«Խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակվում են, այսօր եւ վաղը Բեռլինում արտաքին գործերին նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու։ Առաջարկների 7-րդ ռաունդն է եղել, եւ այսօր ու վաղը արտգործնախարարները տեքստի վրա կաշխատեն, դրանից հետո կհասկանանք, թե արդյոք առաջընթաց գրանցում են այս բանակցությունները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե Գերմանիայում այսօր կայանալիք հանդիպումը եռակողմ է, թե՞ երկկողմ, նա պատասխանեց, որ ձեւաչափին տեղյակ չեն, այսօր կիմանան։
Իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ սկզբունքային կետերի շուրջ կա հետընթաց։ Հարցին, թե ի՞նչ հետընթացի մասին է խոսքը, Խանդանյանը պատասխանեց․ «Ես ենթադրում եմ, որ եղել են որոշակի հոդվածներ կամ դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումների ժամանակ Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։ Եվ մենք շարունակաբար պնդել ենք, որ այն, ինչ արդեն համաձայնեցված է, պետք է պահպանվի։ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, բանակցությունների ընթացքում բանակցված ու համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում։ Բայց եթե մենք ելնենք այն կանխավարկածից, որ մեկ է, հույս չկա, ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների։ Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ դա է, որ լարվածությունը նվազեցվի, բանակցային համագործակցության շրջանակ ձեւավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն ունենալ»։
Ըստ Խանդանյանի՝ վերջին ամիսների ընթացքում բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ լինի։ Ըստ նրա՝ այսօր խնդիրը ոչ թե Ադրբեջանին արեւմտյան հարթակ բերելն է, այլ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելն է։
«Մի բան հստակ է, եւ հստակ է նաեւ մեր միջազգային գործընկերների համար, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է։ Եվ այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն։ Դրանից դուրս լրացուցիչ պահանջներն անընդունելի են»,- հավելեց Խանդանյանը։