Դահրավ գյուղից 3,5 կմ հարավ-արևմուտք, բարձրադիր անտառապատ լեռան գագաթին մի փոքրիկ մատուռ-եկեղեցի է կանգնած, որը գյուղացիների համար յուրահատուկ սրբավայր է։
Տեղազննումներով պարզվել է, որ այստեղ հնագույն ժամանակներում եղել է մի նշանավոր սրբավայր, որի վրա զարգացած միջնադարում կառուցվել է միանավ եկեղեցի, իսկ վերջինիս ավերակների վրա էլ 1868թ. ներկայիս մատուռ-եկեղեցին:
Ըստ արձանագրության, մատուռ-եկեղեցին նվիրված է նահատակ Սառայի հիշատակին, գյուղացիները սրբատեղին անվանում են Նահատակի սորփ։ Այն կառուցել են Հարություն Խաչատուրյան- Կլիկյանցը իր եղբայրների հետ, որի մասին վկայում է մուտքի ճակատակալ քարի արձանագրությունը․ ,,1868 թվին այս սբ Սարայի նահատակի մատորն շինէց Յարութիուն Խաչատուրեան Կլիկեանց իւր եղբօրց հէտ,,։
Մատուռ-եկեղեցին կառուցված է տարբեր չափերի խառն ու անտաշ քարերով ու կրաշաղախով, իսկ որպես անկյունաքարեր օգտագործվել են նաև կոպտատաշ մեծադիր քարեր: Այժմ թիթեղապատ է։
Խորանի առջև դրված է մի մեծ, ցավոք ջարդված խաչքար, որի վերնամասը կողքին է։ Բնակիչների վառած մոմերից խաչքարի քանդակներն ու զարդանախշերը գրեթե չեն երևում։
Հավանաբար այս և մուտքի մոտ գտնվող խաչքարն այստեղ են բերվել եկեղեցու հյուսիսային մասում գտնվող 11-13-րդ դարերի գերեզմանոցից։
Դատելով տեղ-տեղ պահպանված 1 մետր լայնությամբ պատաշարի մնացորդներից, գալիս ենք այն եզրակացության, որ սրբավայրը ժամանակին պարսպապատ է եղել։ Եկեղեցու հյուսիսային ու հյուսիս-արևմտյան կողմերում տարածվող գերեզմանոցում պահպանվել են 11-13-րդ դարերի մի քանի տասնյակի հասնող խաչքարեր։ Իսկ արևմտակողմ հատվածներում նշմարվում են բնակատեղիի հետքեր՝ տնատեղերի փոսորակներով ու առանձին պատերի մնացորդներով:
Երևում է, ժամանակին այստեղ ակտիվ կյանք է վարվել։ Ափսոս որ տարածքը բավականաչափ ուսումնասիրված չէ, այն կարող էր հարուստ նյութ հանդիսանալ թե՛ Դահրավ գյուղի և թե՛ տարածաշրջանի պատմության ուսումնասիրման համար։
Արցախի բռնազավթումից հետո հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: