Հայոց պետականության անկումից հետո, Հայստանի լեռնային շրջանների իշխանություններին հաջողվել է պահպանել իրենց իշխանությունը, ինչպիսիք են Զեյթունը, Սասունը, Շատախը, իսկ ահա Արևելյան Հայաստանում Սյունիքն ու Արցախը։ Ամբողջ միջնադարում Արցախում մենք հանդիպում ենք իշխանական տների, որոնք կարողացել են դիմակայել օտար ներխուժումներին ու պահպանել քաղաքական ինքնուրույնություն։ Չնայած նրանք ընդունել են նվաճողների հպատակությունը, սակայն ներքին կառավարման հարցերում՝ հարկահավաքություն, դատավարություն անկախ էին, և նույնիսկ սեփական զորք պահելու իրավունք ունեին, ըստ պատմական աղբյուրների, դրանց թիվը հասնում էր 10-12 հազարի։
Ավելի ուշ․ 16-17-րդ դարերում Արցախում ի հայտ եկան մելիքական տներ, որոնք ուշ միջնադարյան իշխանական տների ժառանգորդներն էին և պատմական այդ շրջանում գլխավորում էին հայ ազգային-ազատագրական շարժումները մերթ պարսկական, մերթ թուրքական նվաճողների դեմ։ 1736 թվականին իրեն Պարսկաստանի շահ հռչակած Նադիրը վերջ դրեց Սեֆյանների դինաստիային եւ ժամանակավոր վերականգնեց կայսրության ամբողջականությունը: Պատմական հենց այդ ժամանակաշրջանում Արցախի մելիքական տներից կազմավորվեց Խամսայի մելիքություն անվամբ քաղաքական – վարչական միավորը։
Նադիրի առաջարկությամբ Դիզակի մելիք իշխան Ավանին, կամ որ առավել հայտնի է մելիք Եգանին շնորհվեց խան-բեկլարբեկի եւ Արցախի բոլոր հայկական մելիքություների կառավարչի կարգավիճակը: Վերջինս ուղղակիորեն ենթարկվում էր Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին։ Ինչպես արդարացիորեն նշում է Հ․ Փափազյանը, անդրադառնալով Մելիք Եգանի ընդունարանի վիմագիր արձանագրությանը, Անդրկովկասում Քարթլի – Կախեթի վրացական վալիության կողքին առաջին անգամ ստեղծվում է «Մահալ էլ խամսե» հայկական բեկլարբեկությունը, որն ընդգրկում էր պատմական Արցախը մինչև Արաքսի ափն ընկած տարածքները, ասել է թե Խամսայի մելիքության տարածքը համապատասխանում էր Արցախի Հանրապետության տարածքին, մինչև 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմը։
Գրեթե 2 տասնամյակ Արցախում ձևավորված հայկական այս իշխանությունը ինքնուրույն կյանք էր վարում։ Իսկ մելիքությունների կառավարիչ մելիք Եգանի քաղաքական հմտությունների մասին կարող ենք կարծիք կազմել հենց նրա ընդունարանի վիմագիր արձանագրությունից, որում ասված է․ «ՌՃՁԶ (1737թ.): Այս ընդունարանը հիշատակ է: Այսպես է, որ ես Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդը հավաքվեց և ինձ քյոխվա [տանուտեր] կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա: Արաղից (Կենտրոնական Իրան) շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրը օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա, ինձ որպես խան և բեկլարբեկ կարգեց. շնորհ արեց: Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»: Անդրադառնալով սույն գրավոր հիշատակության պատմա-քաղաքական նշանակությանը, քաղաքագետ Մ․ Սարգսյանը նշել է,- ամեն դեպքում, մենք տեսնում ենք սուվերեն քաղաքականության ուժի ֆենոմենը, որի հետ այդ ժամանակվա ուժեղ սուբյեկտները հաշվի էին նստում եւ պարգեւատրում:
Մելիքների ձեռքում էր կենտրոնացված ներքին կառավարման բոլոր լծակները։ Դատական իշխանությունը կենտրոնացված էր յուրաքանչյուր գավառի մելիքի ձեռքում, վերջիններս ի տարբերություն ասենք Երևանի մելիքների ունեին նաև մահապատիժ իրականացնելու իրավունք։ Եվ առհասարակ հայրենիքի փրկության համար մարտնչած մելիքներն իրենց հեղինակությամբ կարողանում էին կարգ ու կանոն հաստատել սեփական գավառներում։
Արցախի մելիքներն ունեին զորք պահելու իրավունք, որի թիվը համաձայն աղբյուրների, հասնում էր մինչև 20000, յուրաքանչյուր տուն պարտավոր էր մեկ զինվոր տալ։ Մելիքները մշտապես պահում էին նաև 300 հոգուց բաղկացած թիկնազոր։
Հայոց պետականության բացակայության պայմաններում Արցախի մելիքությունը կարող էր դառնալ այն հենքը, որի վրա վեր կհառներ հայոց պետականությունը, սակայն նրանց միասնությունը չդիմացավ ժամանակի մարտահրավերներին։ Միասնությունը խաթարվեց ներքին երկպառակություններից, որոնք սկսվեցին Վարանդայի մելիք Շահնազար երկրորդից և որից օգտվելով Շուշի անառիկ ամրոցում օտարածին իշխանության նոր կենտրոն հիմնադրվեց Փանահի գլխավորությամբ:
Փանահը, ապա նաև նրան հաջորդած Իբրահիմը դաժան պայքար են սկսում հայ մելիքների դեմ։ Համառ դիմադրություն են ցույց տալիս հատկապես Դիզակի, Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքները, սակայն ամենադաժան բախտին արժանանում են մելիք Եգանյանները, որոց մի մասը սպանվում, մի մասն էլ բռնի իսլամացվում են։ Երեք տասնյակ շարունակ Խամսեի կենտրոն Տողի ու Շուշիի օտարածին ,,տիրակալների,, միջև իշխանության պայքար մղվեց։ Փանահի, ապա նաև Իբրահիմի վարած հակահայ քաղաքականությունը կարելի է ասել խրախուսվում էր տարածաշրջանում խաղացող արտաքին ուժերի կողմից, որի առհավատչյան թերևս 1805 թվականին կնքված Քյուրակչայի պայմանագիրն էր, որով ճանաչվեց Իբրահիմի ժառանգական իշխանությունը Ղարաբաղում։ Խամսայի մելիքությունների իշխանությունը վերջնականապես վերացավ 19-րդ դ. կեսերին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո։
Այսօր Ադրբեջանի բռնապետը գրեթե նույն բանն է անում, վերացնելով հայկական իշխանության հետքը Շուշիում՝ այն վերածելով մահմեդական աշխարհի մշակութային կենտրոն, իսկ Տողը դարձնելով «Տուղ» պետական պատմաճարտարապետական և բնության արգելոց, որպես ադրբեջանցիների պատմական անցյալ։
Այդուհանդերձ անուրանալի է Արցախի իշխանների հետո նաև մելիքների դերը հայոց պետական մտքի ու ավանդույթների պահպանման գործում, այն մելիքների, ովքեր իրենց համարում էին «Հայոց թագավորաց ազնիվ զինվորաց մնացեալ ժառանգք» (Ա․ Մաղալյան)։ Րաֆֆու իսկ խոսքերով, անհայտության մեջ կորած հայկական այդ իշխանությունը՝ Խամսայի մելիքությունը մի յուրօրինակ պետական միավոր էր, որը թերևս արժանի քաղաքական ուսումնասիրման ու գնահատականի չի արժանացել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: