Ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ողջ համալիրի խստիվ կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր տրամադրվածությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական վեհաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար։
Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Այս տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքների հանգեցնել ղարաբաղահայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջան էներգակիրներ մատակարարելու համար։