«Զվարթնոց» օդանավակայանը կարող է նախադեպ դառնալ. ի՞նչ կարող է հակադրել Մոսկվան

  • 11:48 07.03.2024

Երևանն առաջարկել է Մոսկվային դուրս բերել ռուս սահմանապահներին, ովքեր աշխատում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետում, գրում է BBC-ն։

«Առաջարկել» բառն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս քաղաքական և իրավական ակտի բնույթի մասին, որը կարող է դառնալ կարևոր նախադեպ: Կամ այն բանի նախադեպ, որ Հայաստանը կհասնի իր օրինական պահանջի կատարմանը, կամ Մոսկվայի կողմից «անմեղ առաջարկի» համար «պատժվելու» նախադեպ։

Չորեքշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ օդանավակայանում հսկողությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը։ Հարցին, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, Գրիգորյանը պատասխանեց, որ անկախության շրջանում Հայաստանն ստացել է օդանավակայանի ամբողջական վերահսկողության բոլոր հնարավորությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Այս հստակ դիրքորոշման մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնությունը»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը։

Մոսկվան չգիտի պաշտոնական նամակի մասին, ավելին, Կրեմլը չի ​​ասել՝ ընդունո՞ւմ է Հայաստանի օրինական «առաջարկը», թե՞ այն անօրինական է համարում։ Սա չափազանց կարևոր հարց է, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները ծառայում են առանց փաստաթղթային պայմանագրային հիմքի։ Ինչպես օրինական հիմք չկա Հայաստանի և ադրբեջանի պայմանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության համար։

Եթե ​​Մոսկվան օրինական համարի “առաջարկը” եւ համաձայնի դուրս բերել սահմանապահներին օդանավակայանից, ապա Սյունիքից և Վայոց Ձորից եւս պետք է դուրս գա։ Իսկ Մոսկվայի մերժումը սահմանապահներին օդանավակայանից դուրս բերելը կարող է կասկածի տակ դնել իր ռազմական ներկայության իրավական հիմքերը Հայաստանում ընդանրապես:

Մոսկվան, ինչպես միշտ նման դեպքերում, գործում է ոչ թե իրավական, այլ սպեկուլյատիվ տարածքում։ Անմիջապես սկսվեց «պատասխանի» մասին խոսակցությունը, կարծես Հայաստանը Ռուսաստանից պահանջում է Կրասնոդարի երկրամասը, այլ ոչ թե «առաջարկում» է դուրս բերել սահմանապահներին սեփական օդանավակայանից։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը մարտի 6-ից փակում է Վերին Լարսը (այն ​​փաստացի փակվեց բեռնատարների համար՝ բայց վատ եղանակի պատճառով)։ Նորից սկսեցին խոսել այն մասին, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում» (առանց նշելու, որ Ուկրաինայի հետ պատերազմը չի խանգարում միլիոնավոր ուկրաինացիների ապրել Ռուսաստանում և հակառակը)։

Հայկական մամուլում եւս արտահոսքեր սկսվեցին։ Այսօր «տեղեկություններ» հայտնվեցին Արմեն Գրիգորյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխող խմբակցության հետ հանդիպման մասին, որտեղ նա իբր ասել էր, թե Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է պորտալարով, որ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերը կարող են հանգեցնել Վերին Լարսի փակմանը և անվտանգության խնդիրների, որ Արևմուտքը պատրաստ չէ «դիվերսիֆիկացիային» և վաղաժամկետ է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար: Նա, իբր, ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական բազաների դուրսբերումը չի քննարկվում, բայց հայտարարությունները տալիս են իրենց պտուղները՝ Լավրովը զանգահարել է Միրզոյանին (այսինքն՝ նախկինում չէր զանգահարել)։

Եթե ​​տեղեկությունը հավաստի է, և եթե Մոսկվան զորքերը դուրս չբերի Զվարթնոցից, ապա այս պատմությունը կդառնա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ուժեղացնելու ևս մեկ նախադեպ, ինչպես նաև գործող իշխանության «հակառուսական» իմիտացիոն էության վառ ապացույցը։

1992 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ ռուսական սահմանապահ զորքերի չորս ջոկատներ հսկողություն են իրականացնում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին՝ Գյումրի, Արմավիր, Արտաշատ և Մեղրի բնակավայրերում։ Ու վերջ:

Նաիրա Հայրումյան