Իսրայելը չի ​​ձևակերպել Գազայում գործողության վերջնական նպատակը, սակայն զորքերը դուրս է բերել Խան Յունիսից

  • 19:05 07.04.2024

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում չորս ամիս տեւած մարտերից հետո նրանք դուրս են բերել բոլոր ցամաքային զորքերը, որոնք մասնակցում էին ակտիվ գործողություններին գոտու հարավային հատվածից:

Պաղեստինյան անկլավի հարավային շրջաններում մնացել է միայն մեկ բրիգադ, որի խնդիրն է հսկել հատվածը բաժանող միջանցքը:

Իսրայելը ծրագրում էր շուտով ցամաքային հարձակում սկսել Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ ապաստանել են ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիներ: Անհասկանալի է, թե Խան Յունիսից զորքերի դուրսբերումն ինչպես կազդի այս ծրագրերի վրա։

ՄԱԿ-ը բազմիցս զգուշացրել է, որ Ռաֆահում ցանկացած գործողություն կարող է հանգեցնել հումանիտար աղետի:

«Ռազմական արշավն անընդհատ զարգանում է, և սա պատերազմի հերթական փուլն է», – BBC-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Պիտեր Լերները: «Քանի որ մենք ավարտեցինք մեր առաքելությունը Խան Յունիս շրջանում, տեղի ունեցավ զորքերի ռոտացիա»:

«Կարևոր է հասկանալ, որ մեր ուժերի քանակը նվազում է, բայց այն գործողությունների թիվը, որոնք պետք է իրականացվեն, ավելանում են։ «Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում չեն, որպեսզի պարզապես վերահսկողություն ստանձնեն Գազայի վրա, դա ոչ մի կերպ նպատակ չէ, նրանք այնտեղ են՝ ազատվելու Համասից և պատանդներին վերադարձնելու համար»: Այս մասին հայտնում է BBC-ն։

Իսրայելը չի ​​ձևակերպել Գազայում գործողության վերջնական նպատակը։ Դատելով առաջին շաբաթների զանգվածային ռմբակոծություններից՝ Իսրայելը մտադիր էր ստիպել Գազայի մեկուկես միլիոն բնակչությանը «կամավոր» լքել իրենց բնակության վայրերը։ Սակայն Գազայի բնակիչները պարզվեց, որ «համառ» են և չեն տարհանվել նույնիսկ մահվան սպառնալիքի տակ։ Հաղորդվում է, որ գործողության 6 ամիսների ընթացքում սպանվել է ավելի քան 33 հազար Գազայի բնակիչ։ Բայց բնակիչները չհեռացան, ավելին, Իսրայելն ինքը հիմա դուրս է բերում իր զորքերը։ Հո միլիոն մարդ չե՞ն կոտորի։

Ոչ ոք չգիտի, թե ինչպես է Իսրայելը մտադիր Պաղեստինում իշխանությունից հեռացնել Համասին։ Նեթանյահուի կառավարության դեմ Իսրայելում ցույցերը ցույց են տալիս, որ ոչ ոք լրջորեն չի հավատում Բիբիի այս նպատակին, ոչ էլ այն նպատակին, որ Իսրայելը կներքաշի Իրանին պատերազմի մեջ և «ոչնչացնի» նրան ԱՄՆ-ի ձեռքով: Այլեւս չեն հավատում իսրայելցի պատանդների վերադարձին և արաբների ամբողջական տեղահանման միջոցով պաղեստինյան հարցի “լուծմանը”՝ Արցախի օրինակով։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն լայնածավալ պատերազմ սկսեց Պաղեստինում հոկտեմբերի 7-ին այն բանից հետո, երբ ամբողջությամբ ավարտվեց Արցախի բնիկ բնակիչների բռնի տեղահանությունը, և այդ «օպերացիան» չվիճարկվեց միջազգային ատյաններում նույնիսկ պաշտոնական Երևանի կողմից։