից մեծ ազդեցություն կունենա, բայց տարբեր ուժերի միջոցով այդ քանակը փորձում են նվազեցնել։ Այն արցախցիները, որոնք հլու-հնազանդ ծառայում են Հայաստանի իշխանություններին՝ բլոգերներ, քաղաքական ու նախկին պետական գործիչներ, նույնիսկ նախկին նախարարներ, եթե չվախեցնեն արցախցիներին, չխաբեն, հնարավոր է արդյունքի հասնել։ Նույնիսկ տեղեկություն ունենք, որ այն արցախցիները, որոնք կընդվզեն, կդիմադրեն, չեն ստանա բնակարանների սետիֆիկատներ, կհեռացվեն աշխատանքից, չեն կարողանա աշխատանք գտնել եւ այլն։ Մարդկանց մոտ այսպիսի խոսակցություններ են տարածում։ Մարդիկ զանգում ու խոսում են ինձ հետ, ասում են, որ իրենց նման խոսակցություններով վախեցնում են։ Եթե հետևեք, կտեսնեք, թե ովքեր են արցախցիների մեջ հակաարցախցի»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ Արցախը վերադարձվի Հայաստանին, լինի հայկական։ «Միայն բնակչությանն Արցախ վերադարձնելով՝ հարցին լուծում չի տրվի։ Այսինքն՝ պետք է վերադառնանք ո՞ւր, այնտեղ ի՞նչ կրթական համակարգ է գործելու, ի՞նչ կրթական ծրագրեր են ներդրվելու, երեխաներն ի՞նչ մանկապարտեզ ու դպրոց են գնալու, ի՞նչ լեզվով է կատարվելու ուսուցումը, ո՞ր երկրի դրամական միջոցն է լինելու շրջանառության մեջ։ Այսինքն՝ ոչ թե բնակչության վերադարձի հարցն է դրված, այլ Արցախը պետք է նորից վերադարձվի հայկական ազդեցության գոտի, հակառակ դեպքում վերադառնալն իմաստ չունի։ Ադրբեջանը, ճիշտ է, բազմազգ պետություն է, բայց այնտեղ ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվում է ձուլման քաղաքականություն։ Շատ հին ազգեր ձուլվում են թուրքական տարրին։ Քանի որ Ադրբեջանն ունի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը, այսինքն՝ մեկ ազգ ասելով՝ նկատի ունեն թյուրքական էթնոսը, այդպիսի բանաձեւ ունեցող երկրում այլ ազգերի ներկայացուցիչներն ունեն երկու ճակատագիր՝ կամ ցեղասպանվել, կամ ձուլվել։ Այդ պատճառով Արցախը պետք է վերադարձվի հայկական գոտի»,- ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ համախմբվելով ու հրապարակ դուրս գալով՝ պետք է փորձել հասնել իշխանափոխության։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ «Եթե մենք սկսում ենք մեղքը փնտրել օտարների մեջ, դա ցույց է տալիս մեր թուլությունը։ Եթե այս իշխանությունները չփոխվեն, վերադարձի հույսը կորչելու է»,- հավելեց մեր զրուցակիցը։