Ի՞նչ կարող են անել երեխաները շրջափակման մեջ: Իհարկե, նկարել։ Իսկ ի՞նչ կարող են անել երեխաները կրկնակի շրջափակման պայմաններում։ Իհարկե, ստեղծել սեփական ստեղծագործությունների գեղարվեստական պատկերասրահ:
Արցախի Հանրապետությունը 2022 թ․դեկտեմբերի 12-ից զրկվել է Հայաստանի հետ տրանսպորտային կապից՝ արտաքին աշխարհ տանող միակ ելքից, երբ ադրբեջանցիները, այսպես կոչված, բնապահպանները փակեցին Բերձորի (Լաչին) միջանցքը Շուշի քաղաքի մոտ։ Շուշիի շրջանի չորս համայնքներ՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղծաող, Լիսագոր կտրված էին Ստեփանակերտից, բայց կապ ունեին Գորիսի (Հայաստան) հետ։ Իսկ ապրիլի 23-ից միջանցքի մուտքի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո այս բոլոր համայնքների բնակիչները ամբողջովին կտրվել են արտաքին աշխարհից՝ բնակիչները լիովին զրկված են Հայաստանի և Արցախի հետ տրանսպորտային կապից։
Օգտագործման մեջ մտավ «կրկնակի շրջափակում» տերմինը։
Գտնվելով շրջափակման մեջ՝ Մեծ Շեն գյուղի դպրոցի աշակերտները սկսեցին նկարել։ Նրանք նկարում են տարբեր ոճերով և տեխնիկայով, նկարում իրենց սեփական տեսլականներն ու գաղափարները: Եվ հետո, արդեն կրկնակի շրջափակման պայմաններում, որոշվեց շրջափակման ընթացքում արված բոլոր գործերով ստեղծել արվեստի պատկերասրահ։
«Արվեստը հանուն արվեստի» նախագծի հեղինակն ու ղեկավարը Մեծ Շեն համայնքի դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանն էր։ Իրականացումը հնարավոր է դարձել «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի աջակցությամբ։
Թավադյանը դպրոցի սաներին պատմեց իր մտահղացման մասին, այն անվանելով նախագիծ, եւ հաճելիորեն զարմացած էր երեխաների ոգևորությամբ. յոթ երեխա սկսեցին նկարել, ամեն օր: Նրանք հատկապես սիրում էին գեղարվեստական գլուխգործոցների կրկնօրինակներ պատրաստել։
«Երեխաներն իրենք էին ընտրում, թե ինչ պատճենել։ Նկատեցի, որ նրանք նախընտրում էին վառ գույներով ու սյուժեներով հայտնի նկարները։ Դրանում ես տեսա մանկական ինքնաբուխություն և լավատեսություն։ Նաև վստահ եմ, որ նման դժվարին իրավիճակներում մենք՝ մեծերս, պետք է սովորենք ապրել երեխաներից»,- իր կարծիքն է հայտնել ուսուցիչը։
Ուսուցիչը նշել է նաև, որ քանի դեռ կապ կար Հայաստանի հետ, հնարավոր է եղել բերել նյութեր՝ ներկեր, մատիտներ, թուղթ։ Բայց կրկնակի շրջափակման պայմաններում, երբ անհնար էր դառնում անգամ սնունդ բերելը, իսկ ներկերի մասին խոսելն ավելորդ էր, երեխաները ստիպված էին խնայել արվեստի պարագաները, որպեսզի ավելի երկար ստեղծագործեն։
«Բայց ուսումնական տարվա ավարտին նախագիծն ավարտվեց, կազմակերպվեց պաշարման դժվարին օրերին արված աշխատանքների ցուցահանդես։ Եվ այս աշխատանքների հիման վրա ես ու երեխաները նախատեսում ենք մեր գյուղում ստեղծել արվեստի պատկերասրահ, պատկերասրահի ֆոնդն էլ պետք է համալրվի նոր աշխատանքներով։ Եվ այնուամենայնիվ, մենք նախատեսում ենք, որ շրջափակման ավարտից հետո Մեծ Շենի նորաստեղծ պատկերասրահի աշխատանքները կցուցադրվեն Ստեփանակերտում կամ այլ տեղ Հայաստանում։ Երեխաներն ուզում են, որ բոլորը տեսնեն իրենց աշխատանքը։ Նաև, չնայած նրան, որ ուսումնական տարին ավարտվել է, և շրջափակումը շարունակվում է, և կրկնակի շրջափակման պայմաններում գնալով ավելի է սրվում, երեխաները շարունակում են նկարել»,- ասաց Սամվել Թավադյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: