Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, ինչպես նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են ներառված ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման օրակարգում, և դիտարկվու՞մ է արդյոք քաղաքական, տնտեսական կամ անվտանգային բնույթի որևէ աջակցություն Հայաստանին։
Պետքարտուղարության ներկայացուցիչը, փաստորեն, ասում է, որ խոսքը ոչ թե Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի «երկկողմանի հարաբերությունների», այլ խաղաղության մասին է, որը չի կարող միակողմանի լինել։ Կհանդիպե՞ն արդյոք Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Ալիևի հետ։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ Փաշինյանը կխոսի «երկուսի անունից» և կփորձի համոզել ԱՄՆ-ին և ԵՄ-ին ընդունել «խաղաղության» արդեն իսկ համաձայնեցված Ալիևի, Փաշինյանի և Պուտինի տարբերակը։
ԵՄ-ն և ԱՄՆ-ն դեռ վերապահումներ ունեն այս ծրագրի վերաբերյալ, թեև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ագրեսիայից 2 օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների Ստամբուլում կայացած հանդիպումը հուշում է, որ կա ընդհանուր կոնսենսուս։ Այժմ, ըստ ամենայնի, քննարկվում են վերջնական մանրամասները։ Եւ դրանք կներկայացնի Փաշինյանը։