ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտի վրա

  • 10:36 19.04.2024

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև ուղղակի բանակցությունների միջոցով պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից՝ Պաղեստինի ինքնավարությանը ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության քվեարկության ժամանակ: ԱՄՆ-ը դա բացատրեց նրանով, որ անկախ Պաղեստին պետությունը պետք է ստեղծվի Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև ուղիղ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ՄԱԿ-ի գործողությունների միջոցով:

Միացյալ Նահանգները վետո դրեց այն բանաձևի նախագծի վրա, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկում էր «Պաղեստին պետությունն ընդունել ՄԱԿ-ում»: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 12 անդամները կողմ են քվեարկել։

Պաղեստինի ինքնավարությանը ներկայումս շնորհված է ոչ ՄԱԿ-ի դիտորդ պետության կարգավիճակ: Պետականության փաստացի ճանաչումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից տեղի է ունեցել 2012թ.։ Սակայն ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության դիմումը պետք է հաստատի Անվտանգության խորհուրդը, իսկ հետո՝ Գլխավոր ասամբլեայի առնվազն երկու երրորդը:

Պաղեստինցիները ՄԱԿ-ին լիարժեք անդամակցելու համար մղվում են Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վեցամսյա պատերազմի, ինչպես նաև օկուպացված Արևմտյան ափում Իսրայելի բնակավայրերի ընդլայնման ֆոնին:

«Վերջին էսկալացիան ավելի կարևոր է դարձնում Իսրայելի և լիովին անկախ, կենսունակ և ինքնիշխան Պաղեստին պետության միջև կայուն խաղաղության հասնելու անկեղծ ջանքերին աջակցելը», – հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդի նիստում ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Երկու պետությունների լուծման ուղղությամբ առաջընթացին խոչընդոտելը միայն կբարձրացնի անկայունությունը և ռիսկը հարյուր միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում, ովքեր կշարունակեն ապրել բռնության մշտական ​​սպառնալիքի ներքո», – ասաց նա:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ասել է, որ պաղեստինցիները չեն համապատասխանում ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության չափանիշներին, որոնք նա նկարագրել է որպես մշտական ​​բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

«Ո՞ւմ է խորհուրդը ցանկանում ճանաչել [որպես պետություն] և նրան [ՄԱԿ-ի] լիիրավ անդամի կարգավիճակ տալ։ ՀԱՄԱՍ-ը Գազայո՞ւմ, Պաղեստինյան Իսլամական Ջիհադ Նաբլուսո՞ւմ, ո՞ւմ», հարցրեց Էրդանը Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս։

Նա ասել է, որ պաղեստինցիներին ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության տրամադրումը «ոչ մի կողմի համար դրական արդյունք չի բերի, դա միայն ավերածությունների կհանգեցնի գալիք տարիների ընթացքում և վնաս կհասցնի ապագա երկխոսության ցանկացած հնարավորությանը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկար ժամանակ պաշտպանել է երկու պետությունների տեսլականը, որոնք ապրում են կողք կողքի ապահով և ճանաչված սահմաններում: Պաղեստինցիները ցանկանում են իրենց սեփական պետությունը Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում՝ բոլոր այն տարածքներում, որոնք Իսրայելը գրավել է 1967 թվականին:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հատուկ բանագնաց Զիադ Աբու Ամրն ավելի վաղ հարցրել է ամերիկացի պաշտոնյային. «Ինչպե՞ս դա կարող է վնասել պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության հեռանկարներին: Ինչպե՞ս կարող է այս ճանաչումը և այս անդամակցությունը վնասել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»:

«Նրանք, ովքեր ձգտում են շեղել և կանխել նման բանաձևի ընդունումը… չեն նպաստում պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարներին», – ասել է նա Անվտանգության խորհրդում:

Աբու Ամրն ասել է, որ Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին լուրջ քաղաքական բանակցությունների այլընտրանք չէ։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Air Force One-ում լրագրողներին ասել է, որ սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների վիրտուալ հանդիպումը: Օրակարգում ընդգրկված է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա հարձակում սկսելու Իսրայելի ծրագրերի քննարկումը և Իրանի դեմ պատասխան գործողությունների հնարավորության հարցը:

Նախագահ Ջո Բայդենը Իսրայելին կոչ է արել լայնածավալ հարձակում չանցկացնել Ռաֆահում՝ Գազայում պաղեստինցի խաղաղ բնակչության հետագա զոհերից խուսափելու համար։