Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք էլ չի։
Կիրանցեցի Վարդգես պապը 87 տարի է ապրում է Կիրանցում, ասել է թե՝ իր ամբողջ կյանքը։ Նրա հայրը նույնպես՝ 1900 թվին ծնվել ու ողջ կյանքն ապրել է Կիրանցում։ Ասում է՝ մեր գյուղի պատմությունը շատ երկար է, շաաաատ, հենա Կիրանց վանքը, Առաքելոցը, Սրանոցը, Աճարկուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես մերն է, գերեզմանոցները լիքը խաչքարերով, քեզ որպես դրա վկայություն։
Վարդգես պապը 53 տարի գյուղում աշխատել է որպես փայտագործ։ 1990-ականներին 53 տարեկան հասակում ստիպված էր զենք վերցնել ու կանգնել գյուղի ջահելների կողքին, որովհետև գյուղի մոտակայքում հաստատված քոչվոր ցեղերը սկսել էին նեղել գյուղի բնակիչներին։ “Իրանք եկել հաստատվել են մեր պապական հողերում, դե գիտես դրանց, ոնց են բազմանում, լցվել ու պատուհաս դարձել մեր գլխին, մենակ քառասուն գնդակ է մտել իմ տան տանիքը”, ասում է Վարդգես պապը։
Նա հիշում է 1991 թվականի «Օղակ» գործողությունը, ձայնը սկսում է հուզմունքից դողալ։ “Թուրքերը քիչ էին, հետն էլ ռուսական զորքը, դե են ժամանակ խորհրդային էին ասում։ Յոթը տանկ է մտել մեր գյուղը, երեք ուղղաթիռ, 50-60 ռուսական զինվորական։ Ու պայման էին դրել մեր առաջ, որ հա՛մ զենքերը պիտի հանձնենք, հա՛մ ֆիդայիներին։ Առավոտվա ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 5-ը, ով որտեղ նստած էր, մնաց տենց նստած, թույլ չէին տալիս տեղներիցս շարժվենք։ Բայց էտ խելագարն ո՞վ է, որ ֆիդայիներին հանձնի։ Ո՛չ զենքը տվեցինք, ո՛չ ֆիդայիներին հանձնեցինք։ Ահավոր բաներ են դրել մեր գլխին, հենա մեր էտ հոգիները վառված քաջ տղերքը հավաքվեցին ու մեր գլխին կախված վտանգի հարցերը լուծեցին։ Տանկերի դեմ էին կռվում մեր էտ առյուծի սիրտ կերած տղերքը, հասկանու՞մ եք տանկերի, անգամ մի տանկ էլ գրավեցին։ Ինքնաշեն նռնակներով, որսորդական հրացաններով գիշերը մեր քաջերն էին գյուղը հսկում, ցերեկը մենք։ Երկու աչք ունեի, երկուսն էլ փոխ էի առել հրացանը վերցրել սալլամի վրա պառկած սահմանը պահել, որ թուրքը չմոտենա մեր գյուղին։ Ահավոր օրեր էին, զոհեր, ողբ։ Հիմա էտ ի՞նչ զրույցներ են անում, ես չեմ հասկանում։ Բա մենք մեր հողերի համար էտքան արյուն ենք թափել, արդյո՞ք ճիշտա արյունով պահած հողի հետ էտպես վերաբերվել։ Երիտասարդ եք, չեք իմանա, բայց էտ թուրքերը վախկոտ շներ են, նրանք իրենց ուժեղ էին զգում ռուսի կողքին, հենց ռուսները գնացին, վախկոտ շան նման փախան։ Էսօր էտ հող տվողները, որ էն պատերազմի ժամանակ մեր գյուղում մի ժամ մնացած լինեին, էսօր էդ խոսքերը չէին ասի։
Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք չի։ Դե մենք ասենք՝ էլի ոչինչ, ջանդամ, անտառում ենք ապրում, փեդ կճարենք, բա քաղաքները ի՞նչ պիտի անեն, բա Երևանը ո՞նց պիտի լինի, դրա մասին մտածու՞մ են։ Երևանում չեն պատկերացնում իրենց, ինչ է սպասում։ Մեր թշնամին մեր խելքին չի, ինքը հետո սաղ փակելուա մեզ Արցախի օրը գցի, դա՞ ենք ուզում։ Ես 87 տարեկան մարդ եմ, բայց պատրաստ եմ կանգնել մեր գյուղի ջահելների կողքին, ինչով կարամ օգտակար կլինեմ։ Բա սա մեր գյուղնա, մեր տուն ու տեղնա, մեր քաջերը էս հողում են, ու՞ր պիտի թողնենք գնանք”։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: