Ալմա-Աթայի փաստաթղթում գրված է «գոյություն ունեցող սահմաններով», եւ Ադրբեջանի այդ գոյություն ունեցող սահմաններում Արցախը չի եղել

  • 12:15 23.04.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Պարո՛ն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, փորձում է առաջ մղել այն թեզը, թե իբր միջազգային հանրությունը, որը ստեղծել է «ինքնորոշում» եզրույթը, նկատի է ունեցել, որ ԼՂ ժողովրդի  ինքնորոշման իրավունքը պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։ Այդպե՞ս է, միջազգային հանրությունն ի՞նչ նկատի ունի՝ ասելով ինքնորոշման իրավունք։

-Եվրոպան իրոք այդտեղ մեղք ունի, դա այն է, որ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը ո՛չ հաստատված սահման է ունեցել, ո՛չ ինքնորոշված է եղել, ո՛չ էլ անկախության հանրաքվե է անցկացրած եղել։ Այնինչ, Արցախը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին արդեն իսկ հանրաքվեով ինքնորոշված էր։ Իսկ Ալմա-Աթա գնացած Ադրբեջանը հանրաքվե չի արել, բայց Եվրոպան նրան ասել է՝ մի հանրաքվե արա գոնե։ Եվ հանրաքվե է արել Ալմա-Աթայից հետո, որին Արցախը չի մասնակցել, որովհետեւ ինքն արդեն հանրաքվե անցկացրել ու անկախացել էր։ Նիկոլը դա պետք է իմանա՝ միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը։ Նիկոլը թող դա ասի, ոչ թե այն, թե ինչպես է Եվրոպան միտված եղել ճանաչելու այս Ադրբեջանը որպես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Ալմա-Աթայի փաստաթղթում գրված է «գոյություն ունեցող սահմաններով», եւ Ադրբեջանի այդ գոյություն ունեցող սահմաններում Արցախը չի եղել, թող դա ասի։ Եվ ոչ էլ այս չորս «անկլավներն» են եղել նրա գոյություն ունեցող սահմանները, որովհետեւ Հայաստանն անցկացրել էր անկախության հանրաքվե, բայց Ադրբեջանը չէր անցկացրել։

Այսինքն՝ գլխավոր միտքը սա է՝ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով չի պատկանում Ադբեջանին։ Ինչո՞ւ է այդ մասին Նիկոլ Փաշինյանը համառորեն լռում։ Եվ եթե դու գնում ես Եվրոպա, ինչո՞ւ չես ասում՝ իմ ժողովուրդն այս հարցը տալիս է, ես ի՞նչ պատասխանեմ։ Այսինքն՝ ինքը պետք է հնչեղություն տա այն հարցին, որ ԼՂ-ն միջազգաին իրավունքով չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը։ Այո՛, դրսի ուժերը շահագրգռված են եղել, որպեսզի ԽՍՀՄ-ը հեշտ, ըստ միութենական հանրապետությունների բաժանվի։ Սակայն այդ հարցում Ադրբեջանն առանձնանում էր, որովհետեւ Ադրբեջան կոչված հանրապետություններից ոչ մեկի սահմաններում մինչեւ Ալմա-Աթան ոչ մի անգամ ինքնորոշման ակտ չի եղել, ոչ մի անգամ անկախության հանրաքվե չի եղել։ Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ ի դեմս ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարի, ինքնորոշվել էր։ Եվ ինքնորոշվել է ոչ ռուսական կայսրությանը պատկանող տարածքներում, որովհետեւ կայսրությունը փլվել էր, ոչ էլ Ադրբեջանին պատկանող տարածքներում, որը կայացած պետություն չէր։

Արցախն ինքնորոշվել է միայն իրեն պատկանող տարածքներում։ Ինչո՞ւ Փաշինյանը դա չի ասում, եթե Եվրոպան այդպես է ցանկացել, դու պետք է լռե՞ս։ Եվ սա այն դեպքում, երբ այսօրվա Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Այսքանը հերիք է ասելու, որ այս տարածքների հետ նրանք կապ չունեն։

-Իշխանությունները հիմա էլ որոշել են Տավուշի չորս գյուղերը հանձնել Ադրբեջանին՝ փորձելով հիմնավորել, որ դրանք հայկական գյուղեր չեն։ Մեջբերում են Ալմա-Աթայի հռչակագիրն ու ԽՍՀՄ քարտեզները։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Այդ քայլերով խաղաղություն չի լինելու, նրանք լեռ առ լեռ մտել են հայկական տարածքներ, չի ասում՝ դուրս եկեք, հետո այդ հարցը կլուծենք։ Ինչո՞ւ չի խոսում Արծվաշենի մասին, պետք էր ասել՝ փոխանակեք, բայց անընդհատ ասում է՝ եկեք վերցրեք։ Ինչքան հարցերը զիջումներով ու առանց պատերազմի լուծվի, Եվրոպայի ու Արեւմուտքի համար ձեռնտու է, որովետեւ իրենք փող չունեն։ Բայց եթե իրենք դա են ասում, դու պետությո՞ւն չես, որ քո ճիշտ միտքն ասես։ Դրանք այն տարածքներն են, որոնք իբրեւ թե խորհրդային Ադրբեջան են, բայց Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից։ Ավելին, ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում ո՛չ տարածքներ են նշված, ո՛չ սահմաններ։ Եվ առանց իրավական ինքնության Ադրբեջանը գնացել է Ալմա-Աթա՝ որպես ոչինչ։

Անընդհատ նրանց օգտին խոսելը սա մի խայտառակ բան է։ Ասում է՝ կանչեք այդ գյուղերի գյուղապետերին։ Սա պետություն է, ի՞նչ գյուղապետ, դա պետական տարածք է։ Միլիոնավոր տարածքներ կան, որտեղ Ադրբեջանը չի ապրում, բայց ասում է՝ սա իմն է, ինչո՞ւ ես դու շարունակաբար հանձնում։ Ադրբեջանն օկուպացրել է նաեւ Արծվաշենի չուրս կողմը, սարքել անկլավ, բայց նախկինում այդպես չի եղել։ 1927-1928 թվականների քարտեզներում ու Սովետական մեծ հանրագիտարանում նկարված է Հայաստանի պաշտոնական քարտեզը, որտեղ ՀՀ կազմում ներառված են նաեւ «Ալ լճերը»։ Ադրբեջանցիները ապօրինի ձեւով յուրացրել են ՀՀ տարածքները, բայց այս մարդը չի ասում՝ եկեք իրավական հիմքերը նայենք, տեսնենք դա ո՞ւմն է։ Իր նպատակը միայն զիջելն է։ Դե թող ադրբեջանցիները Ջերմուկից հեռանան, ո՛չ այդ «անկլավները», ո՛չ էլ մյուս տարածքներն իրենցը չեն, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից։

Ի՞նչ լուծում եք առաջարկում այս իրավիճակում։

-Ես կարծում եմ, որ պետք է բարձրացվի Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ այս բոլոր հարցերը կփակվեն։ Լեռնային Ղարաբաղը չի պատկանում ադրբեջանական մերօրյա հանրապետությանը, եւ դա պետք է քաջաբար ասվի։ Ցեղասպանությամբ է ԼՂ ժողովուրդը դուրս եկել, նրանք կամավոր չեն լքել Արցախը։ Երբեմն եվրոպական քաղաքական գործիչներն ասում են՝ «Լեռնային Ղարաբաղը մեզ համար Ադրբեջան է»։ Այ մարդ, կա միջազգային իրավունք, ի՞նչ է նշանակում՝ «մեզ համար»։ Չենք կարողանում բարձր դիվանագիտական լեզվով միջազգային իրավունքը ներբերել մեր այսօրվա հարցերի լուծման համար, եւ մեր խնդիրներն այդտեղից են գալիս։

Ռոզա Հովհաննիսյան