Լեոյի 100 տարի առաջ գրված հոդվածը․ Առանց Ղարաբաղի և Զանգեզուրի կյանք չպիտի ունենա Երևանը

  • 09:27 10.04.2024

Լեոյի ներքոբերյալ  հոդվածը  գրվել է 100 տարի առաջ, բայց շատ արդիական է, խորհրդատվական։ Լեոյի մտքով երևի չանցներ, որ թաթարները մի օր կտիրանան Ղարաբաղին ու տարածքը կզրկեն բնիկներից, բայց Լեոն շատ կուզենար, որ այս պարզ ճշմարտությունը հասկանար համայն հայությունը։ Որ միասնական հայությունը կարողանար հնարավորինս շուտ շտկեր իրավիճակը ու փրկեր ոչ միայն հող հայրենին այլև Հայոց ինքնիշխան պետությունը։ Իսկ դա դեռ հնարավոր է․․․ Փորձենք ականջալուր լինել մեր մեծերին։

 

Հայաստանի համար Ղարաբաղի հարցը կյանքի և մահվան հարց է: Կարո՞ղ է Հայաստանը ապրել առանց Ղարաբաղի:

-Ոչ, չէ կարող:

Եվ այս չափազանցություն չէ: Հայոց ամբողջ պատմությունն է հաստատում այս: Ներկայումս ամեն մեկը համոզվեց, թե պատմությունն անսխալ է և անողոք: Լեո, 100 տարի առաջ

Բնությունը մի հսկայական պատ է քաշել՝ Հայաստանը մերձկասպյան տափաստաններից բաժանելու համար: Այդ հսկայական պատի հյուսիսային կողմը Ղարաբաղն է, հարավայինը՝ Զանգեզուրը. դժվարամատչելի լեռնաստաններ, բնակեցված քաջ հայ ազգաբնակչությամբ: Ահա թե ինչպես է բնությունը պաշտպանում Հայաստանը այն հորդաններից, որ Կասպիական անհուն տափաստաններով շարժվում են նրա դեմ:

Լեռները բավական չեն, մարդիկ էլ են նստած այդ պաշտպանական գծի վրա, որ առաջից այդ մարդկանց չէր կարող և ոչ մի բան պաշտպանել:

Ղարաբաղն ու Զանգեզուրը իրար հետ կապված են, իրար լրացնում են, իրարով են ապրում: Մեկն առանց մյուսի թույլ է, չի կարող պաշտպանվել անջատապես: Իսկ երկուսով միասին Հայաստանի հզոր թիկունքն են:

Ադրբեջանը շատ լավ է հասկանում այս: Եվ առանց որևէ իրավունքի, հակառակ ամեն մի արդարության, ուզում է ուժի միջոցով խլել հայոց այս երկու կարևոր երկրները: Այն օրը, երբ նա հաջողացրեց այդ բռնակալական հափշտակությունը, Հայաստանի մեջքը կոտրած է և թաթարական հանրապետությունը կարող է նրան թելադրել իր հրամանները:

Ղարաբաղն ու Զանգեզուրն են, որ բաժանում են Ադրբեջանը Նախիջևանի թրքությունից: Այն օրը, երբ վերանա այդ բաժանարար անջրպետը, Հայաստանը երեք կողմից սեղմված կլինի թաթարական օղակի մեջ և կխեղդվի երկաթե սեղմիչների մեջ:

Ղարաբաղն ու Զանգեզուրը Արարատյան դաշտի, այսինքն Հայաստանի սրտի միջնաբերդն են: 5-րդ դարում, Ավարայրի դժբախտ ճակատամարտից հետո, Արարատյան երկրի ազգաբնակչությունը, հաղթական պարսիկների հալածանքներից խույս տալով, ամրանում էր Արցախի, այսինքն Ղարաբաղի անտառապատ լեռներում: Իսկ նոր ժամանակներում ամեն անգամ, երբ օսմանցիները մտցրել են իրենց զորքերը Քանաքեռի և Զանգուի հովիտները, ազգաբնակչությունը փախել է Ղարաբաղի ու Զանգեզուրի լեռները, ապաստանել է այստեղ, մինչև պատերազմական փոթորիկի անցնելը: Ահա այս հզոր պատվարը, Հայաստանի այս վիթխարի միջնաբերդն է, որ ինչ գնով էլ լինի ուզում է հափշտակել Ադրբեջանը:

Ռազմագիտական նշանակության կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը մշտապես Հայկական բարձրավանդակին են պատկանել՝ սկսած այն օրից, երբ Հայաստանը դարձավ մի միացած ու ամբողջացած պետություն, այսինքն՝ քրիստոնեության առաջին դարից:

Այսօր Ադրբեջանը խլել է ուզում մի երկիր, որ ամբողջ 20 դար հայության սեփականություոնն է եղել: Եվ այդպիսի բռնության նա դիմում է, չունենալով ոչ մի իրավունք, նույնիսկ պատմական տեսակետից: Եթե Հայաստանի մեջ կա մի անկյուն, ուր թաթարը տիրող չի եղել, դա հենց Ղարաբաղն է: Նրա քաջարի հայ ազգաբնակչությունը դարերով պահպանեց ազգային իշխանության, ազգային անկախության գաղափարը:․․․

Ղարաբաղը միապաղաղ հայ ազգաբնակչություն ուներ և թուրք տարրը այնտեղ շատ աննշան էր: Շահնազարը, մյուս մելիքներին վնասելու համար, Փանահ անունով մի թափառական թուրքի հետ միացավ ու մտցրեց նրան իր երկիրը: Այս ժամանակից է սկսվում Ղարաբաղի խանությունը: Շուշիի բերդը՝ Ղարաբաղի կործանման բուն պատճառը, շինվեց 1754-ին, իսկ 1806-ին այնտեղ մտնում են ռուսական զորքերը: Այսպիսով, Ղարաբաղի խանությունը գոյությունը պահպանել է ընդամենը 50 տարի: Եվ այս ամբողջ ժամանակը խաները հանգիստ չէին նստած իրենց տեղը, այլ ստիպված էին պատերազմել մելիքների դեմ, որոնք չէին ընդունում նրանց իշխանությունը և հերոսական ջանքեր էին անում իրենց տիրապետական իրավունքները պաշտպանելու համար: Այդ 50-ամյա մաքառումներին վերջ դրեց ռուսական տիրապետությունը, որը բերել էին հայերը, բայց հենց առաջին քայլից հանդիսացավ նրանց վերաբերմամբ խարդախ և խաբեբա:

Բոլոր այս պատմական փաստերը կարելի է ապացուցել նույնիսկ թուրքական աղբյուրներով: Ղարաբաղի պատմությունը գրել են երկու թուրք՝ Միրզա Ադիգեոզալը և Միրզա Ջամալը: Նրանք մեկիկ մեկիկ ցույց են տալիս, թե երբ և ինչ թուրքական ցեղեր են խաները գաղթեցրել Ղարաբաղ: Նրանք էլ ապացուցում են, որ 50 տարուց ավել չի տևել եկվոր, օտար այդ տարրերի տիրապետությունը Ղարաբաղում: Այս տիրապետությունը ոչինչ չի ապացուցում, որովհետև հայերը այն չեն ընդունել, պայքարել են նրա դեմ իրենց ամբողջ ուժով, մինչև որ ռուսները եկել են, իբրև 3-րդ՝ դրսի ուժ և տիրապետել:

Երբ ռուսները թողին երկիրն ու հեռացան, Հայկական Ղարաբաղը կանգնեց իր հին դիրքերի վրա, իր ձեռքն առավ իր երկրի կառավարությունը: Վերանորոգվեց հին արյունոտ պայքարը:

Օսմանյան զորքերը թեև մտան Շուշի, բայց ամբողջ գավառը զինված ոտքի կանգնեց և նույնիսկ ոչնչացրեց օսմանյան մի գումարտակ: Մնացածն արդեն շատ հայտնի է:

Անգլիացիները հեռանալով Կովկասից, այնուհետև Ղարաբաղը գտնվում է ոճրագործ Սուլթանովի ճանկերում: Օրն օրին վատանում է դրությունը այդ հերոսական լեռնաստանում: Արդեն անմեղ արյուն է հոսում այնտեղ: Իսկ ի՞նչ կլինի վաղը…

Այս է Ղարաբաղի հարցը:

Ամենածանրն այն հարցերից, որոնք դրված են այս դժբախտ ժամանակներում հայության առաջ: Եվ հայությունը պիտ վճռե այն հօգուտ իր:

Այսպես է հրամայում պատմությունը: Այսպես է հրամայում արդարությունը: Այսպես է հրամայում ինքնապաշտպանության զգացմունքը:

Թող չմոռացվի. – առանց Ղարաբաղի և Զանգեզուրի կյանք չպիտի ունենա Երևանը:

(«Ժողովուրդ», Երևան -1920թ, մարտի 12 , Հ-36:)

 

f