Արցախցիների վերադարձի հարցը չպետք է դուրս գա օրակարգից։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։ «Առաջին հերթին հենց վերադարձի մասին պետք է խոսենք, որովհետեւ դա է առաջնային հարցը։ Ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է, մենք չենք խոսում, դա սխալ է։ Վերադարձի հարցը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել, որովհետեւ վերադարձի հնարավորությունը կա»,- ասաց Սավադյանը։
Հարցին, թե ի՞նչ ռեսուրս կա՝ արցախցիների վերադարձն ապահովելու համար, նա պատասխանեց․ «Առաջին ռեսուրսը ժողովուրդն է, որը միանշանակ պատրաստ է վերադառնալ։ Մյուս ռեսուրսն այն է, որ եթե այդ հարցի մասին սկսենք խոսել, պրոցեսը կգնա, հարցը տեղից կշարժվի։ Եթե այդ մասին չենք խոսում, պարզ է, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Ամբողջ աշխարհն ասում է, որ այդ մարդկանց Ադրբեջանը բռնի տեղահանել է։ Իրենք էլ են ասում՝ թող հետ գան, ԱՄՆ-ն էլ է ասում, Ֆրանսիան էլ, անգամ Մարիա Զախարովան է այդ մասին ամեն օր խոսում։ Մենք էլ պետք է կանգնենք ու ասենք՝ պատրաստ ենք հետ գնալ, բայց մենք էլ ունենք մեր պայմանները։ Այդ պայմանների մասին շատ է խոսվել, դրանցից մեկն այն է, որ միջազգային խաղաղապահ ուժեր պետք է գան Արցախ։ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է այնտեղից պարտադիր հեռացվեն»։
Ըստ Սավադյանի՝ մյուս պայմանն էլ այն է, որ Բերձորի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի վերահսկողությանը։ Ադրբեջանի եւ զինուժը, եւ ոստիկանությունը, եւ կառավարման մարմինները պետք է դուրս գան Արցախից, այնտեղ պետք է լինի միայն հայկական իշխանություն։
«Սրանք են մեր պահանջները, այս պահանջների մասին պետք է պարտադիր խոսել։ Արցախի ժողովուրդը սա ուզում է, բայց պետք է լինեն մարդիկ, որոնք սայլը տեղից կշարժեն։ Առաջին հերթին Արցախի իշխանությունները պետք է այս հարցով զբաղվեն, բայց իրենք ոչինչ չեն անում։ Երբ իրենք տեղափոխվել էին Հայաստան, այդ մասին պետք է խոսեին ու կոնկրետ դրանով պետք է զբաղվեին։ Արցախի իշխանություններն այդ հնարավորությունն ունեն, մեծ շենքը վերցրել, իշխանություն են խաղում, եւ պետք է զբաղվեն ժողովրդի վերադարձի հարցով»,- ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի իշխանությունների կողմից ճնշում կա Արցախի իշխանությունների նկատմամբ, Վահան Սավադյանն ասաց․ «Եթե անգամ ենթադրենք, որ դա այդպես է, ճնշում կա, բայց Արցախի իշխանությունների կողմից գոնե մեկ փորձ եղե՞լ է։ Եթե գոնե մեկ փորձ երեւար, որ իրենք փորձել են այդ հարցով զբաղվել, բայց Հայաստանի իշխանությունը ճնշել է, այլ հարց է։ Բայց փորձ էլ չի եղել, որ տեսնենք՝ ՀՀ իշխանությունը ճնշում է, թե՞ ոչ։ Մենք կողքից ինչքան կարող ենք, կօգնենք, բայց հենց իշխանությունները պետք է այդ հարցով զբաղվեն։ Եթե իշխանությունը չի անում, կգտվեն այլ մարդիկ, արդեն կան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, եւ մոտ ժամանակներս արդյունքը կերեւա»։
Վահան Սավադյանը նաեւ նշեց, որ արցախցիների կորցրած գույքի գույքագրման աշխատանք չի իրականացվում։ Արցախի իշխանությունները համայնքների ղեկավարներին գույքագրման վերաբերյալ հանձնարարական չեն տվել․ «Համայնքի ղեկավարներից մեկն էլ ես եմ, իշխանության կողմից նման հանձնարարություն չի եղել։ Ճիշտ է, մենք արդեն վաղուց այդ գույքագրումն արել ենք, բայց ես միշտ կապի մեջ եմ, չկա նման հանձնարարական»։ Մեր հարցին, թե քաղաքական որոշո՞ւմ կա, որ գույքագրում չիրականացվի, Սավադյանը պատասխանեց․ «Չգիտեմ, անգործություն է, ուրիշ ոչ մի բան»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: