Փաստաբան Սիրանուշ Սահակյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է նախատեսում միջազգային իրավունքը բռնի տեղահանված արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքի իրացման հարցում։
«Պատասխանը սկսեմ այնտեղից, թե արցախցիները հիմա ՀՀ քաղաքացիներ են, թե՞ փախստականներ։ Այստեղ միանշանակ է, որ հայաստանյան անձնագրերը տրամադրվում են պաշտպանական նկատառումներով, ինչը միջազգային իրավունքում թույլատրելի է։ Մենք ունենք նախադեպեր, օրինակ, հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից, Կոսովայից, երբ օտարերկրյա պետությունները տվել են անձնագրեր՝ ոչ թե լիարժեք քաղաքացու անձնագրեր շնորհելով, այլ այս անձանց իրավունքների իրականացմանն աջակցելու նպատակով։ Արցախցիները կամ որեւէ այլ չճանաչված պետության քաղաքացիներ մեղավոր չեն, որ նրանք ծնվել են այնպիսի տարածքում, որի իրավական կարգավիճակը դեռեւս միջազգայնորեն հանգուցալուծված չէ, սակայն նրանք ունիվերսալ սկզբունքի հիման վրա պետք է կարողանան օգտվել բոլոր այն իրավունքներից, ինչից օգտվում ենք մենք։
ՀՀ կողմից տրամադրված անձնագրերն ամենեւին չեն նշանակում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, ավելին, նրանք չեն կարող օգտվել քաղաքական իրավունքներից, օրինակ, ընտրելու ու ընտրվելու իրավունքից։ Իսկ քաղաքացիությունը նաեւ եւ առաջ անձի եւ պետության իրավաքաղաքական կապն է։ Եթե մենք այս իրավաքաղաքական կապի տարրը չունենք, նշանակում է, որ նրանք չեն կարող ընկալվել որպես քաղաքացիներ։ Ուստի, դասական առումով նրանք փախստականներ են եւ պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից»,- ասաց նա։
Ըստ Սահակյանի՝ միջազգային իրավունքը պահանջում է, որ այդ վերադարձը լինի անվտանգ, ապահովությանը եւ անվտանգությանը ներկայացվող չափորոշիչներ գոյություն ունեն․ «Համենայնդեպս արձանագրված ռասիստական քաղաքականության պայմաններում, երբ մարդիկ ենթարկվել են բռնի դեպորտացիայի, կարծում եմ, առանց իրադրության էական փոփոխությունների այդ վերադարձը չի կարող ընկալվել որպես անվտանգ»։
«Կարեւր է նաեւ միջազգային մեխանիզմների առկայությունը։ Մենք տեսանք, որ ռուս խաղաղապահների գոյությունը չկանխեց բռնի տեղահանումը, ուստի ավելի լրջագույն մանդատով ու միջազգային ներկայությամբ մեխանիզմներ կարող են գործարկվել, որպեսզի այս վերադարձն ապահովվի։ Վերադարձը կարեւոր է նաեւ գույքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց չպետք է սեփականության իրավունքից օգտվելն ու տնօրինելը նույնացնել վերադարձի իրավունքի հետ, որովհետեւ առանց գույքային իրավունք ունենալու, այնտեղ ապրող բնիկ արցախցին իրավունք ունի վերադառնալ իր բնակավայր եւ շարունակել ապրել իր բնակավայրում՝ ինքնությանը համահունչ եւ նաեւ հավաքական առումով իրացնել ինքնորշման իրավունքը։
Ուստի, այս վերադարձի իրավունքը շատ ավելի լայն է, քան պարզապես սեփականության իրավունքից օգտվելը, տիրապետելը եւ տնօրինելը։ Վերադարձրի իրավունքն իր գույքային մասով ենթակա է կոմպենսացիայի, բայց միջազգային սկզբունքները պահանջում են նախկին դրության վերականգնում հենց իրական վիճակով։ Այսինքն՝ մենք առաջնահերթ ունենք վերադարձի իրավունք։ Եվ եթե լինի օբյեկտիվ անհնարինություն, որը կապված չէ Ադրբեջանի գործողությունների հետ, նոր կարող ենք խոսել վերադարձի իրավունքի դիմաց կոմպենսիացիայի մասին»,- հավելեց փաստաբանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: