Ապրիլի 4-ին Հարութը կդառնար 50 տարեկան, կբարձրանար Խուստուփ եւ կպարեր․․․

  • 11:54 05.04.2024

Հարութը միգուցե և ամենահանճարեղ պարողը չէր, միգուցե և ամենահանճարեղ զինվորը չէր, բայց վստահ նա ամենահանճարեղ նվիրումի մարմնացումն էր, ամենանվիրյալը իր հարազատներին, իր ընկերներին, իր ազգային արժեհամակարգին ու իր ազգային արժանապատվությանն ու իհարկե ամենահանճարեղն էր Հայրենիքին իր նվիրումի մեջ,․․․

Հայրենիքի համար ամենաանվախը։ Այսպես է բնորոշել արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հարություն Ստեփանյանին նրա գաղափարական ընկեր, կնքահայր Գագիկ Գինոսյանը։

Ապրիլի 4-ին Հարութը կդառնար 50 տարեկան, կբարձրանար Խուստուփ, նժդեհյան ոգով կվերանորոգեր հայրենանվեր իր ուխտն ու մի լավ կպարեր, կպարեր, այդպես նշանավորելով իր ծնունդը։ Բայց եկել էր ուխտը ի կատար ածելու ժամը, ու Հարութը անվարան իր կյանքը զոհաբերեց վտանգված Արցախի փրկության բագինին։

Ապրիլի 4-ին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարասրահը նորովի բացեց իր դռները։ Վերանորոգված պարասրահը կրելու է Հարություն Ստեփանյանի հավերժացած անունը։ Այդպես էր ուզում պարի վարպետը, «Կարին» ընտանիքի մեծավորը՝ Գագիկ Գինոսյանը։ Ով ամենայն բծախնդրությամբ նախապատրաստվում էր Հարութի հոբելյանին․․․

Հարութը միայն «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի պարող չէր, նա խմբի տարեգիրն էր, նրա տեսախցիկը հավերժացրել է խմբի հաղթանակներն ու ձեռքբերումները, ինչու չէ, նաև անհաջողությունները։

Ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում բացվեց Հարություն Ստեփանյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Լուսանկարները ներկայացնում են «Կարին» համույթի համերգների ելույթ-ներկայացումները։ Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց Հարութի հիշատակին նվիրված համերգը «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների, «Թափառական» պարի համույթի, մենակատար Արսեն Համբարյանի և Բյուրեղավանի մշակույթի դպրոցի սաների մասնակցությամբ։

Միջոցառման մտահղացումը Գագիկ Գինոսյանինն էր, ով ճակատագրի հեգնանքով նույնպես բացակայում էր իր սանի, իր խրամատի անմահ զինվորի հոբելյանին, իսկ ո՞վ գիտե, միգուցե նրանք Խուստուփի գագաթին մյուս անմահների հետ մեր ազգի հավերժումի ծիսական պարն էին պարում Հայոց արևածագը բերելու համար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի արհավիրքը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կամավորների հետ Հարութին հասցրեց Մարտակերտի շրջան: Պատերազմի 21-րդ օրը չորս զինակից ընկերները՝ Հարութը, Արթուրը, Դավիթն ու Սևակը զոհվել են Տոնաշենի մատույցներում, որ Հայրենիքը կանգուն մնա։

Հավերժի ճամփորդներին Հայրենիք ենք պարտք․․․Անմահների փաղանգին Հայոց փառքի վերածնունդ․․․սերունդներին Արժանապատվություն։

Արմինե Հայրապետյան

 

 

f