Եթե ֆիքսված չէ՝ ինչ քարտեզներով է արվելու սահմանազատումը, Փաշինյանն ինչո՞ւ է հայտարարում, որ այդ 4 գյուղերը Հայաստանում չեն

  • 16:11 13.03.2024

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն, հասկանան, թե որ քարտեզով են աշխատում։ Այսինքն՝ այն իրավական հիմքը պետք է լինի, որով այդ գիծը հստակ կգծվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերի մասին հարցին։

Լրագրողները նրան հարցրին, թե Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից ի՞նչ հասկացվեց՝ Տավուշի մարզի 4 գյուղերն առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանի՞ն, Սանոսյանը պատասխանեց․ «Բոլորդ լսել եք, կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք այն, ինչ շատ պարզ ասվեց՝ կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ եւ այն կողմ կպարզվի՝ որն է Հայաստանը, որն է Ադրբեջանը։ Եթե կան ենթակառուցվածքներ, որոնք հատվում են, լեռնային բարձր ռելիեֆ է այնտեղ, այդ ենթակառուցվածքները կվերակառուցվեն»։

Հարցին՝ եթե հանձնաժողովները դեռ չեն աշխատել, ֆիքսված չէ՝ ինչ քարտեզներով է արվելու սահմանազատումը, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է շտապում ու հայտարարում, որ այդ 4 գյուղերը Հայաստանում չեն, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երեւում»։

Նա միաժամանակ ասաց, որ տեղյակ չէ՝ ի՞նչ քարտեզների մասին է խոսքը։ Հարցին, թե Տավուշի մարզի 4 գյուղերի վերաբերյալ իրավական հիմքը ո՞րն է, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Պետք է երկու կողմի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել, իրավական քարտեզ, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա։ Այդ քարտեզով կլինի եւ կաբինետային, եւ դաշտային աշխատանք։ Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքներ սահմանագծին բավական մոտ են։ Որոշ տեղերում գուցե նաեւ պարզվի, որ հատում են սահմանի որոշ հատվածներ։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե ենթակառուցվածքները վերակառուցելու հարց առաջանա»։

Հարցին, թե խոսքը Վերին Ոսկեպարի մասին է, թե՞ այլ հատվածներ էլ կան, որտեղ ենթակառուցվածքների խնդիր կարող է առաջանալ, Սանոսյանը պատասխանեց․ «Այսօրվա գործող ճանապարհի որոշ հատվածների մասին է խոսքը։ Պետք է հանձնաժողովներն աշխատեն, քարտեզով հստակեցնեն, նախնական որոշակի հատվածներում կա այդպիսի խնդիր»։

Հարցին, թե խոսքը միայն ճանապարհների մասին է, թե՞ նաեւ Հայաստան մտնող գազատարի, նախարարը պատասխանեց․ «Ընդհանուր աշխատանք պետք է տարվի, որից կպարզվի՝ միայն ճանապարհին, միայն գազատարին, թե՞ նաեւ այլ ենթակառուցվածքի կվերաբերի»։

Հարցին, թե Հայաստանին չե՞ն պատկանում այդ 4 գյուղերը, նա պատասխանեց․ «Հայաստանի 29800 քառակուսի կմ-ի մասին չէ խոսքը»։ Հարցին, թե Հայաստանը Ադրբեջանից պահանջո՞ւմ է 31 գյուղերը, որոնք օկուպացվել են, ՏԿԵ նախարարը նման պատասխան տվեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովներն ինչ-որ հատվածից կսկսեն ու ամբողջ սահմանի երկայնքով կաշխատեն։ Դրանք 31 գյուղեր չեն, 31 գյուղերի ինչ-որ տարածքներ են»։