Արցախի կորստից հետո բոլոր ընտանիքներում կան թեմաներ, որոնց մասին լռում են, կան բառեր, որոնք այլևս չեն ասվում: Դա պայմանավորվածությունների կամ որոշումների արդյունք չէ, պարզապես բոլորը գիտակցում են՝ մեկ բառը բավարար է, որպեսզի փխրուն իրականությունն ու նրանում ապրող մարդիկ կոտրվեն: Իսկ մարդիկ, որոնք արդեն իսկ մեծ դժվարությամբ են հավաքվել իրենց հազարավոր մասնիկներից, ապրում են ծանր սրտով՝ խուսափելով մտքերից ու խոսակցություններից:
Մեր ընտանիքում այդպիսի թեմաներից մեկն էլ Բիմն է:
2024 թվականի սեպտեմբերին, երբ տաս ամսվա շրջափակումից հետո պարզ դարձավ, որ բնակիչները ստիպված են հեռանալ Արցախից, մարդիկ սկսեցին հավաքվել: Ոմանք վառելիք էին փնտրում, ոմանք՝ հագուստ, լուսանկարների ալբոմներ հավաքում, ոմանք այցելում էին գերեզմանոց, իսկ ոմանք հրաժեշտ էին տալիս ընտանիքի անդամներին, որոնց չէին կարող իրենց հետ վերցնել… Կենդանիներին: Շներ, կատուներ և այլ կենդանիներ, որոնք չէին հասկանում, թե ինչ է կատարվում, պարզապես գիտակցեցին, որ մնացել են մենակ՝ տներում ու փողոցներում, որտեղ նախկինում մարդիկ էին ապրում: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրանց սպասում ճանապարհին, որքան կտևի փրկության ուղին, և արդյոք կհաջողվի հաղթահարել այն: Շատերը չունեին մեքենաներ, վառելիք կամ տեղ՝ կենդանիներին տեղափոխելու համար:
Մեր ընտանիքում, սակայն, խնդիրը մեքենայի կամ տեղ չունենալու մեջ չէր:
Բիմին գտանք դեռ 2014 թվականին՝ մի անձրևոտ օր քաղաքի սահմաններից դուրս՝ ճանապարհի եզրին: Մութ էր, ցուրտ և խոնավ: Երբ տեսանք նրան՝ փոքրիկ, միայնակ, անձրևի տակ՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ նրան այնտեղ չենք թողնի: Նրա գոյությունն ու մեր կյանքում ներկայությունը իմ ընտանիքի համար օրհնություն էր տիեզերքի կողմից։ Առաջին հայացքից, նա ոչ այնքան շան, ինչքան խոզուկի էր նման։ Մի քանի օր անց նրա փորն այնքան էր մեծացել, որ հազիվ էր ոտքի կանգնում (20 օրական էլ չեր): Շատ սիրեցինք նրան: Նա սովորական փողոցի շուն էր՝ ցեղատեսակների խառնուրդ։ Բիմային մենք հրամաններ չէինք սովորեցրել։ Նա չգիտեր՝ «նստի’ր», «կանգնի’ր» հրամանները, բայց գիտեր, երբ տրամադրություն չունենք, և երբ պիտի գար ու գլուխը մեր ուսին դներ: Նա չգիտեր՝ «գլորվի’ր», «պարի’ր» հրամանները, բայց երբ հայրիկս բազկաթոռին քնում էր հեռուստացույց նայելու ժամանակ, նա անջատում էր սենյակի լույսը։ Նա գիտեր սիրել, և նորովի սովորեցրեց մեզ՝ ինչ է անմնացորդ սերը։ Նա բառացիորեն մեր ընտանիքի անդամը դարձավ, մեր չորրորդ երեխան:
Շրջափակման ժամանակ մայրիկիս խանութի հերթերում կարելի էր տեսնել միայն այն դեպքում, երբ կարելի էր ինչ-որ բան գնել, որից հնարավոր էր կերակուր պատրաստել Բիմի ու մեր կատուների համար: Իմ ծնողները հաճախ սոված էին մնում, բայց Բիմին սոված թողնել չէին կարողանում:
Յուրաքանչյուր շուն սրտի խորքում բոլոր մարդկանցից մեկին ամենաշատն է սիրում, ում իր տերն է համարում, ով շատ ժամանակ է անցկացնում նրա հետ կամ ամենաուժեղ կապն է ստեղծում նրա հետ: Մեր ընտանիքում դա հայրիկս էր: Նա Բիմին անվանեց «Սպիտակ Բիմ, սև ականջ» ֆիլմի շան պատվին: Թեև Բիմի ականջը սև չէր, բայց հայրիկը շատ էր նմանեցնում ֆիլմի շանը:
2020 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում պատերազմ սկսվեց, Բիմը, ինչպես բոլորս, շատ վախեցավ պայթյունների ձայներից: Միշտ վազում ու թաքնվում էր մահճակալի տակ: Մեր տունը սեփական էր՝ ինչպես ասում ենք Արցախում (այսինքն՝ տուն, ոչ թե բնակարան): Ապրում էինք երկրորդ հարկում, միայն պապիկի սենյակը առաջին հարկում էր: Պատերազմի ժամանակ մենք էլ գիշերները անցկացնում էինք առաջին հարկում, բայց դա ո՛չ նկուղ էր, ո՛չ էլ ապաստարան, և այնտեղ ոչ ոք չէր փրկվի, եթե անօթաչու սարքը հարվածեր տանը: Ես պատերազմը տանը չէի անցկացնում, այլ՝ ուրիշ լրագրողների հետ՝ տեղեկատվական կենտրոնում և դպրոցներից մեկի նկուղում: Մայրիկը՝ բուժքույր լինելով, գիշերներն ու ցերեկներն անցկացրեց հիվանդանոցում: Եղբայրս՝ պատերազմի առաջին իսկ օրը զորակոչվեց: Փոքր քույրիկս՝ մեր ընտանիքի միակ անդամն էր, ում պատերազմի երկրորդ շաբաթից հետո ուղարկեցինք Երևան: Հայրիկս (հաշմանդամ՝ առաջին արցախյան պատերազմից), պապիկն ու Բիմը տանն էին: Մեր թաղամասում (Ստեփանակերտում կոչում ենք այն «Զավադսկոյ») միակ ապաստարանը հագուստի գործարանի նկուղային տարածքն էր: Երբ քաղաքը սկսեցին ավելի հաճախ ու անողոքաբար ռմբակոծել, պապիկը միացավ մյուս մարդկանց՝ այդ ապաստարանում: Հայրիկը մնաց տանը: Ինչու՞: Քանի որ ապաստարաններում կենդանիներին չէին թույլատրում մտնել, իսկ Բիմին միայնակ տանը թողնել հայրիկը չէր կարողանում: Այսպես էլ անցկացնում էին ամբողջ պատերազմը՝ բաց երկնքի տակ՝ հայրիկն ու Բիմը: Բիմն էլ, իր հերթին, ամեն օր իր հետևից բակի շներին ու կատուներին բերում էր մեր տուն (այն ժամանակ էլ բազմաթիվ մարդիկ, որոնք հեռանում էին Ստեփանակերտից, իրենց կենդանիներին բաց էին թողնում փողոց):
2020 թվականի նոյեմբերի 7-ին, երբ ամբողջ քաղաքը ստիպված էր տարհանվել, ծնողներս, իհարկե, Բիմին էլ իրենց հետ վերցրին: Անհասկանալի էր՝ արդյոք կկարողանան գտնել մի տեղ, որտեղ կարելի էր մնալ շան հետ (կենդանիների տերերը կհասկանան):
2023 թվականին, երբ մեր ծնողները բռնեցին գաղթի ուղին, մենք սպասում էինք բոլորին՝ մայրիկիս, հայրիկիս, Բիմին… Պապիկս մահացավ շրջափակման ժամանակ…
Շրջափակումից առաջ ես ու քույրս, մնացել էինք Երևանում՝ տարբեր պատճառներով: Երբ սկսվեց վերջին պատերազմը, մենք անհանգստանում էինք բոլորի համար: Այս անգամ ես անհանգստանում էի Երևանում, այլ ոչ թե, ինչպես անցած անգամ, հանգստացնում էի մյուսներին: Երբ մեզ հաջողվեց խոսել ծնողներիս հետ, և երբ իմացանք, որ ճանապարհը բաց է, մենք անմիջապես հարցրինք Բիմի մասին՝ «Մա’մ, կբերեք Բիմին, չէ՞: Գիտեմ, որ պետք է մեքենայով շատ մարդկանց տեղափոխեք, բայց Բիմն ինչ-որ մեկին խանգարել հո չի՞ խանգարի»: Նրանք ինչ-որ անհասկանալի ձևով խուսափում էին պատասխանել՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Բայց մենք իսկապես մի վայրկյան չէինք կասկածում, որ նրան կբերեն: Այլ տարբերակ նույնիսկ չէր քննարկվում:
Միայն այն ժամանակ, երբ նրանք եկան, իմացանք, որ Բիմը այլևս չկա: Նա 9 տարեկան էր: Այս անգամ նա չդիմացավ պատերազմի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռմբակոծությունները, Բիմը վախից էպիլեպսիայի նոպա ունեցավ: Սարսափից սիրտը կանգնեց… Իսկ ծնողներս չկարողացան մեզ պատմել մինչև այն ժամանակ, երբ դա անխուսափելի էր։
Մենք մինչ օրս Բիմի մասին չենք խոսում, նրա անունը չենք տալիս, քանի որ դա շատ, շատ ցավոտ է: 9 տարի նա մեզ հետ կիսեց մեր հացն ու ջուրը: Երբեմն շատ ամաչում եմ, որ վշտում եմ իմ շան համար, երբ տեսնում եմ այնքա՜ն մարդկանց, ովքեր իրենց ընտանիքի անդամներին են կորցրել: Մարդկային կորստի հետ ոչինչ չի կարող համեմատվել: Բայց կարծում եմ՝ ինձ, մեր ընտանիքին և շատ մարդկանց, որոնք կորցրել են իրենց կենդանիներին, տրված է այդ համեստ իրավունքը՝ մեր սահմաններում լուռ ողբալ մեր կորուստը:
Արցախյան պատերազմի ժամանակ կինոռեժիսոր Կարին Հովհաննիսյանը եկավ Ստեփանակերտ՝ նկարահանելու ֆիլմ՝ պատերազմի մասին իմ օրագրերի աչքերով: Շրջափակումից առաջ մենք ունեցանք ֆիլմի պրեմիերան Ամերիկայում: Բիմն էլ «մասնակցեց» այդ ֆիլմին: Այսօր ես այնքան ուրախ եմ, որ Բիմը հիշատակվեց մեր Արցախյան և պատերազմի մասին պատմող ֆիլմում, որը մնալու է պատմության մեջ: Ես այնքան երջանիկ եմ, որ իմ կյանքի այդքան տարիները կիսեցի նրա հետ: Բոլոր այն ժպիտների համար, որոնք նա ինձ նվիրեց, և բոլոր այն արցունքների համար, որոնք լպստեց իմ այտերից:
Բոլորից շատ, երևի, կոտրվեց հայրս: Ծնողներս հաստատվել են Գյումրիում, և այն տանը, որտեղ նրանք ապրում են, մի քանի ամիս առաջ մահացել է ընտանիքի հայրը՝ մի տղամարդ, որի մոտ ապրում էր մի հսկա, գեղեցիկ շուն՝ Կոստյան: Կոստյան գրեթե ոչինչ չէր ուտում, մինչև ծնողներիս այնտեղ տեղափոխվելը: Եվ այսպես, հանդիպեցին երկուսը՝ տերը՝ առանց շան, և շունը՝ առանց տիրոջ, երկուսն էլ տխուր աչքերով, երկուսն էլ կորցրած իրենց լավագույն ընկերներին: Հավանաբար, սա ճակատագիր է: Եվ այդպես էլ ապրում են, փորձելով ամոքել միմյանց վերքերը և իրար կյանքի վերադարձնել:
Լիկա Զախարյան
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: