«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-20-ը Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվածները եւս հիմնադրամի շահառու են դառնում։ Նաեւ հայտարարվել է, որ վերանայել եւ ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ 2024թ․ հունվարի 1-ից բարձրացնելով այն 26%-ով։ Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքները վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնել են հարցը, որ զոհվածների ընտանիքները չեն կարողանում հիմնադրամի շահառու դառնալ։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամն արդեն սկսել է հատկացնել արցախցիների հատուցման գումարները։ «Ես տարբեր շրջանակներից հետաքրքրվել եմ, կարծես թե մեխանիզմն արդեն հստակ է։ Այո, բացթողումներ եղել են, որ գործընթացն այսքան ձգձգվել է, բայց ես տեղեկություններ ունեմ, որ առաջընթաց կա, փաստաթղթերի մի զգալի մասը պատրաստել են, ուղարկում են «Զինապահ», «Զինապահն» էլ գումարները հատկացնում է։ Բայց ես չգիտեմ՝ ինչքա՞ն կտեւի գործընթացը, կարծում եմ՝ կարճ ժամկետում պետք է տրվի փոխհատուցումը»,- ասաց նա։ Միաժամանակ, Բեգլարյանը չբացառեց, որ կլինեն անհատական դեպքեր, որոնցով լրացուցիչ փաստաթղթերի հավաքագրման կարիք կլինի, ժամկետները կերկարեն։ «Այս մասով ես համարում եմ, որ պետական մարմինները ձախողել են, պատշաճ չեն արձագանքում փաստաթղթեր վերականգնելու հետ կապված հարցերին»,- ասաց նա։
Մեր հարցին, թե քաղաքական որոշո՞ւմ էր հատուցման գործընթացը ձգձգելը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Իմ տպավորությամբ՝ վարչական խնդիր էր, վարչականի հետեւում քաղաքական խնդիր էր, որ չէին կողմնորոշվում, թե ինչպես պետք է փաստաթղթերը հավաքեն, ապացույցները հիմնավոր համարեն։ Քանի որ նախկինում արցախցիների մասով դա Պաշտպանության բանակն էր անում, նորմալ ընթանում էր գործընթացը։ Այս պահին, քանի որ Պաշտպանության բանակը կազմաքանդված է, քաղաքական որոշում չէր կայացվում, թե ինչ մեխանիզմներով այդ հարցը պետք է լուծվեր։ Ես ենթադրում եմ, որ քաղաքական վախեր են եղել, բայց վերջում ինչ-որ մեխանիզմներ գտան, որ պետք է շատ արագ անեին, մտածելու տեղ չկար, եւ արդյունքում՝ հիմա արդեն լուծումներ են տրվում խնդիներին»։
Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով Արցախում զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Իսկ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մահացել է 218 քաղաքացի, 120-ը վիրավորվել են։
Անդրադառնալով հարցին, թե վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրվելո՞ւ է, Արտակ Բեգլարյանն ասաց․ «Այդ ընտանիքները շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում, եւ, որքանով ես տեղյակ եմ, ՀՀ կառավարությունը որեւէ դրական ընդառաջ քայլ չի անում՝ այս ընտանիքներին օգնելու համար։ Ձեւավորված պակտիկան ու այս իրավիճակը հաշվի առնելով՝ կարիք կար, որպեսզի ֆինանսական աջակցություն ցուցաբերեին այս ընտանիքներին։ Նույնը վերաբերում է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված ու վիրավորված քաղաքացիական անձանց ընտանիքներին։ Իրենց նույնպես պետք է որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեին, բայց չեն անում։ Այնինչ, 2020 թվականին դա արել էին։ Այսինքն՝ 2020 թվականից արդեն ձեւավորված պրակտիկա կա, պետք է արդարության սկզբունքը պահել եւ նույն չափով ու նույն մեխանիզմներով ֆինանսական աջակցություն տրամարդել նաեւ այդ ընտանիքներին»,- նշեց նա։
Կան տեսակետներ, որ Հայաստանի կառավարությունը դիտավորյալ է Արցախից բռնի տեղահանված անձանց համար արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ ստեղծում, որպեսզի արցախցիները չմնան Հայաստանում։
Այս հարցին անդրադառնալով՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ «Ես ավելի շատ տպավորություն ունեմ, որ իրենք չեն ուզում լրացուցիչ պարտավորություններ ստանձնել արցախցիների մասով, որ ներքաղաքական, արտաքին քաղաքական շահարկումներ չլինեն։ Չեն ուզում պարտավորությունների տեսանկյունից արցախցիների ակնկալիքները բարձրացնել, ուզում են արցախցիներին հնարավորինս ցարծր գնով ինտեգրել ու մարսել։ Մի մասն էլ, բնականաբար, կարտագաղթեն։ Իրենց համար շատ էական չէ՝ կարտագաղթեն, թե՞ կմնան Հայաստանում։ Ավելի շատ էական է, որ արցախցիներն իրենց համար քաղաքական գլխացավանք չլինեն երկարաժամկետ հատվածում։ Եվ դրանով փորձում են փակել Արցախի պահանջատիրության ու իրավունքների էջը։ Իրենց հիմնական ռազմավարական նպատակը սա է, մնացածն այդ նպատակներին սպասարկող միջոցներ են»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: