«Իրավական դաշտում Ադրբեջանի ռեսուրսներն աստիճանաբար սպառվում են, որովհետեւ ձախողումներ ունեն։ Դա է պատճառը, որ Ադրբեջանն այսօր պահանջում է Հայաստանից հրաժարվել միջազգային բոլոր դատավարություններից, քանի որ մենք այնտեղ ունենք հաջողություններ, որովհետեւ ճշմարտությունը մեր կողմն է»,- այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ըստ նրա՝ առանձին քննարկման թեմա է, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի իշխանությունները հանկարծ որոշեն հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից՝ ապավինելով, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» կարող են այդ ամբողջ իրավական պաշտպանության մեխանիզմները սահմանվել։
«Ադրբեջանը ռազմաքաղաքական առավելություն ունի եւ դա է պատճառը, որ պահանջում է, որ մենք հետ վերցնենք մեր իրավական գործերը, քանի որ դա լրջորեն խանգարում է Ադրբեջանին։ Վերջին շրջանում որքան դիմումներ ներկայացնում եմ Եվրոպական դատարանում, առանձին միջնորդում եմ, խնդրում եմ, որ հանկարծ այդ դիմումը չմիացնեն միջպետական գանգատին, որովհետեւ, եթե միջպետական գանգատը հետ վերցնեն, այդ դիմումը կորչելու է։ Իրական վտանգ կա, որ եթե Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ գանգատները հետ վերցնի, իհարկե, պայմանով, որ խաղաղության պայմանագրում բոլոր իրավունքների մեխանիզմները պետք է մշակվեն, բայց նույնիսկ եթե մշակվեն, համաձայնագիր կնքվի, չկա երաշխիք, որ Ադրբեջանն այդ համաձայնությունը կկատարի, մինչդեռ մարդիկ հետո չեն կարող գալ ու ասել՝ հինգ տարի հետո նորից գնանք Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանն այլ ժամկետներ ու ընդունելության ժամկետներ ունի, ուղղակի կարող ենք կորցնել այդ գանգատները։ Դրա համար հեչ ցանկալի չէ, որ Հայաստանն այդ իրավական գործընթացներից հրաժարվի»,- հավելեց Ղազարյանը:
Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքին՝ մասնագետն ասաց, որ ամեն ինչ կախված է մեր ակտիվությունից, Ադրբեջանը չի կարող երկար մանեւրել։ Ըստ նրա՝ վերադարձի իրավունքի մասին արդեն սկսել են խոսել մասնագիտական խմբերը, իսկ Հայաստանի կառավարությունն ընդհանրապես այդ մասին չի խոսում։ «Դուք լսե՞լ եք, որ մեր կառավարությունը երբեւիցե պաշտոնապես այդ մաիսն հայտարարի, ես չեմ հիշում։ Սա շատ կասկածելի ու տարօրինակ է։ Ենթադրենք, որ կառավարությունն ունի պատճառներ՝ չբարձրաձայնելու որոշ խնդիրներ, բայց քաղաքացիական հասարակությունը, ակադեմիական հասարակություն, մանսագետները պարտավոր են անընդհատ ոչ միայն բարձրաձայնել, այլ նաեւ ինչ-որ մի բան անել»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: