«Շոշում ռուսները ասացին՝ զենքերը պիտի հանձնեք ու դուրս գաք»

  • 21:42 23.02.2024

Արցախի Հանրապետության Շոշ գյուղի բնակիչները բռնի տեղահանումից հետո ցրված ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։ Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ Շոշից բռնի տեղահանված անձանց թիվը մոտ 600 է, նրանք բնակվում են տարբեր համայնքներում՝ Մեղրիից մինչեւ Բագրատաշեն։ Աբրահամյանի խոսքով՝ իրենք նախընտրում են, որ համայնքը միասնական բնակվի։ «Ինչ Ղարաբաղից տեղափոխվել ենք այստեղ, մեր գյուղից արդեն 5 մարդ մահացել է։ Եվ երբ զանգել, ասել են՝ գնում ենք այդ հուղարկավորությանը կամ պանիխիդային, մի պահ ուրախանալով, որ գյուղացիներին կտեսնենք, կզրուցենք։ Այսինքն՝ այդպես ենք իրար հանդիպում»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ բնակչության կորցրած գույքի գույքագրման աշխատանքներ չեն իրականացվում։ Այս հարցը Արցախի համայնքների ղեկավարները բարձրացրել են Արցախի կառավարության պաշտոնյաների մոտ, բայց գույքագրում իրականացնելու հանձնարարական չեն ստացել։ «Ես անձամբ ու Արցախի մի քանի գյուղապետեր Արցախի պետնախարարի մոտ ենք գնացել, կորցրած գույքի հարցն ենք բարձրացրել։ Ինքը մեզ ասաց՝ հլա մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության հետ կացարանների հարցը լուծել։ Իրենք ասում են՝ առաջին խնդիրը դեռ կացարանի հարցն է, տեսնենք ինչպես է լուծվում։ Մեկն ասում է՝ շնչին 3 մլն դրամ են տալու, մեկն ասում է՝ 5 մլն դրամ։ Բայց դա էլ է սուտ, եթե այդպիսի որոշում լիներ, կքննարկեին։ Ոչ Ազգային ժողովում են քննարկել, ոչ էլ բյուջեն հաստատելիս են այդ հարցը բարձրացրել։ Այսօրվա դրությամբ բնակարանային հարցը շատ է խեղդում մարդկանց։ Աշխատանք չունենք, մեկն էլ ես եմ, տան վարձերը թանկ են, դրան գումարած կոմունալները»,- ասաց Էրիկ Աբրահամյանը։

Նա ասաց, որ Արցախի համայնքապետերը հասարակական հիմունքներով են շարունակում իրենց աշխատանքը։ «Հասարակական հիմունքներով ես դեռ համայնքի ղեկավար եմ։ Այսինքն՝ այսօր էլ բնակիչ կա, որ ինձ զանգել է, զրոյական թուղթ է ուզում։ Ես վաղը պետք է գրեմ, տանեմ Աբովյան 9 հասցե, որ բնակիչը գա վերցնի։ Երբ մարդկանց ինչ-որ տեղականք կամ փաստաթուղթ է պետք լինում, դա տրամադրվում է իմ կողմից, այսինքն՝ կնիքն իմ ձեռքին է»,- նշեց նա։

Էրիկ Աբրահանյանն ասաց, որ Արցախ վերադարձի հարցը դիտարկում են միայն այն դեպքում, եթե Արցախում լինի հայկական իշխանություն, նաեւ գործեն անվտանգության միջազգային երաշխիքներ։ Բայց մեկ կարեւոր պայման կա՝ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2020 թվականի պատերազմից առաջ եղած սահմաններ։ «Յուրքանչյուրս էլ պատրաստ է, որ վերադառնա, բայց միայն մեկ պայմանով, որ թուրքի վերահսկողության տակ չլինենք։ Եթե Արցախում լինի հայկական իշխանություն, կվերադառնանք։ Բայց թուրքի վերահսկողության տակ, թուրքական անձնագրով տարբերակը բացառում ենք, դա սուտ է։ Միջազգային երաշխիքներին էլ համաձայն ենք միայն այն դեպքում, եթե դարձյալ ադրբեջանական վերահսկողություն չլինի։ Նրանք պետք է հետ վերադառնան այնտեղ, որտեղ եղել են 2020 թվականի պատերազմից առաջ։ Հայաստանի հետ ճանապարհը պետք է բաց լինի, բնակավայրերում պետք է անվտանգ լինի, որ երեխեն ազատ գնա մանկապարտեզ, դպրոց, որ վախը մեջները չլինի։ Ես մեր գյուղի օրինակով եմ ասում՝ գյուղից մոտ 170 երեխա ենք հանել, սաղ սոված, կապտած, վախեցած»,- ասաց նա։

Էրիկ Աբրահամյանը նշեց, որ սեպտեմբերյան հարձակման օրերին ադրբեջանցիներն արդեն մտել էին Շոշ գյուղ, կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ։ «Ռուսը, որ եկավ, արդեն մութը ընկած էր, թուրքերն արդեն գյուղի մեջ մարդ էին խփում։ Փառք Աստծո, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, բայց վիրավորներ շատ ենք ունեցել։ Ռուսները ուշ եկան, ասացին, որ ավտոբուսներով գալիս են, որ ժողովրդին տարհանեն։ Բայց հետո այնպես ստացվեց, որ իրենք իրենց ԲՏՌ-ով եկան ու ասացին՝ զենքներդ պետք է հանձնեք ու մեզ հետ իջնեք։ Ժողովուրդը դպրոցի նկուղում էր, ես ասացի՝ ժողովուրդը թող մնա այնտեղ, դուք էլ պահեք, թող թուրքը մտնի մեր գյուղը, բայց մենք մեր գյուղում մնանք։ Ասացին՝ չենք կարող։ Ասացի՝ գիտեմ, որ չեք կարող, ես քեզ չեմ ասում, քո վերադասին ներկայացրու, թող ինքն էլ օգնություն ուղարկի ձեզ, որ պահեք։ Կապվեց իրենց նաչալնիկ շտաբի հետ, խոսելուց հետո ասաց՝ զենքերը պիտի հանձնեք ու դուրս գաք։

Ես կարծում եմ՝ իրենք այդ ԲՏՌ-ով ոչ մի բան չէին կարողանա անել, որովհետեւ իրենք էլ էին վախեցած, չգիտեին՝ ոնց անեին։ Գյուղից ներքեւ կամրջի վրա, ժայռի տակ սաղ թուրքեր էին կանգնած։ Նրանք էլ, եթե զենքով մարդ տեսնում էին, խփում էին։ Դրա համար էլ ես միայն երեխեքի համար համաձայնեցի, որ զենքերը հանձնենք, որ բնակչությանը հանեինք այնտեղից»,- ասաց Էրիկ Աբրահամյանը։

Հարձակման ժամանակ, նրա խոսքով, գյուղի մոտ 600 բանկչից ընդամենը 20-30-ը գյուղում չէին։ Տարհանման ժամանակ գյուղի բնակիչներից 3-ին թողել են գյուղում, քանի որ խառնաշփոթի մեջ ընտանիքի անդաները չեն նկատել, որ իրենց հարազատները չկա։ Գյուղապետը բռնի տեղահանումից հետո չորրորդ օրը ռուսական կողմի հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին ու գյուղացիներին անվնաս տարհանել։ «Բայց թուրքերն իրենց տները չէին մտել, իրենց ընդհանրապես չէին դիպչել»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հետեւանք էր Արցախի օկուպացիան, Էրիկ Աբրահամյանն ասում է․ «Դա ես չեմ կարող ասել, վերադասին այդ հարցերը տվեք։ Մինչեւ հիմա մենք ինչքան հարցեր տվել ենք, ոչ ոք մեր հարցերին չի պատասխանել։ Դրա համար չգտենք՝ խի՞ սենց եղավ»։

Միաժամանակ նա հավելեց, որ Արցախի հարցը փակված չէ։ «Ես չեմ մտածում, որ Արցախի հարցը փակված է։ Ինձ թվում է՝ մենք դեռ ելք ունենք, եթե խելոք ու ճիշտ դիվանագիտություն տարվի։ Հարցը միջազգայնորեն պետք է լուծվի, ոչ թե իրենք երկու հոգով հանդիպեն ու իրար մեջ լուծեն»,- ընդգծեց նա։

f