Իսրայելը սկսեց խոսել Գազայում «միջազգային կոնտինգենտի» մասին. պրոյեկցիա Արցախի վրա՞

  • 09:12 31.03.2024

Իսրայելի պաշտպանության նախարար

6 ամիս տեւած դաժան մարտերից և Գազայի հատվածի ոչնչացումից հետո Իսրայելը, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, փոխում է իր հռետորաբանությունը։ Դա տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ միջազգային հանրությունը կտրականապես մերժեց Գազայի հատվածն ամբողջությամբ արտաքսելու և նրա տարածքը գրավելու Իսրայելի ծրագրերը։ Միջազգային հանրությունն նույնքան կտրական չէր Իսրայելի դաշնակից Բաքվի ռեժիմի կողմից Ռուսաստանի աջակցությամբ Արցախի բնակչության արտաքսման և օկուպացման հարցում։

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկում են ստեղծել միջազգային ռազմական կոնտինգենտ, այդ թվում՝ արաբական պետությունների մասնակցությամբ, և այդ ուժերը Գազա բերել՝ անկլավում կարգուկանոն հաստատելու և մարդասիրական օգնությամբ շարասյունները պաշտպանելու համար: Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, համապատասխան առաջարկներն ամերիկյան կողմին են փոխանցվել այս շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Բացի մարդասիրական օգնության շարասյուններին ուղեկցելուց, նման ուժերը կարող են այլընտրանք ստեղծել Պաղեստինյան անկլավում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը, կարծում է Իսրայելը:

Իսրայելի ռազմական և պաշտպանության պաշտոնյաներն այս նախաձեռնությունը քննարկել են արաբական երեք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի ներկայացուցիչների հետ։ Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ այսօր առաջընթաց կա այս նախաձեռնության առաջմղման հարցում թե՛ Սպիտակ տան պատրաստակամության, թե՛ արաբական պետությունների՝ այս գաղափարի նկատմամբ բաց լինելու առումով։

Իր հերթին արաբ պաշտոնյան լրագրողներին ասել է, որ «Գալանտը, ըստ երեւույթին, սխալ է հասկացել արաբական երկրների դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ արաբական երկրները այժմ մտադիր չեն զորքեր մտցնել անկլավ, սակայն չեն բացառում, որ պատերազմից հետո այնտեղ խաղաղապահներ տեղակայվեն։

Իսրայելը չի ​​խոսում ՄԱԿ-ի զորքերի մասին, որի հետ Իսրայելի ներկայիս կառավարությունը բարդ հարաբերություններ ունի։ Զավեշտն այն է, որ ներկայիս ՄԱԿ-ը, ինչպես և Իսրայելը, ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և «մեխը»՝ հրեա ժողովրդի փոխհատուցումն էր Հոլոքոստի համար: Այժմ ՄԱԿ-ը չի բացառում, որ Իսրայելն ինքը մեղադրվի ցեղասպանության մեջ։

Արդյո՞ք Արցախի նկատմամբ կկիրառվի միջազգային ռազմական կոնտինգենտի գաղափարը, և եթե ոչ ՄԱԿ-ը, ապա ո՞վ է որոշելու այդ զորախմբի կազմը։ 

Ի դեպ, օրերս Հայաստանը Եգիպտոսի միջոցով հումանիտար օգնություն է ուղարկել Գազա։

f