«Մենք չգիտենք՝ ո՞վ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացի՞ ենք, արցախցի՞, թե՞ փախստական»

  • 16:22 05.03.2024

Արցախից բռնի տեղահանվածները խճճվել են Հայաստանի կառավարության գործելաոճի պատճառով։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում Քաշաթաղից բռնի տեղահանված անձինք, նրանք ասում են, որ կառավարության որոշումների պատճառով հայտնվել են անորոշ վիճակում։

Բռնի տեղահանված Աիդա Բեգոյանը լրագրողներին ցույց տվեց իր փախստականի վկայականը՝ հարցադրում անելով․ «Սա իմ փախստականի վկայականն է, սա ինչի՞ համար են մեզ տվել, ի՞նչ կարող ենք անել սրանով՝ մեզ բանկերը սրանով տուն կտա՞ն, պետությունը օգնություն կտա՞, կվերադարձնե՞ն այն, ինչ կորցրել ենք»։ Քաշաթաղից բռնի տեղահանված որոշ ընտանիքներ երեխաների նպաստ չեն ստանում։ Բնակիչներից մեկն ասաց, որ 2022 թվականին իր երեխան Հայաստանում է ծնվել, բայց չեն հաշվառել նպաստների համակարգում։ Սոցիալական մյուս խնդիրները եւս չեն լուծվում, Արցախից բռնի տեղահանվածներն անընդհատ խոչընդոտների են հանդիպում։ Քաշաթաղում հիմնականում բնակություն էին հաստատել Հայաստանից գնացած վերաբնակիչ ընտանիքները։ Նրանք այսօր բողոքում են․ «Սկզբում մեզ ասում էին՝ հայաստանցի եք, հիմա ասում են՝ արցախցի եք։ Մենք չգիտենք՝ ո՞վ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացի՞ ենք, արցախցի՞, թե՞ փախստական»,- հարցադրում արեց կինը։

Քաշաթաղի բնակիչներն ունեն Արցախի կառավարության կողմից հատկացված մուրհակներ, որոնք նրանք ստացել են 44-օրյա պատերազմից հետո՝ կորցրած գույքի գույքագրում կատարելու արդյունքում։ Նրանք ասում են, որ այս մուրհակները Հայաստանում առ ոչինչ են այսօր։ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել միայն բանկերում գրավադրված մուրհակների խնդիրը, այսինքն՝ երկակի մոտեցում է ցուցաբերում։ «Մենք տվյալ պահին ուզում ենք սրա փոխհատուցումը, բայց եթե պետությունը կասի՝ մենք ի վիճակի չենք հիմա վճարել, թող սա փոխարինի ՀՀ պարտամուրհակով։ Բայց կառավարությունն ասում է՝ կարաք տանեք, ճմրթեք դնեք սեղանին»,- ասաց նա։

Արցախի հասարակ բանկիչը մուրհակների դիմաց փոխհատուցում չի ստացել, իսկ ՀԷԿ-երի համար միլիարդներով փոխհատուցում է տրվել, ասում են արցախցիները։ «Այն ժամանակ, երբ մենք հարցրեցինք Արայիկ Հարությունյանին՝ ե՞րբ են արվելու այդ փոխհատուցումները, ասաց՝ փոխհատուցումը տրամադրվում է, որպեսզի նախ բիզնեսը զարգանա Արցախում։ Բայց հասարակ բնակիչը, որը մեկ կով կամ հինգ ոչխար է կորցրել, կորցրած տեխնիկայի համար պետք է փոխհատուցում ստանա, այդպես էլ չստացավ, փոշիացավ։ Հիմա Արցախի կառավարություն չկա, որ նրանից պահանջենք, Հայաստանի կառավարությունն էլ ասում է՝ Արցախի կառավարությունից ուզեք»,- դժգոհեց արցախցիներից մեկը։

Արմեն Չոմոյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունից իրենց ուղարկում են Արցախի կառավարություն․ «Ասում են՝ ձեր հարցը Արցախի կառավարության հետ է, իսկ Արցախի իշխանությունն էլ ասում է՝ դիմեք Հայաստանի իշխանությանը` մենք չկանք։ Բայց մենք լավ գիտենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի իշխանության կցորդն էր, Արցախում գոյություն չուներ անկախ կառավարում։ 2020 թվականից հետո մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ձեր ուղարկած գումարները Արցախում փոշիանում են։ Մենք հակված ենք նրան, որ գումարները գնացել են Արցախ, բայց մի մասը հետ է եկել Հայաստանի կառավարություն»։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Քաշաթաղից բռնի տեղահանվածները ներկայացրեցին իրենց բազմաթիվ սոցիալական խնդիրները։ Քաշաթաղցիներին Հայաստանի կառավարությունը բնակարանների գնման վկայագրեր էր հատկացրել։ Բայց, ինչպես տեղեկացրեց Արմեն Չոմոյանը, այսօր դեռ 1600-1700 ընտանիք չեն կարողացել այլ սերտիֆիկատներով բնակարաններ գնել։ «Բնակիչը գտնում է տունը, որը պետք է գնի, բայց բանկը գնահատում է ցածր արժեքով։ Առանց տուն մնացել է այն զանգվածը, որն ի վիճակի չէ ոչ գումար ավելացնելու, ոչ էլ բնակարան գտնելու, նրանց հարցը պետք է լուծվի։ Կառավարությունը որոշել է սահմանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում մինչեւ 16 մլն դրամ, բայց սահմանամերձ տարածքներին բանկերը մոտ չեն գնում, ասում են՝ ռիսկային գոտի է։ Իսկ Արցախում 2020 թվականից հետո 400 մլն դրամ վարկ էին տրամադրել՝ այգի հիմնելու համար, այն ժամանակ չէին ասում՝ ռիսկային է։ Թող մեզ բացատրություն տան՝ Արցախում անվտանգային երաշխիք չկար, բայց այդ վարկը տրամադրվել է, իսկ մենք մոտենում ենք բանկեր, մեզ ասում են՝ սահմանամերձ համայնքներ են, ռիսկային է»։

Նրանց բարձրացրած մյուս խնդիրն այն է, որ շատ արցախցիներ բանկերում «սեւ ցուցակում» են։ Թեեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ այս հարցը լուծվում է, բայց մարդիկ հակառակն են պնդում։ «Հայաստանի կառավարությունը բանկերում Արցախի բնակչության պարտքը գնել է, բայց խախտվել է մեր վճարման իրավունքը։ Մենք հիմա չենք կարողանում մեր վարկի դիմաց որեւէ տեղ վճարել, որպեսզի մեր մի քանի կտոր ոսկին ստանանք։ Գնում  ենք բանկ, բանկն ասում է՝ որոշում չկա, ձեր ոսկիները չենք կարող հատկացնել։ Կառավարությունը ոչ թե մեր վարկն է մարել, այլ մեր պարտքն է գնել՝ խախտելով մեր իրավունքները»,- ընդգծեց Արմեն Չոմոյանը։

f