“Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են, պաշտպանելու են», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Բայց հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Հայաստանը որոշի, որ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներ չպետք է լինեն, նա նույն րոպեին պատասխանեց. «Ո՛չ, նման խոսակցություն չի եղել: Սա էդ դեպքը չի»:
Ստացվում է, որ թեկուզ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, բայց Հայաստանը չի «առաջարկի» Մոսկվային զորքերը հանել ռուս-հայկական սահմանից։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ իշխանությունների քաղաքականության մասին։
Նույն մոտեցում՝ մնացած հարցերում։
Մենք «դիվերսիֆիկացնում ենք» մեր կապերը, բայց ռուսական բլոկներից դուրս չեն գա։ Հարցին՝ հնարավո՞ր է Բլինքենի, Ֆոն դեռ Լայենի եւ Փաշինյանի հանդիպմանը քննարկվի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը, Սիմոնյանը միանշանակ պատասխանեց. «Նման հարց այս փուլում մենք չենք քննարկում եւ չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»:
Այսինքն՝ դատարկ խոսակցություն է ընթանում Արեւմուտքի հետ։
Սիմոնյանը խոստովանեց է, որ չկա երաշխիք, որ Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող օկուպացված տարածքներից: Ավելին, նա ասել է, որ եթե Հայաստանը չհանձննի այդ գյուղերը, Ադրբեջանը կհարձակվի. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչու՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են»:
Սա էլ ապացույցն է, որ Հայաստանը լիովին ճանաչում է հարձակվելու ադրբեջանի իրավունքը։ Իրոք, ինչու՞ չպիտի հարձակվի։