ՀՀ կառավարությունը ճանաչում է ուրիշների կողմից ուժ կիրառելը եւ հաճույք ստանում

  • 11:49 21.03.2024

Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով:

«Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը», ասել է Փաշինյանը:

Տրամաբանական շարունակությունը կլիներ Փաշինյանի դիմումը ժողովրդավարական աշխարհին՝ դատապարտել Հայաստանի դեմ պատերազմի հեղինակներին եւ հայտարարել ուժի կիրառման անթույատրելիության մասին։

Բայց Փաշինյանը վեր է այդ ամենից եւ ճանաչում է միայն մեկ սկզբունք․ մենք թույլ ենք, եթե չտանք, պատերազմ կլինի։ Ելնելով այդ սկզբունքից, նա նույնիսկ չի հիշատակում համընդհանուր միջազգային սկզբունքները եւ ոչ միայն չի վիճարկում Ալիեւի կողմից ուժի կիրառումը, այլեւ օրինականացնում է նրա հետագա ուժային ակտերը։

Հիշեցնենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը Տավուշի շրջանում հայտարարել է, որ 4 գյուղ «ադրբեջանական են», եւ պատերազմ կլինի, եթե այդ գյուղերը չտանք։ Նա ասել է, որ մենք չենք հաղթի պատերազմում, բայց չի խոստացել օգնության դիմել «ավելի ուժեղներին»։

Տավուշ գնալու հաջորդ օրը Փաշինյանը Երեւանում ընդունում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգին։ Դատելով պաշտոնական տեղեկությունից, Փաշինյանը նրա հետ հանդիպմանը եւս չի վիճարկել Ադրբեջանի կողմից բռնի ուժի կիրառումը 2020-2023 թ․, ռուսական զորքերի անօրինական ներկայությունը հայաթափված Արցախում։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի՝ Ուկրայինայի դեմ ագրեսիայից հետո ստանձնել է ուժի չկիրառման երաշխավորի դերը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները օգնում են Ուկրաինային՝ նրա խնդրանքով եւ պահանջով, դիմադրել ռուսական բիրտ ուժին։ Հայաստանը նման խնդրանք եւ պահանջ չի ներկայացնում։

Յենս Ստոլտենբերգը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Պուտինը ցանկանում է աշխարհում այնպիսի կարգ ձևավորել, որտեղ Ռուսաստանը կվերահսկի իր հարևաններին, և մենք տեսել ենք այդ փորձը Վրաստանում, ուր աջակցել են անջատողականներին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Տեսել ենք նաև Մոլդովայում այսպիսի փորձ, երբ Ռուսաստանն առանց Քիշնևի համաձայնության իր զորքերը պահում է այդ երկրին պատկանող Մերձդնեստրի տարածքում։ Եվ իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»։

Ստոլթենբերգը չի հիշատակել Հայաստանը, այն դնելով ռուսական էքսպանսիայի դեմ քաղաքակիրթ աշխարհի պայքարի փակագծերից դուրս։

«Կասկած չկա, որ Ռուսաստանն օգտագործում է բիրտ ուժը՝ փորձելով հարևաններին վերահսկել։ Սա ողբերգություն է ուկրաինացիների համար, այդ պատճառով էլ նրանց օգնում ենք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հայաստանի դեմ բիրտ ուժի կիրառումը նա չհիշատակեց, ավելին՝ Ստոլթենբերգին չհարցրեցին դրա մասին եւ օգնության չդիմեցին։

Քաղաքական մազոխիզմը՝ ուժի կիրառումից հաճույք ստանալը Հայաստանի այլասերված ոճն է, եւ ինչպես ցանկացած այլասերություն “հաճախորդների” անառողջ հետաքրքրություն է առաջացնում։ 

Նաիրա Հայրումյան