«Ալիեւը պարբերաբար էթնիկ հայերին նկարագրել է որպես «վանդալներ», «ավազակներ» եւ «ֆաշիստներ», որպես «վայրի գազաններ», «գիշատիչներ» եւ «վայրի ցեղեր»։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հայերն ամբողջ աշխարհում Ադբեջանի հիմնական թշնամին են։ Ալիեւը նաեւ խոստացել է, որ «Ադրբեջանի բանակը կքշի հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս, ինչպես շներին»։ Այս եզրույթը նաեւ օգտագործվել է Ադրբեջանի այն զինծառայողների կողմից, ովքեր էթնիկ հայերի նկատմամբ բռնություններ են գործել»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց պրոֆեսոր Շոն Մըրֆին։
Նա նաեւ էթնիկ զտման այլ փաստեր ներկայացրեց․ «Ալիեւը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում» եւ «վերջին մաքրում»։ Ամենաբարձր պաշտոնյաների կողմից այսպիսի հայտարարություններն ակնհայտորեն իրենց բնույթով էթնիկ են, եւ փաստերն ապացուցում են, որ այս էթնիկ ատելությունը պետական քաղաքականություն է։ Եվ ընդհանուր վերցված ռասայական հիմունքներով թշնամանքը, որն ամբողջ աշխարհի էթնիկ հայերի նկատմամբ է, հանգեցնում է այն բռնի գործողություններին, որոնք այս դատավարության սրտում են։ Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ էթնիկ հայ լինելը ոչ միայն երկրորդական կամ կողմնակի գործոն է եղել, այլ եղել է կոնկրետ ռասայական ատելության կանոնավոր քաղաքականություն»։
«Ադրբեջանը դատարանից ցանկանում է ստանալ որոշում առ այն, թե Ադրբեջանի կողմից էթնիկ հայ զինվորականների նկատմամբ որեւէ բռնություն՝ կապված մարտական գործողությունների հետ, անգամ եթե դա ուղեկցվել է ծայրահեղ ատելությամբ եւ ռասայական հռետորաբանությամբ, չի կարող առաջացնել Խտրականության վերացման բոլոր ձեւերի վերցման մասին կենվենցիայի խախտում։ Դա պարզապես անհնար է, դա չի կարող ճիշտ լինել, հնարավոր չէ, որ այս կոնվենցիան որեւէ կապ չունենա այն էթնիկ հայ զինվորականների հետ, ովքեր վիրավոր ընկած էին գետնին, եւ նրանց գնդակահարում էին գլխից՝ կրակելով մի քանի անգամ։ Մենք հիշում ենք, որ Ադրբեջանում բացվեց «ռազմավարի պուրակը»։
Հարց պետք է տալ՝ մարտական գործողությունների մասնակիցները սովորաբար կառուցո՞ւմ են նման հասարակական պուրակներ՝ թշնամու զինվորներին ներկայացնելով նվաստացած վիճակում եւ դեմքի ուռճացված արտահայտություններով, որոնք ակնհայտորեն ռասայական լարերի վրա են խաղում։ Ո՛չ, չեն անում, իսկ Ադրբեջանն անում է։ Դատարանը հիշում է թերեւս, որ այդ պուրակն անձամբ բացեց նախագահ Ալիեւը։ Այդ ռասիստական մանեկեններն արագորեն հանվեցին Ադրբեջանի կողմից դատարանի առաջին պայմանական միջոցի քննության ժամանակ։
Պատասխանողը դրանից ավելի լավ չէր կարող խոստովանել, որ հայ զինվորականների նկատմամբ իր վերաբերմունքը սովորական թշնամանքով եւ մարտական վերաբերմունքով չէր պայմանավորված, այլ ռասայական թշնամանքով էր մոտիվացված։ Մի բան, որն արգելված է սույն կոնվենցիայով։ Ռասիստական այս ծաղրանկարների հեղինակները հպարտորեն հայտարարում են՝ «մենք փորձել ենք ստեղծել ամենատգեղ կերպարները, մենք սովորաբար փորձում ենք գեղեցիկ գործեր անել, բայց այժմ հակառակն է։ Դա երկար եւ ծանր գործընթաց էր, մենք նրանց տվել ենք կեռ քթեր, տափակ գլուխներ», մեջբերման ավարտ։
Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակիցները զինված հակամարտության շրջանակում զինվորներին տալի՞ս են տարբերանշաններ, որոնց վրա գրված է՝ «հայ, մի՛ փախիր, այսպես թե այնպես մեռնելու ես»։ Ոչ, չեն անում, սակայն Ադրբեջանը դա անում է։ Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակցիները զինված հակամարտությունից հետո հրապարակո՞ւմ են նամականիշներ, որոնցում ներկայացված է, թե ինչպես է զինվորը ժողովրդին «մաքրում» հակամարտության տարածաշրջանից։ Ոչ, չեն անում, իսկ Ադրբեջանն արել է, եւ այդ նամականիշներն այնքան աղաղակող էին, որ Միջազգային փոստային միությունը հրաժարվեց գրանցել դրանք»։
Ըստ նրա՝ այսպիսի հայատյացությունը մի ոճրի մաս է կազմում, որը հանգեցնում է բռնության, ազատազրկման կամ անհետացման, եւ Հայաստանի՝ դատարան ներակայացրած հայցերը ճշմարիտ են ու կարող են համարվել այս կոնվենցիայի խախտում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: