«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» նախագահ Արեգա Հովսեփյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, եւ չի ապահովվում արցախահայերի՝ անվտանգ իրենց հայրենիք վարդառնալու իրավունքի իրացումը։
«Կար նաեւ միջզգային դատարանի որոշում, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապաշրջափակեր Արցախը, բայց Ադրբեջանն անտեսեց այդ որոշումը։ Այսպիսի որոշումները կարող են օգտակար լինել, եթե դրանք բերվում են քաղաքական դաշտ։ Այսինքն՝ եթե դրանք մնում են իրավական դաշտում եւ չեն հանդիսանում որպես գործիք քաղաքական ուժերի ձեռքին, ապա դառնում են պարզապես թղթի վրա գրված խոսքեր»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները:
Դատարանի պահանջներից առաջինը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքին։ Ըստ այդմ՝ դատարանը պահանջում է Ադրբեջանից «ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:
«Եթե խոսում ենք արցախահայության վերադարձի մասին, ապա այս հարցն ունի մի քանի բաղադրիչ՝ քաղաքական, ռազմաքաղաքական։ Զգացական դաշտում եթե նայենք, ինձ թվում է՝ արցախահայության զգալի մասն այսօր էլ պատրաստ կլինի վերադառնալ Արցախ, բայց բոլորի թիվ մեկ խնդիրը կարգավիճակն ու անվտանգության երաշխիքներն են։ Պատմությունը եւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը կարող է լինել բացարձակապես հայկական բանակը։ Եթե Արցախում չկա հայկական բանակ, չկան հայկական պետական ինստիտուտներ, որոնք պաշտպանելու են արցախցիների իրավունքները, ապա ռեալ պոլիտիկ դաշտում որեւէ վերադարձի մասին խոսելն անիմիաստ է»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
Նա միաժամանակ նշեց, որ որոշ քանակի արցախահայության վերադարձը ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի կարողանա միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր հայերն Արցախում անվտանգ ապրում են։ «Դա ձեռնտու է նաեւ միջազգային հանրությանը, որոնք լրացուցիչ ազդեցության լծակ կարող են ունենալ Ադրբեջանի վրա հայերի միջոցով։ Դա ձեռնտու է նաեւ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ այդպիսով կազատվեն արցախցիների ինչ-որ քանակից։ Բայց սա չի սպասարկում հայկական շահերը։ Այսինքն՝ Արցախ վերադարձ չպետք է լինի 10-20 կամ 100-200 հոգով։ Արցախ վերադարձը պետք է լինի զանգվածային եւ պետք է լինի այն պայմաններով, որոնց մասին ես խոսեցի»,- հավելեց մեր զրուցակիցը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: