Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի առողջապահության նախարարությանը կից մասնագիտական խորհրդի անդամ, բժիշկ Արամայիս Գալումյանը իր ելույթում նշեց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ, ահաբեկչություն է։ «Դա ահաբեկչություն է մի պետության կողմից, որը ոչ թե մասնավոր ահաբեկչական խմբավորում է, այլ ահաբեկիչ պետություն է։ Չտեսնված մի երևույթ է, երբ կարելի է 120 հազար մարդու շրջափակել, զրկել տարրական սննդի հնարավորությունից, առողջապական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Սա ի՞նչ է, եթե ոչ ահաբեկչություն։ Այստեղ պատասխանատու են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր մեծ պետությունները, որոնք աշխարհում կարգեր են հաստատում։ Մենք պահանջում ենք Արցախի բնակչությանն ապահովել սննդով, առողջապահական ծառայություններով, ճանապարհով և ամեն ինչով»,- հայտարարեց Արամայիս Գալումյանը։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը իր խոսքում նշեց, որ հայությունը չի կորցրել իր հույսը, որ փափուկ ուժով էլ կարող է Արցախը փրկել։ «ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարբերաբար ինձ անձամբ հիշեցնում է, որ իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում։ Հարց եմ տալիս՝ միթե տոտալ շրջափակման մեջ 2 մանկահասակ երեխաների մահը քաղաքականության արդյունք չէ՞։ Ինչո՞ւ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը մինչ օրս չի բարձրաձայնել, որ այսօր տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի հանդեպ ցեղասպանությունն ընթացքի մեջ է։ Այսօր Արցախը գտնվում է հյուծման միջոցով ցեղասպանության ընթացքի մեջ»։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պարտավոր է միջնորդ լինել Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի և մեր միջև և տեղ հասցնի նրանց, որ ՄԱԿ-ը կարիք ունի վարկանիշի փրկության։ ՄԱԿ-ը չպետք է մոռանա, որ ինքը իրավահաջորդ է Ազգերի լիգայի, որը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։ ՄԱԿ-ը պետք է տիրություն անի իր բազում կոնվենցիաներին, որոնցով այսօր Արցախի Հանրապետությունը դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետություն է»,- ասաց Ավագյանը։
Նա հավելեց, որ վերջերս ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնյաներին նամակներ են հղել, որում հիշեցրել են, որ առնվազն Արցախյան առաջին պատերազմից 820 հազար հայեր փախստական են դարձել, երկրորդ պատերազմից, ինչպես ֆիքսել է հենց ՄԱԿ-ը, 26 հազար 750 փախստական կա։ «Պահանջել ենք, որպեսզի ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը գա Հայաստան և տեղում հասկանա, թե ինչ մտահոգություններ ունեն հայ փախստականները։ Երկրորդ կետով դիմել ենք, որպեսզի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցով խորհրդականը տրամադրի տեղեկատվություն, թե ՄԱԿ-ը ինչ գործողություններ է անում Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ հյուծման միջոցով տարվող ցեղասպանությունը կասեցնելու և հետագայում այն կանխարգելելու համար»,- մանրամասնեց Մարիամ Ավագյանը։
Բողոքի մասնակիցները կգնան նաեւ Ռուսաստանի դեսպանատան մոտ։