«Երկու խնդիրները» կլուծվեն, երբ հանձնվեն «անկլավները», եւ Հայաստանը ինքը կլինի “անկլավ”

Արարատ Միրզոյանը Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցի մեջ նշել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ Երեւանն ու Բաքուն տարբեր մոտեցումներ ունեն։

«Այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»,- ասել է արտգործնախարարը:

«Ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի։ Երևանը ցանկանում է, որ որ Ալմա-Աթայի հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Միրզոյանն նաեւ ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են»։  Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

Մինչդեռ վերջին տասն օրում վարչապետ Փաշինյանն ու իր թիմը փակ դռների հետևում մի քանի հանդիպում են անցկացրել, սակայն ժամեր տևած քննարկումներից հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը “անկլավների” մասին է, եւ հանձնման դեպքում “երկու խնդիրներն” էլ կլուծվեն։ Հատկապես՝ հաղորդակցությունների վերահսկողության հարցը։

«Հրապարակ» թերթի տվյալներով, «անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի»:

Անկլավների հարցերը օրակարգ եկան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քկմ տարածքում եւ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, մտնում են այդ տարածքի մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Մեր հանրությունը պետք է իմանա, որ եթե Տավուշից գյուղեր են հանձնվում եւ այդտեղ տեղակայվում են ադրբեջանցիներ, ինչպես օրինակ, Գորիս-Կապան ճանապարհին, դա կազմաքանդում է մեր ամենակահավորված առաջնագիծը: Բացի այդ, 4 գյուղերը հանձնելու դեպքում 5 տեղ Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհին տեղակայվում են ադրբեջանական զորքեր, եւ այդ ճանապարհը մեզ համար դառնում է անօգտագործելի։ Ստացվում է, որ Հայաստանը Իրանին եւ Վրաստանին կապող ճանապարհներին նստած են լինում ադրբեջանցիները: Մենք յուրահատուկ անկլավ ենք դառնում»,- ասաց նա:

Մենք Տավուշից արտագաղթ ենք ունենալու: Եւ դրանով ոչ թե ավարտվում է, այլ սկսվում է հանձնման նոր փուլ: Հետո մեզնից քանի՞սը գիտեն, որ Հայաստան եկող գազատարը անցնում է Վերին Ոսկեպարով, աել է նա:

Կարելի է ենթադրել, որ Տիգրանաշենը “պահում” են “սփեշլ” դեպքի համար․ երբ “կարգավորվեն” Թուրքիայի հետ հարաբերությունները եւ բացվի Ջերմուկ-Երասխ-Մարգարա միջանցքը։