Պիեռ դ՛Արժան․ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ սա էթնիկ կոնֆլիկտ է

  • 15:03 16.04.2024

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթանում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։

Պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանն իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի առարկությունները Հայաստանի պահանջների մեծ մասի նկատմամբ կիրառելի չեն։ Երեկ դատարանում Ադրբեջանը ներկայացրել է իր առարկությունները։

«Ադրբեջանի սխալ տարբերակումը կոնվենցիայի ներքո բացարաձակապես անէական է եւ իմաստազուրկ, քանի որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ, որոնք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ շատ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանում ներակայացված կոնֆլիկտը էթնիկ կոնֆլիկտ է, էթնիկ հակամարտություն, ուստի, այս հակամարտությունը շարքային միջպետական կռիվ չէ եւ պատերազմ չէ՝ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների։

Ադրբեջանը պնդում է, թե իբրեւ այս կոնֆլիկտի շրջանակում կան առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Բայց այս հակամարտությունն էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ «տարածքային ամբողջականության» ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Լեռնային Ղարաբաղի՝ իրենց նախինների պատմական հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը եւ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է «ազատագրման պատերազմ» կամ «հայրենական պատերազմ»։

Այդ գործողությունները պարունակել են խտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ նաեւ մարտական գործողությունների շրջանակում»,- ասաց Պիեռ դ՛Արժանը։

Նրա խոսքով, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այս պատերազմի միջոցով Ադրբեջանն ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը․ «Ադրբեջանը, ազգային իր պատմույթի համաձայն, իբրեւ «ազատագրել» է՝ 2020 թվականի վերջին մղելով պատերազմ եւ հետո աստիճանաբար խեղդել Լեռնային Ղարաբաղը, մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի վերջին հարվածը, երբ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը դուրս մղվեց Լեռնային Ղարաբաղից։ Ահա, սա էր իրենց նպատակը՝ էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելը»