Հուշարձանների օրը՝ առաջին անգամ Արցախից դուրս․ «Հիշատակարան»-ը գույքագրում է ժառանգությունը

  • 15:04 18.04.2024

«Հիշատակարան» կայքը ներկայացնում է հիշատակություններ մեր դարավոր ու վտանգված ժառանգության մասին։

Ապրիլի 18ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, առաջին անգամ Արցախի հուշարձաններին, նրա տեսարժան վայրերին կանդրադառնանք Արցախից հեռու։

Իսկ Արցախում մնացած ժառանգությանը պետք է անդրադառնալ, խոսել, քննարկել ամեն օր, քանզի Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներից հետո տարբեր մեթոդներով անցել է տարածքում հայկական հետքի վերացմանը, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելով, կամ օտարելով, պատմական ու տեսարժան վայրերը վերափոխելով։ Արցախի պատմամշակութային ժառանգությունն այսօր առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի, և պետք է ի գործ դնել բոլոր հնարավոր միջոցները։

44-օրյա պատերազմից հետո Արցախի հուշարձանների հանրահռչակման, խնդիրների ահազանգման, տեղեկությունների ու տվյալների հավաքագրման տարբեր հարթակներ  ու կայքեր են ստեղծվել, այդ շարքում հատկանշական է «Հիշատակարան Հայկական Մշակութային ժառանգության» ոչ պետական, անկախ գիտական հասարակական կազմակերպության և վերջինիս աշխատանքները ներկայացնող կայքէջի ստեղծումը https://hishatakaran.org/։

Այն Արցախի նյութական, մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրման մի ծրագիր է, որը ստեղծվել է 2023 թվականի հունիսին և որի նպատակն է ուսումնասիրել ու վավերացնել Արցախի Հանրապետության բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանները։

Ըստ ծրագրի հեղինակ ու ղեկավար Աննա Լեյլոյան–Եկմալյանի (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ) նպատակը՝ հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանելն է դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակման և Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է Արցախի Հանրապետության ողջ տարածքի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

«Պակաս կարևոր չէ նաև ամբողջական փաստագրմամբ այդ հարուստ ժառանգությունը փոխանցել հետագա սերունդներին»,- հավելում է տիկին Լեյլոյան–Եկմալյանը։ Մենք թիմային աշխատանք ենք կատարում, ու ես դա չափազանց շատ եմ կարևորում, որովհետև ցանկացած գործ բոլորինս է և յուրաքանչյուրս ամենայն բծախնդրությամբ ու սրտացավությամբ ենք վերաբերվում մեր առաքելությանը։

Հուշարձանների գիտական փաստագրման մեջ ընդգրկված են Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը, Աշխեն Պետրոսյանը, Արմինե Հայրապետյանը, իսկ կազմակերպչական գործերը ստանձնել է Գագիկ Հակոբյանը: Խմբի աշխատանքները սատարում են նաև “Հիշատակարանի” հիմնադիր անդամներ Հարություն Եկմալյանն ու Սեդա Մանուկյանը, ինչպես նաև կամավոր` Հայկուհի Գևորգյանը, նշում է Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Ծրագիրը զուգորդաբար հովանավորում են  ALIPH (Alliance international pour la protection du patrimoine dans les zones de conflits) և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամները։ Ծրագիրն իրականացվում է INALCO հիմնադրամի (Fondation INALCO, Ֆրանսիա) և ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ հասարակական կազմակերպության (Հայաստան) աջակցությամբ և ջանքերով։

Հիշատակարան՝ անցյալի հիշատակները պարունակող գրվածք, խոսք՝ պատմության խոսքը։ Կայքի անվանումն ինքնին շատ խոսուն  ու համապարփակ է, բովանդակությունը համահունչ։ Այն Արցախի հուշարձանների գիտական գույքագրման յուրօրինակ ու շատ կարևոր փորձ է այս դժվարին ժամանակներում։

Կայքը բավական  հետաքրքրական է  իր արտաքին տեսքով ու բաժիններով։ Այս պահին այն մի քանի տասնյակ հուշարձան է ներկայացնում, սակայն ժամանակի ընթացքում Արցախի պատմամշակութային ժառանգության մի յուրօրինակ բազա կդառնա թե՛ մասնագետների, թե՛ հուշարձանասերների համար։

Հուսանք, ժամանակի ընթացքում աշխատանքային թիմը հնարավորություն կունենա հուշարձանները վավերագրել տեղում՝ Արցախում։

Արմինե Հայրապետյան

f