Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
– Պարոն Պապյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց շինծու կերպով մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում 1990-ականների սկզբին իբր «ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Սա սպասելի սցենար էր, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։
-Սա շատ վատ եմ գնահատում, բայց, այո, սպասելի էր։ Սրա մասին ես եւ շատերը զգուշացրել էինք, որ նման զիջումները վերջ չեն ունենալու։ Առավել եւս, եթե դու թշնամուդ հնարավորություն ու իրավական հիմքեր ես տալիս՝ քեզ մեղադրանքներ ներկայացնելու, նա ներկայացնելու է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդրի լուծման որեւէ ցանկություն չունի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ակնարկում ու ակնկալում, այսպես կոչված սովետական Հայաստանի հայեցակարգի վրա։ Եթե անգամ Ադրբեջանն ընդունի այդ կեղծ եւ անօրինական սահմանները, միեւնույն է, դա չի բերելու խաղաղությանն, որովհետեւ այդտեղից բխելու են այդ 18 հոգու ու այլոց նկատմամբ հետախուզումները, ռազմական տուգանքի պահանջը, «հայրենադրաձության» պահանջը դեպի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»։ Հերթական անգամ մենք ականատես ենք լինում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը լիովին անհաջողության է մատնվում։ Սխալներն ինքն է անում, բայց տուժում է ամբողջ երկիրն ու ժողովուրդը։
–Նիկոլ Փաշինյանն ասում է, որ փորձում է Հայաստանի լեգիտիմ սահմանները ձեւավորել, բայց միաժամանակ ասում է, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ չի ընդունում։ Այսինքն՝ չկա իրավական փաստաթուղթ, բայց հողի վրա սահմանագծում են իրականացնում, սա ինչպե՞ս կոչել։
-Սա պետք է անվանել դավաճանություն, Սահմանադրության խախտում։ Մեր Սահմանադրությունը հստակ ասում է, որ սահմանի փոփոխությանը վերաբերող հարցերը պիտի հանրաքվերով լուծվեն։ Սովետական Հայաստանի մասով չկան լեգիտիմ սահմաններ, որովհետեւ լեգիտիմ նշանակում է օրենքի վրա խարսխված ինչ-որ որոշում։ Այսինքն՝ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները որոշող որեւէ փաստաթուղթ։ Առավել եւս, որ դա սահման էլ չէ, որովհետեւ սահմանը ինքնիշխանությունները բաժանող գիծն է, իսկ սովետական միության վարչական սահմանները որեւէ ինքնիշխանություն չեն բաժանել, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը եղել են ՍՍՀՄ մաս։ Սա պարզապես մեր թշնամու ամենացանկալի երազանքների իրականացումն է։ Նիկոլ Փաշինյանը դա անում է՝ իբր թե հանուն խաղաղության, բայց սա ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ։ Երբ դու ասում ես՝ 4 գյուղը ադրբեջանական տարածք է, բնականաբար, իրավական հիմք ես ստեղծում հարձակվելու ու այդ տարածքները գրավելու։
-Իշխանությունները փորձում են կոտրել դիմադրությունը, մենք դա տեսնում ենք Տավուշի զարգացումների համատեքստում։ Կան տեսակետներ, որ բանակը կարող է չկատարել Փաշինյանի եւ մյուսների ապօրինի հրամանները, այդպե՞ս է։
-Բանակի գլխավոր հրամանատարը մեզ մոտ Նիկոլ Փաշինյանն է, թեեւ օրենսդրությունը մի փոքր խառն է, պատերազմի ժամանակ է այդպես։ Հիմա մենք չենք հասկանում՝ մենք պատերազմի մեջ ենք, թե՞ ոչ։ Բայց անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հսկայական ժամանակ մսխեց, եւ մեր բանակը չունի այդ պաշտպանունակությունը, միեւնույն է, պետք է դիմադրել։ Եթե դիմադրենք, եթե անգամ դիմադրությունը չհաջողի, թշնամին արդեն ծանր ու թեթեւ կանի՝ իմաստ ունի՞ նման ձեւով շարունակել, թե ոչ։ Եթե մենք ակնկալում ենք, որ միջազային հանրությունը մեզ աջակցի, ապա այդ երկրները եւ հանրությունը պետք է տեսնեն, որ մենք չենք հանձնում, չենք տալիս։ Արեւմուտքն ասում է՝ եթե դուք համաձայն եք այս լուծումներին, ես ինչո՞ւ միջամտեմ։ Այսօր նույն Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղված Արեւմուտքին, որով կոչ է անում չաջակցել Հայաստանին, ապրիլի 5-ին հանդիպում չանցկացնել։ Ասում է՝ եթե դուք հանդիպում ու աջակցում եք Հայաստանին, ապա Հայաստանը դառնում է ավելի քիչ կամակատար, եւ խնդիր է առաջանում։ Այսինքն՝ Ադրբեջանի համար կայունություն ու խաղաղություն նշանակում է իր բոլոր ցանկությունների ու նպատակների կատարում։ Այո, պետք է լինի այդ դիմադրությունը, պետք է դիմադրություն լինի ոչ միայն զենքով, այլ նաեւ դիվանագիտական ու ինֆորմացիոն դաշտում։ Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ մեր իշխանությունը դիմի նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հոդվածներ ունի ինքնապաշտպանության իրավունքի ու պատերազմի վտանգի վերաբերյալ։ Պետք է հայտարարություններ տարածել, դիմել, ոչ թե նստել ու սպասել միայն այն հույսով, որ Ադրբեջանը մի օր բավարարված կզգա իրեն։ Հաստատ այդպես չի լինելու, ինչքան զիջումներ լինեն, այնքան ախորժակը կբացվի։
-Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի շահե՞րն է սպասարկում, այդ պատճառո՞վ ձեր նշած գործողությունները չեն իրականացվում։
-Եթե ասում ենք՝ դավաճան, հենց դա նկատի ունենք։ Դավաճանը նա է, ով իր սեփական հայրենիքի հաշվին թշնամու խնդիրներն է լուծում։ Այո, դա նկատելի է բազմաթիվ անգաներ։ Օրինակ՝ երբ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր նշանակվել, եւ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ խաղաղ բնակչության համար վտանգ չկա, բնականաբար, հաջորդ օրը դա մեր երեսին են շփացնում։ Եվ Ադրբեջանին էթնիկ զտման մեջ մեղադրելը դառնում է հիմնազուրկ, որովհետեւ իրենք հղում են անում Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ ձեր վարչապետն է ասել, որ վտանգ չկա։ Եվ մենք բազմաթիվ նման օրինակներ կարող ենք բերել, որ ինքն իր հայտարարություններով եւ գործողություններով նպաստում է թշնամու գործողություններին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: